«Մեղքի զգացումը Ձեզ տանջո՞ւմ է, տառապո՞ւմ եք». Փոստանջյանը` Տիգրան Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 21:16

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ երեկ նախագահական նստավայրում կառավարության հրաժարականը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմքի արտահայտությունը խիստ տխուր էր եւ մտահոգ: «Արդյո՞ք այդ մտահոգությունն արդյունք է այն բանի, որ հանձնում եք մի կառավարություն, որը թողել է 36 տոկոս աղքատություն, 39 տոկոս տնտեսության ստվեր, 200 հազար արտագաղթողներ, հազարավոր քաղցած երեխաներ, 35 հազար նվազագույն աշխատավարձ, ստորագրված Մադրիդյան սկզբունքներ, հայ-թուրքական արձանագրություններ»,-հետաքրքրվեց նա:

Նա նաև կոնկրետ հարց ուղղեց վարչապետին. «Մեղքի զգացումը Ձեզ տանջո՞ւմ է: Արդյո՞ք տառապում եք»:

Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց Փոստանջյանին, որ նա այդքան նրբազգաց է և մշտապես հետաքրքրվում է, թե իրենք ինչ տրամադրության մեջ են, ինչ զգացումներով են ապրում, ինչի համար են ցավում, ինչի համար տառապում, ինչ մեղք են գործում և որ մեղքի համար են իրենց վատ զգում: Միաժամանակ խնդրեց, որ իրենց քաղաքական կեցվածքում էլ այդ նրբերանգները պահպանեն:

Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա վարչապետն ընդունեց, որ բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են այս տարիների ընթացքում: Սակայն. «Չի սխալվում այն մարդը, որը ոչինչ չի անում»,-արդարացավ նա:

Վարչապետի կարծիքով` չկա նաև մի մարդ, որ իր կյանքում մեղք գործած չլինի և դրա համար չզղջա, բայց ավելի մեծ համարձակություն է համարում այն, որ մարդը կարողանում է տեսնել սեփական մեղքերը և երաշխիք տալ, որ հետագայում նոր սխալներ չի գործի:

Փոստանջյանի հնչեցրած կարծիքին, թե կառավարությունը ձախողել է, վարչապետը համամիտ չէ. «Մենք արել ենք առավելագույնը, որ Հայաստանում  առկա բացասական երևույթները մեղմենք»,-ասաց վարչապետը,-ճիշտ է` ինչ որ միջոցառումներ և ծրագրեր կարող էինք առավել արդյունավետ իրականացնել, սակայն ընդհանուր ուղղությունն ու ռազմավարությունը ճիշտ է եղել: Մեր հիմնական թերացումը եղել է այն, որ ձեզ հետ չենք կարողացել համաձայնության գալ այդ պրոբլեմների բուն պատճառների հարցում»:

Նա նաև հիշեցրեց, որ ընդհանրապես աշխատանքի դատավորը ժողովուրդն է, որն արդեն իր գնահատականը տվել է ընտրությունների միջոցով:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply