Հայկական կողմը Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ից պատասխան է ակնկալում առաջիկա տասնօրյակում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 11, 2013 11:44

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագրոծ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի քննության վերաբերյալ հայկական կողմը որոշում է ակնկալում առաջիկա տասնօրյակում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի և Սաֆարովի գործողություններից տուժած մյուս հայ սպա Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ՄԻԵԴ-ի կողմից նախնական պատասխաններ կլինեն առաջիկայում։ «ՄԻԵԴ-ը պետք է որոշի նաև, թե ինչ հիմունքներով է քննելու գործը։ Բանավոր ընթացակարգի դեպքում հայկական կողմը ևս պետք է ներկա գտնվի գործի քննությանը»,-ասաց Սահակյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնականում դատական գործի քննությունը իրականացնում է գրավոր ընթացակարգով։ Փաստաբանը նշեց, որ հայկական կողմի գանգատի քննությունը կարող է տևել մինչև մեկ տարի, թեև ՄԻԵԴ-ում գործի քննությունը միջինը 2-4 տարի է տեւում։ «Մարգարյանի գործը կլինի առաջնահերթությունների շարքում, եւ դատարանն ավելի արագ կզբաղվի դրանով»,- հավելեց նա։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված մյուս սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները փետրվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկում են Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը:

Ռամիլ Սաֆարովը 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել: Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply