Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2013 17:35

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը:

Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական և քաղաքական գործիչ:

Մարգարեթ Թեթչերի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների:

Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը և նրա այցելությունը աղետի գոտի:

Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին, Մարգարեթ Թեթչերի հարազատներին և մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply