Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը` ուղենշելով առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2013 13:51

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վեցերորդ անգամ տեղի ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը:  Սերժ Սարգսյանը հանդիսավոր երդվեց` ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ:

ՀՀ նախագահական նստավայրից ՀՀ խորհրդանիշ եռագույնի և նախագահի իշխանության խորհրդանիշի, ապա նաև Սահմանադրության մայր օրինակի և Վեհամոր ավետարանի` Մարզահամերգային համալիր տեղափոխելուց հետո մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը` ներկա  իննսուներկու պատգամավորներով:

Միջոցառմանը ԱԺ պատգամավորներից բացի ներկա էին  նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նաև մոտ վաթսուն միջազգային պատվիրակություններ:

Սարգսյանը ձեռքը Սահմանադրության մայր օրինակի ու Վեհամոր ավետարանի վրա երդվեց. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը  երդվում եմ`անվերապահորեն կատարել սահմանադրության պահանջները, հարգել մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը`   ի փառս Հայաստանի Հանրապետության և  ի պատիվ  Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Հաջորդիվ ելույթ ունեցավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով իր ելույթում հիշեցրեց, որ հինգ տարի առաջ, երբ  Սարգսյանը առաջին անգամ ստանձնեց պաշտոնը, երկրում լարված վիճակ էր, սակայն վերջինս  կայունությունը պահելու համար ջանքեր գործադրեց:

Կաթողիկոսը նշեց, որ նախագահական նոր շրջանը  սկսվում  է որոշակի նոր պահանջներով ու նոր ակնկալիքներով. «Տակավին կենսական նշանակություն ունեցող ու վճիռների կարոտ բազում խնդիրներ կան»:

Գարեգին Բ-ն նաև ասաց, որ «եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում  շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու, ինչպես իրեն, այնպես էլ մյուս թեկնածուներին ձայն տալու համար. «Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ, ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Վստահ եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»:

Սարգսյանի խոսքով` երկրորդ ժամկետն ունի և իր առավելությունները և բարդությունները: Առավելությունը կուտակված փորձն է, բարդությունը ժողովրդի ավելի մեծ ակնկալիքներն են ու բարձր պահանջները:

Նախագահն առանձնացրեց երեք առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ աշխատելու են առաջիկա հինգ տարիներին:

Առաջինը` տնտեսական առաջընթացի ապահովումը, որով կլուծվի նաև արտագաղթի և գործազրկության խնդիրը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է:

Երրորդ առաջնահերթությունը ժողովրդավարության խորացումն է: «Համեմատեք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը,- ասաց Սարգսյանը:- Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, հինգ տարի հետո ունենալու ենք ժողովրդավարության անհամեմատ բարձր մակարդակ»:

Նախագահը արտաքին քաղաքականության ասպարեզում ԼՂ  խնդրի կարգավորումը համարեց  առաջնահերթություն` հայտարարելով, որ այն կմնա այդպիսին,  քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ աշխատելու ենք երկիրը հզորացնելու ուղղությամբ. «Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն միաժամանակ պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի»:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply