«Լրտեսվող Հայաստան». արվեստագետն ու անհատականությունը միաժամանակ լրտես են

ԷՍՍԵ | | April 14, 2010 12:01

Զառա Կրոյան. «Երևի դուք շատ կզարմանաք, բայց ես սիրում եմ ամպամած եղանակ, ագռավներ ու ինքնակենսագրական վեպեր»

-Չեմ հիշում, ձեզ ասե՞լ եմ, որ իմ աչքերն առաջ ավելի մեծ էին ու ավելի արտահայտիչ, չնայած շատերը պնդում են, որ նրանք հիմա էլ շատ հետաքրքիր են… Երևի դուք շատ կզարմանաք, բայց ես սիրում եմ ամպամած եղանակ, ագռավներ ու ինքնակենսագրական վեպեր…

ՆՓԱԿ-ի ցուցահանդեսում եմ: Ակամայից աչքերս կարդում են  Զառա Կրոյանի` պատին գրված տեքստը: «Ես իմ համար գրում եմ,- ասում է Զառան,- սրանք տեքստեր են անիմացիոն ֆիլմից, որ  պիտի նկարեմ»:

Զառան մեկն է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում(ՆՓԱԿ) օրերս բացված «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսի 58 մասնակիցներից:

Ցուցադրված է ավելի քան 100 աշխատանք. գեղանկար(Օվսաննա Շեկոյան, Վահագն Ղուկասյան), քանդակ(Կարապետ Կոստանդյան), ինստալացիա(Անուշ Ալբերտ, Էլլա Կալենց), լուսանկար (Նազիկ Արմենակյան,  Անահիտ Հայրապետյան), գրաֆիկա (Վահե Բուդումյան):

Համադրողը Սեդա Շեկոյանն է:  «Ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում,- մտածում է Սեդան,- անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է։ Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում երիտասարդ հայ, ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է։Նա նման է լրտեսի, որ հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության` ի վնաս իր ծննդավայրի, այլ որոշակի աշխարհագրական անուն չունեցող անհայտ հայրենիքի»։

Փաստորեն, ցուցահանդեսի առանցքը լրտեսի գաղափարն է: Ոչ միայն արվեստագետ, այլև անհատականություն: Արվեստագետը լրտեսում է իրականությունը, և նրա ստեղծածը լրտեսում է դիտողը: Արվեստագետը միաժամանակ լրտես և լրտեսվող է: Անհատականությունը լրտես է և լրտեսվող: Երկուսը փոխկապակցված են:

«Լավ լրտեսը պետք է լինի բոլորի նման,- ասում է Սեդան,- Նա պետք է կրի այն հայրենիքի թասակը, որտեղ ապրում է որպես սովորական քաղաքացի, տվյալ դեպքում` Հայաստանի»:

Սա ՆՓԱԿԻ 12-րդ ցուցադրությունն է: Անցյալ տարի ցուցահանդեսի համադրողը Գոռ Ենգոյանն էր` «Սոցիալական մուտացիա» կոնցեպտով:

Անուշ Ալբերտը համարում է, որ միգուցե շահում է պետությունը, բայց ոչ քաղաքացին

Ցուցասրահի կենտրոնի սյան վրա ալիքներով թափվում են Անուշ Ալբերտի ՀԴՄ կտրոնները:  Նա այս ինստալացիայով իր վերաբերմունքն է արտահայտել ՀԴՄ կտրոնների ակցիայի վերաբերյալ: «Միգուցե պետությունը շահում է, բայց ոչ քաղաքացին»,- ասում է Անուշը:

Այստեղ են արվեստագետներ, արվեստաբաններ, արվեստի քննադատներ, նկարիչներ, գրող-հրապարակախոսներ: Նկարիչ, արվեստաբան Արման Գրիգորյանը շատ մեծ հույս ունի, որ արվեստագետների այս նոր սերունդը կկարողանա փոխել սովետական տարիներից ժառանգություն մնացած մշակութային ինստիտուտը, որովհետև շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ ձևավորվում ու զարգանում է արվեստագետի միտքը:

Նա  երիտասարդ արվեստագետների համար  չափազանց կարևորում է ՆՓԱԿ-ի կազմակերպած  այլընտրանքային ցուցահանդեսները. «Որովհետև սա իրենց պրպտումների ու որոնումների տարիքն է: Ես հույս ունեմ, որ այս  սերունդը կկարողանա անել մշակութային հեղափոխություն, որը չհաջողվեց մեր սերնդին»:

Ճեմելով հայտնվում ենք ցուցասրահի կենտրոնում, որտեղ Արսեն Պետրոսյանի սիրելի կոշիկները` կավե կրկնօրինակներով,  ներկաներին պատմում են այն հիշողությունը, որ կրել են իրենց մեջ` տարիներ շարունակ:

«Իմ կյանքում կար մի ժամանակ, երբ հանդիպումների ու գործերի միշտ գնում էի այդ կոշիկներով,- ասում է Արսենը,- ու դրանք էնքան հարազատ էին դարձել ինձ համար, որ մաշվելուց հետո էլ դեռ պահում էի: Այդ կոշիկները կրում են այն կյանքի հիշողությունը, որը ապրել եմ այդ ժամանակ»:

Հետո պատերից կրկին Զառա Կրոյանի աշխարհը կրկին  հետ է կանչում:

-Գիտե՞ք, երբեմն գրում եմ, մեծ մասամբ իմ մասին, տարբեր մանրուքներ,  ոչ մի լուրջ բան: Օրինակ` չգիտեմ` դուք նկատե՞լ եք, որ խոսելիս աչքերս թույլ կկոցում եմ, երբ խոսում եմ ինձ համար տհաճ բանի մասին կամ խոսելիս ավելի շատ շուրջս եմ նայում…

«Մեզ երիտասարդ տարիքում թույլ չէին տալիս ցուցադրվել,- Արման Գրիգորյանի ձայնը ինձ իջեցնում է  պատերից,- մինչև որ 1987 թ.՝ հերթական ցուցադրությանը մեզ մերժելուց հետո, ստեղծեցինք «Երրորդ հարկը»: Մինչդեռ,  ազատությունը պետք է տեղավորվի արվեստի տրամաբանության մեջ: Էն արվեստը, որ կա էսօր Հայաստանում, էնքան էլ ազատ չէ՝  համեմատած աշխարհի հետ»:

Արսեն Պետրոսյանի սիրելի կոշիկները ներկաներին պատմում են նրա հիշողությունների մասին

Արվեստաբանն ասում է, որ անցած 20 տարիների ընթացքում չի եղել որևէ փոփոխություն թե՛ Ժամանակակից արվեստների թանգարանում, թե՛ Նկարիչների միությունում, թե՛ Գեղարվեստի ակադեմիայում: «Բոլոր սովետական ինստիտուտները  մնացին, մտածողության ոչ մի փոփոխություն,- ասում է Արման Գրիգորյանը,- սովետական պատկերացումն արևմուտքի նկատմամբ  թշնամությունն է, սովետական կոնտեքստը թշնամանքի կոնտեքստ էր: 30-ականներին նրանք բոլոր ազատ արվեստագետներին, բոլոր ձախ հոսանքներին կա՛մ ուղարկեցին Սիբիր, կա՛մ ճնշեցին: Սովետական պատմությունը ազատության ճնշման պատմություն է»:

Կարապետ Կոստանդյանը յուրաքանչյուր օբյեկտի մեջ տեսնում է ավելին, քան կա: Նա ցուցադրել է մետաղալարերով  պատված մի գունդ, որով նա վեր է հանել գնդի ընկալումը` որպես լույսի ճառագում: Գունդ, որը միայն գունդ չէ, այլ ունի ուրիշ հատկություններ. հարկավոր է միայն  փորձել գտնել դրանք: «Գունդը միայն այն չէ, ինչ տեսնում ես,- մեկնաբանում է Կարապետը,- դա նույնն  է, թե ինչպես կվերաբերվես մարդուն: Մարդը միայն այն չէ, ինչ տեսնում ես:  Նա իր մեջ թաքցրած ունի էլի ինչ-որ բաներ, որոնք պետք է փնտրես: Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն հենց այն, ինչ կա մարդու ներսում»:

Այսինքն` Կարապետը լրտեսում է  մարդուն և իր ընկալումների շրջանակներում պրոյեկտում այն գնդի վրա: Գունդը միայն գունդ չէ: Ինչպես նաև մարդը միայն այն չէ, ինչ տեսնում ենք: Մենք բոլորս լրտեսներ ենք: Միայն թե դա չենք գիտակցում: Լրտեսի գաղափարն ամենուր քեզ հետ է ՆՓԱԿ-ում:

Կարապետ Կոստանդյան. «Գունդը միայն այն չէ, ինչ տեսնում ես, այն իր մեջ թաքցրած ունի ինչ-որ բաներ, որոնք պետք է փնտրել»

Նկարիչ Կամո Թումասյանը ամեն ինչ գնահատում է` ելնելով ֆորմաների(ձև) հարաբերություններից: «Ես, իհարկե, տեսնում եմ` որակ կա՞, թե՞ ոչ,- ասում է Թումասյանը,-  որակը գալիս է գտած ֆորմաների հարաբերություններից: Շատ գործեր կան էստեղ,  որ ազդեցիկ են իրենց գտած ֆորմայով:  Սակայն, ցուցահանդեսի համար կարևորը համադրողի գործն է, որը լավ է արված»:

Վահե Բուդումյանի կարճատև տեսանյութը պատմում է նրա ընկալումների մասին, թե ինչպիսին պետք է լինի սիրած աղջիկը: «Վիդեոն մի պատմություն է, որտեղ ընկերներիս ու մամայիս հետ քննարկում եմ սիրածս աղջկա հետ ունեցածս կոնֆլիկտները,- ասում է Վահեն,- թե ինչ փորձությունների միջով պիտի անցնեմ նրա հետ հարաբերություններ կառուցելու համար, որովհետև ինձ համար կարևոր են այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվում են ընկերներս ու ծնողներս»:

Արման Գրիգորյանը վերջում պնդեց, որ ազատությունը` արվեստի ազատությունը կհաղթանակի. «Ես կարծում եմ, որ անկախության ժամանակ ազատության համար մղվող պայքարը կհաղթանակի»:

-Ձեզ իմ անկեղծությունը հո շատ չզարմացրե՞ց…. ալո, ալո…

Հաջողություն եմ մաղթում Զառային, քայլերս տանում են դեպի ելքը:

Դիտվել է 2607 անգամ:
Print Friendly

Leave a Reply