Մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2013 22:51

Ապրիլի 8-ին մեկնարկեցին ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անդամներին տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար ԱԺ հատուկ նիստը հրավիրվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ԱԺ նախագահը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց նախ գարնանային նստաշրջանի օրակարգի՝ լրացումներին ու հետաձգումներին վերաբերող առաջարկները, ապա նաեւ քառօրյայի օրակարգը: Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանականները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված մի քանի հարցեր, այդ թվում վավերացրին երկու միջազգային համաձայնագիր:
Խորհրդարանն առաջին նիստում շարունակեց քննարկել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը»: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ դեղերի, շաքարավազի, ձվի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքատեսակների շուկաներին ու գների կարգավորմանը: Հարցեր հնչեցին ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» սնանկացման վերաբերյալ եւ դրանով պայմանավորված մեկ այլ ավիաընկերության կողմից փոխադրումների գները բարձրացնելու տեղեկությունների մասին: Խորհրդարանի ղեկավարը հանձնաժողովի նախագահին առաջարկեց ուսումնասիրել այդ տեղեկությունները եւ ընթացիկ իրավիճակն այս ոլորտում: Տնտեսական մենաշնորհների վերաբերյալ խորհրդարանում հնչած մտահոգություններին արձագանքելով՝ հիմնական զեկուցողը նկատեց, որ իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտում մրցակցային միջավայրի ապահովումն է, ու նաեւ միջոցառումները գերիշխող դիրքի չարաշահման դեպքում:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ծրագիրը համարելով ընդունելի: Բանախոսի բնորոշմամբ՝ մրցակցային հարաբերությունները Հայաստանի տնտեսական զարգացման անկյունաքարն են, ինչով պայմանավորված էլ հանձնաժողովում քննարկումների ժամանակ բարձրացվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին» տարեկան զեկույցը: Նա նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված շատ խախտումներ շարունակվել են նաեւ հաջորդ տարում:
Մասնավորապես՝ Պաշտպանի գրասենյակը 2011 թվականին արձանագրել է համակարգային 145 խնդիր, հաջորդ տարում այդ թիվն ավելացել է եւ կազմել 148: Պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություններ է իրականացրել եւ թերություններ հայտնաբերել ՀՀ 25 պետական մարմինների գործունեության մեջ:
Զեկույցի 25 բաժիններում արտացոլվել են յուրաքանչյուր մարմնի իրավասությունների տիրույթում արձանագրված բացթողումներն ու թերացումները, որոնց հետեւանքով խախտվել են մարդկանց իրավունքները:
Կարեն Անդրեասյանը նկատեց, որ թերացումների կողքին արձանագրվել են նաեւ դրական զարգացումներ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը, կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգնվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարներ, դադարեցվել է 17-18 հազար անհայտ անձանց կենսաթոշակների վճարումը եւ այլն: Այս ոլորտում մտահոգիչ է համարվել ռիսկային խմբի երեխաների վիճակը: Առանձին դեպքերում հանդիպել են թափառաշրջիկ եւ մուրացիկ, որեւէ ծրագրում չընդգրկված երեխաներ:
ՀՀ արդարադատության ոլորտի վերաբերյալ Պաշտպանն ասաց, որ հաշվետու տարում ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միեւնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից գանձվել են տարբեր չափերի վճարներ: Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները խախտել են պահանջատիրոջ իրավունքները, միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին եւ կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը, արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ: Այս ոլորտում 2011-ին արձանագրվել են նաեւ դրական փոփոխություններ:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մարդու իրավունքների խախտման դեպքերին ու հաշվետվության ձեւին:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Ազգային ժողովի համագործակցությունը հետայսու ավելի արդյունավետ կլինի: Պատգամավորը նկատեց, որ տարեկան զեկույցում ավելի մեծ տեղ է հատկացված մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, քան մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, եւ առաջարկեց մարդու իրավունքների առանձին խախտումները արձանագրելով՝ կատարել ընդհանրացումներ եւ ոչ՝ հակառակը: Մարգարիտ Եսայանը ուրախությամբ արձանագրեց, որ 2011 թ. տարեկան զեկույցում եղած շատ խնդիրներ արդեն լուծում են ստացել եւ բնականաբար տեղ չեն գտել 2012 թ. զեկույցում, որը շուտով կքննարկվի:
Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը զեկույցը քննարկել է եւ ի գիտություն ընդունել:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ նիստում:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 54-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովը որոշել է ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի երկրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ: Հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 12.00-ին:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply