Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի փոխնախագահ և սենատի նախագահ Ամադո Բուդուին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2013 21:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ և սենատի նախագահ Ամադո Բուդուին, ով բազմաթիվ այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Նախագահը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, իսկ երկու ժողովուրդների միջև մեծ համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի առաջ: Արգենտինան, Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է, որ միջազգային հարթակներում երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի առնչությամբ համահունչ են, և հայ-արգենտինյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության ու վստահության վրա:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս խորին ցավակցություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին` օրերս երկիրը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Արգենտինային կհաջողվի շուտափույթ կերպով վերացնել ջրհեղեղի հետևանքները, և բարեկամ Արգենտինայի բնակչությունը կվերադառնա իր բնականոն կյանքին:

Բարձր գնահատելով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգաց¬ման ներկա մակարդակը` Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ և սենատի նախագահ Ամադո Բուդուն և Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել նոր թափ և որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին, ընդլայնելու համագործակցության եզրերը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply