ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2013 17:36

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց եւ ի գիտություն ընդունեց «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2012 թ.-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ հանրապետության 6 մարզկենտրոններում` Վանաձորում, Գավառում, Իջեւանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնվել են Պաշտպանի մարզային գրասենյակներ: Պաշտպանը եւ իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 անձանց: Ըստ հիմնական զեկուցողի՝ Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011թ.-ի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունված գործերի ընդհանուր թիվն աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվը՝ 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել:
Գենյա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ 2012թ. Պաշտպանի թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաեւ հավաքների եւ այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականցվել է 145 արագ արձագանքում, տրամադրվել` 1074 իրավաբանական խորհրդատվություն:
2012 թվականի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մոտ 60 օրենսդրական առաջարկ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ իր ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացրել են 151 այցելություն քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ:
Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոքր շտկումներ են տեղի ունեցել օրենքի նախագծում, մասնավորապես՝ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված, կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով հարկվող գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:
Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ-ի երրորդ նստաշրջանի մեծ եւ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում:
Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մեկ տարով հետաձգեց Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերին պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Այնուհետեւ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնք ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ ստացվել են առաջարկներ, որոնք համատեղ քննարկվել են, եւ հիմնական փոփոխությունները եղել են խմբագրական բնույթի:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծերին տվեց դրական եզրակացություն՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply