«Եթե մեկ տարի դիմացա, ուրեմն ընդմիշտ հոս եմ…». մի սիրիահայի պատմություն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 5, 2013 13:28

Սիրիահայ մեր զրուցակիցն ասելիք շատ ունի, սակայն չի ցանկանում հրապարակել անունը: Ուստի, հարգելով այդ իրավունքը, նրա պատմությունը ներկայացնում ենք առանց անունը նշելու:

Պատմում է, որ շատերի պես իրենք էլ սփյուռքահայ են դարձել Մեծ Եղեռնի հետևանքով: Հորական տատին 3-4 տարեկանում Տեր Զորի անապատից արաբներն են գտել և տարել Սիրիայի որբանոցներից մեկը: Այդպես էլ հաստատվել են Սիրիայում:

Նա երիտասարդ ընտանիքի հայր է: 2012-ի հոկտեմբերին, երբ Սիրիայում իրավիճակը ծայրահեղ վատացել է, մեկ շաբաթում որոշում է կայացրել և կնոջ ու երկու երեխաների հետ  տեղափոխվել Հայաստան:

Առաջին անգամ նա Հայրենիքում եղել էր 2002 թվականին՝ մեղրամիսն այստեղ անցկացնելու նպատակով: Այնքան էր հավանել, որ անգամ որոշել էր տեղափոխվել Երևան, բայց հետո փոշմանել էր. գործն այնտեղ հունի մեջ էր, իսկ այստեղ ամեն ինչ պիտի զրոյից սկսեր: Ի՞նչ իմանար, որ ուղիղ տասը տարի հետո արդեն ստիպված էր լինելու Հայաստանում ամեն ինչ զրոյից սկսել:

«Կինս, երեխաներս համակերպվել են, սիրում են Հայաստանը: Երեխաներս շուտ մերվող են,- ասում է նա,- բայց ամեն դեպքում մեզի համար Հայաստանը դեռ օտար է: Մեր շրջապատը հոն է, հիմքը հոն է՝ հարազատություն, գերեզմանոց, եկեղեցի… Ամենապարզ օրինակը. երբեք Զատկի տոնն այսպես անշուք չէր անցած մեզի համար: Ատոր համար կըսենք, որ մենք Սփյուռքում ավելի շատ պահած ենք մեր հայությունը, ըլլա մեր եկեղեցին, մեր մշակույթը թե մեր լեզուն»:

Հայաստանում դժվար է, բայց ամեն ինչ անում են հարմարվելու համար: Անգամ 11-ամյա որդուն` Կայծակին, հենց սկզբից սովորական հայկական դպրոց են տարել, չնայած Երևանում սիրիահայ երեխաների համար արդեն բացվել էր Կիլիկյան վարժարանը: «Ճիշտ է, որդուս համար դժվար էր,  լեզուն չէր հասկանում, վրան կծիծաղեին, կուգար ներվայնացած տուն, կըսեր՝ պիտի չերթամ, բայց մենք կըսեինք՝ դուն հո՛ս ես, ալ վե՛րջ, չերթալ չկա, քանի որ հոս պիտի մնաս»:

Հալեպում մարքեթինգի ոլորտում սեփական բիզնես ուներ, հետո գործերը մի քիչ վատացան, անցավ «խմորեղենի արհեստին»: Ի դեպ, նշենք, որ խմորեղեն ասելով՝ Սիրիայում նկատի ունեն ոչ թե քաղցրավենիքը, այլ խմորից պատրաստված ուտեստները՝ լահմաջո, պիցցա և այլն:

Գործը լավ էր գնում, սեփական խանութն էր բացել՝ իր արտադրամասով, ինքն էլ շեֆ-խոհարարն էր, սակայն ամեն ինչ դարձավ անիմաստ, երբ ռմբակոծության ձայները, ապա արկերը հասան Հալեպի հայկական թաղամասերին:

Հայաստան տեղափոխված սիրիահայ ծանոթներից մեկը նրան առաջարկեց այստեղ տեղափոխվել` խոստանալով ապահովել նույն աշխատանքով` «խմորի արհեստով»:

Եվ ահա, նա ընտանիքի հետ Հայաստանում է, աշխատում է, փորձում ծայրը ծայրին հասցնել, մինչև անորոշ վիճակը կորոշակիանա: «Շատ սիրիահայեր կան, որ հոս հաջողության են հասել, վարժվել են մթնոլորտին, սակայն առավել շատերը եկել ու հեռացել են,- ասում է սիրահայն ու պատճառը փնտրում հենց նրանց մեջ:- Սիրիայում մեծ բիզնեսներով են զբաղվել և հիմա Հայաստանում չեն ուզում մանր-մունր բաներ անել»:

Նա կարծում է, որ չպետք է ամեն բան համեմատել Սիրիայի հետ: Պետք է հասկանալ, որ սա նոր իրողություն է. «Մարդիկ կան, որ գալիս են և ուզում են անպայման Հյուսիսային պողոտայում կամ Հրապարակում ապրել, բայց հոն՝ Հալեպ, իրենք նման տեղերում չեն ապրել: Չեն մտածում, որ  ընդհակառակը, պետք է ամենալավին չգնան, տնտեսեն, իսկ եթե էնտեղի կյանքով ապրեն, պարզ է` արագ փողերը կվատնեն ու ոչինչ էլ չեն ունենա: Կամ չէ՞ որ էստեղ միանգամից մեծ բիզնես դնել հնարավոր չէ, ժամանակ է պետք: Կամաց-կամաց քայլ անելով պետք է առաջ գնալ»:

Այնուամենայնիվ, նա լավ գիտի, որ այստեղ անգամ զրոյից սկսելու դեպքում հաջողության հասնելու հավանականությունը մեծ չէ. «Ընկերներիցս մեկը հոս բիզնես կընե, անցյալ օրը հարցրեցի՝ ո՞ւր հասար, ասաց՝ շատ դժվար է, շատ խիստ է, շատ բծախնդիր կմոտենան»:

Իսկ հաջողակները հիմնականում նրանք են, որոնք տեղացի աջակիցներ, խորհրդատուներ կամ գործընկերներ ունեն:

Իմ զրուցակիցն ընտանիքի հետ ապրում է Աբովյան քաղաքում, որպեսզի բնակարանի վարձն ավելի քիչ վճարի: Բնակարանը 50 000 դրամ է արժեցել, սակայն տանտերը իմանալով, որ սիրիահայեր են, հինգ հազար դրամ զեղչ է արել: Երևանում նույնատիպ բնակարանը 80-100 hազար դրամով էլ չեն գտել: Այն էլ նշենք, որ Երևանում սովորաբար սիրահայերի համար ոչ թե զեղչ են անում, այլ հակառակը՝ գինը բարձրացնում են:

Սակայն նրանք մի քիչ հիասթափված են, քանի որ տեղեկացել էին, թե իբր Երևանից դուրս գտնվող շրջաններում բնակարան վարձելու դեպքում որոշ ժամանակ իրենց վարձավճարները պետք է փոխհատուցվեին. Սփյուռքի նախարարության այս ծրագիրը, սակայն, նա ավելի շատ գովազդ է համարում, քան իրականություն. «Արդեն երկու ամիս է, որ այնտեղ ենք և մենք ենք վարձը տալիս: Կինս դիմել էր նախարարությանը, ասել էին` միգուցե բարերարը մոռացել է կամ զբաղված է և այլն,-պատմում է նա,- խնդիր չկա, ես իմ գրպանից կշարունակեմ մուծել, փառք Աստծո, աշխատանք ունեմ, բայց թող գովազդ չանեն, չասեն` մենք սիրահայերուն կօգնենք: Եթե ծրագիր մը դրած են, թող մի քիչ հետևողական լինեն»:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանում մեզ չտարանջատեն և չդիտեն իբրև սիրիահայի, այլ  հարգեն ու ընդունեն որպես հայի,- ասում է նա,- Սիրիայում թե՛ կառավարությունը, թե՛ արաբ ժողովուրդը մեզ շատ կհարգե՝ որպես հայի: Մենք Սիրիա հարյուր տարի մեր հայություն, մեր մշակույթ, մեր դրոշակ, մեր քրիստոնեություն պահած ենք: Դա շատ դժվար է մուսուլմանական երկիրներուն մեջ»:

Ասում է, որ եթե Սիրիայում հայկական միջավայրում որևէ մեկը նախադասության մեջ արաբերեն կամ օտար բառ էր գործածում, զարմանում էին, ծիծաղում վրան, ասում, որ հայերեն խոսի, իսկ Հայաստանում զարմացած են մնացել օտար բառերի այդչափ գործածումից. «Ռուսերենը խառնված է հայերենին: Մենք պաղպաղակ կըսենք, հոս մառոժնի կսեն, մենք օդանավ կըսենք, հոս` սամալյոտ: Մի օր էլ մեկին ասացի՝ ինչո՞ւ, զարմացավ, ասաց, ինչուն ո՞րն է, ասա՝ խի՞»:

Մի խոսքով, ծայրահեղությունների մեջ չընկնելով, նա հասկանում է, որ Հայաստանը՝ իր լավ ու վատ կողմերով, բոլոր հայերի հայրենիքն է, և եթե այստեղ լավ լինի, ապա ոչ ոք չի ցանկանա հեռանալ: Նա շնորհակալ է նաև պետական այն բոլոր ծրագրերի համար, որոնք իրականացվում են սիրիահայերի համար. «Հալեպում իմ բնակարանը  կենտրոնում է, ինչպես այստեղ` Հրապարակը: Մոտ հարյուր հազար դոլար արժե, սակայն, ցավոք, այսօր հնարավոր չէ վաճառել: Եթե վաճառվի, և հոս կարողանամ տուն գնել, հաստատ կմնամ Հայաստան: Իսկ այժմ ամեն ինչ հարցման նշանի տակ է, դեռ փորձաշրջանի մեջ եմ: Բայց եթե մեկ տարի դիմացա, ուրեմն ընդմիշտ հոս եմ…»:

 

 

 

Դիտվել է 2520 անգամ:
Print Friendly

Leave a Reply