Աշխարհի հզոր տիկինները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 6, 2013 12:18

Մեր աշխարհը հայրիշխանական է, այսինքն` գերիշխանության ու ենթակայության աշխարհ: Իշխողը միշտ էլ, անհիշելի ժամանակներից, տղամարդն է եղել, ենթարկվողը` կինը: Եվ մարդկության ամբողջ պատմությունը, փաստորեն, կնոջ ազատությունների սահմանափակման և իրավունքների խախտման պատմություն է: Դարեր շարունակ կինն անլիարժեք էակ է համարվել: Սոկրատեսի նման հանճարեղ փիլիսոփան ժամանակին ասում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ է, ոչ թե կին: Ի՞նչ կարող ես անել, այդպիսին էր այն ժամանակ քաղաքակրթությունը:  Այնպես որ, նորագույն քաղաքակրթության ներկայացուցիչն էլ այսօր կարող է թեթևացած  շունչ քաշել ու ասել, թե ինչ երջանկություն է, որ Ք.ա. V դարում չենք ծնվել: Թեպետ XX դարի շեմին էլ ապրում էին Օտտո Վեյնինգերի նման փիլիսոփաներ, որոնք ամենայն չարիքն ու բացասականն այս աշխարհում կանանց էին վերագրում, ամենայն բարիքն ու դրականը` տղամարդկանց:

Ահա եղել են ժամանակներ, երբ կնոջ ազատությունների սահմանափակումները հասել են ստրկացման: Եղել են ժամանակներ, երբ հալածանքների են վերածվել, ընդհուպ  մինչև խարույկների վրա այրելը:

Սկսած XVIII դարից, երբ կանայք հասկացան, որ հեղափոխություններին մասնակցելով և արյուն թափելով` հերթական անգամ ծառայեցին տղամարդկանց, որ նոր հասարակարգն իրավունքներ բերեց դարձյալ տղամարդկանց, ոչ իրենց,  n8anc պայքարն իրենց կազմակերպված ու գաղափարական բնույթ ստացավ: Եվրոպայում սկսեց «մոլեգնել» ֆեմինիզմը, որ թեպետ անցած դարի կեսերին փակուղի է մտել, դեռ մինչև հիմա էլ սարսափեցնում է թույլ նյարդեր ունեցող տղամարդկանց: Շատ ջանքեր ու արյուն թափեցին ֆեմինիստուհիները, մանավանդ` սուֆրաժիստուհիները, մինչև որ վերջապես անցած դարում  տեր դարձան իրենց իրավունքներին: Բայց այն ժամանակ կանանց շարժման ամենաաննկուն առաջամարտիկներն անգամ չէին կարող պատկերացնել, որ մի օր կանայք ոչ միայն ընտրելու և ընտրվելու իրավունք են ունենալու, այլև դառնալու են երկրի նախագահ ու վարչապետ, զբաղեցնելու են ուրիշ առանցքային պաշտոններ, կարճ ասած` տղամարդկանց հավասար  կայացնելու են իրենց երկրի ու ժողովրդի ճակատագիրը վճռող որոշումներ:

Այսպես թե այնպես, միջազգային հանրությունն ամեն տարի Մարտի 8-ի կապակցությամբ դառնությամբ նշում է, որ մարդկությունը դեռևս չի հասել  սեռերի հավասարության նպատակին, հատկապես` կանանց քաղաքական մասնակցության առումով: Ներկայումս նրանց է պատկանում աշխարհի բոլոր պատգամավորական տեղերի 19%-ից քիչ ավելին:  Աշխարհի 43 խորհրդարաններում են միայն  հասել կանանց 30% ներկայացվածության, 62 երկրների պատգամավորների թվում կանայք մինչև 10% են կազմում, իսկ 10 երկրների խորհրդարաններում առհասարակ կին չկա: Ամենից շատ կանայք Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի խորհրդարաններում են:

Բայց մի ուշագրավ հանգամանք էլ կա. պետությունների ղեկավարների կանայք, կարգավիճակ  ու դիրք են ստանում իրենց ամուսինների շնորհիվ, ինքնաբերաբար: Երբ ամուսինը նախագահ է դառնում, հանրությանն անմիջապես հայտնի է դառնում «առաջին տիկնոջ» տիտղոսը ստացած նրա կնոջ անունը: Երկրների կին ղեկավարների ամուսինները նման տիտղոս ու կարգավիճակ չունեն: Թերևս այս իրողության հիմքում ընկած է այն արմատացած տեսակետը, թե առերես է միայն, որ կանայք իշխանություն չունեն, իրականում նրանք միշտ էլ «գորշ կարդինալի» դեր են կատարել և տարբեր հնարքներով ազդելով իրենց ամուսինների կամ մերձավոր տղամարդկանց վրա` աշխարհի կառավարման բոլոր թելերն իրենց ձեռքում են պահել:

Ինչևէ: Այսօր  աշխարհում երկու տասնյակից ավելի պետության  կամ կառավարության ղեկավար կին կա: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս է հաջողվել նրանց ճեղքել  մրցակից տղամարդկանց դիմադրությունը և բարձրանալ մինչև երկրի առաջին դեմքի աթոռը, և ովքեր էին, որոնք պատմության մեջ մնացին որպես առաջին կին ղեկավարներ:

Նորագույն ժամանակներում առաջին կին վարչապետն աշխարհում Սիրիմավո Բանդարանաիկեն է, որ Շրի Լանկայի կառավարության ղեկավարն է եղել 1960-1965, 1970-1977, 1994-2000 թթ: Նա Սոլոմոն Բանդարանաիկեի կինն էր, որը հիմնադրել էր Շրի Լանկայի (այն ժամանակ` Ցեյլոնի) ազատության կուսակցությունը և հաղթել 1956 թ. ընտրություններում:  1959 թ. ամուսնու սպանությունից հետո կուսակցության գլուխ անցավ Սիրմավոն և 1960 թ. ընտրություններում հաղթանակ տանելով` դարձավ երկրի վարչապետ, պաշտպանության և արտաքին գործերի նախարար: Նրա կառավարությունը քաղաքական համակարգի ժողովրդավարացման և առաջադեմ տնտեսական բարեփոխումների քաղաքականություն վարեց և ձեռնամուխ եղավ արտասահմանյան նավթային ընկերությունների ազգայնացմանը:

Չնայած միջազգային  հարաճուն հեղինակությանը, նրա դիրքերն աստիճանաբար թուլանում էին երկրի ներսում, քանի որ ոչ բոլոր բարեփոխումներն էին հաջողությամբ պսակվում:

1977 թ. Բանդարանաիկեի կուսակցությունը պարտություն կրեց հերթական ընտրություններում: 1980 թ. գերագույն դատարանը մեղավոր ճանաչեց նրան չարաշահումների համար: 1986 թ. նա վերականգնեց իր իրավունքները և ընտրվեց խորհրդարանի պատգամավոր: 1988 թ.  պարտություն կրեց նախագահական ընտրություններում, իսկ 1989 թ. դարձավ ընդդիմության առաջնորդը: 1994 թ. Բանդարանաիկեի դուստրը` Չանդրիկա Կումարատունգան, հաղթելով նախագահական ընտրություններում, մորը վարչապետ նշանակեց: 2000 թ. օգոստոսին Բանդարանաիկեն, լինելով աշխարհի ամենատարեց գործող քաղաքական գործիչը` 84 տարեկան, հրաժարական տվեց և անցավ հանգստի: Երկու ամիս անց  կնքեց մահկանացուն սրտի նոպայից:

Առաջին կին նախագահն աշխարհում, որ նաև Արգենտինայի պատմության մեջ առաջին կին նախագահն է (1974-1976 թթ.), Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնն է, որ հայտնի է Իսաբել անվամբ: Նա Արգենտինայի նախկին նախագահ Խուան Պերոնի կինն էր, որին  հանդիպել է Պանամայում, որտեղ աշխատում էր որպես գիշերային ակումբի պարուհի: Երբ Պերոնը վերադառնում է քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում էր Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա:

Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Եվա Պերոնի, որին հիշեցնում էր արտաքինով, Իսաբելը բավական թուլակամ էր և քաղաքականության մեջ ակտիվ դեր չէր խաղում: Երբ Պերոնը որոշեց 1973 թ. երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահական ընտրություններում, իր կնոջն առաջադրեց որպես փոխնախագահի թեկնածու: Ընտրություններում հաղթելուց շատ չանցած` Պերոնը վախճանվեց, և 1974 թ. Իսաբել Պերոնը մեխանիկորեն դարձավ երկրի ղեկավար և  կառավարեց երկու տարի: Իշխանությունից հեռացվեց հեղաշրջման հետևանքով, որը կազմակերպել էր գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան: Նա տնային կալանքի մեջ է եղել և 1981 թ. արտաքսվել Իսպանիա: 2007 թ. հունվարին Արգենտինայում Իսաբել Պերոնին ձերբակալելու օրդեր ստորագրվեց: Նրան մեղադրում էին հարյուրավոր արգենտինացիների սպանության ու անհետ կորչելու հանցակցության մեջ: Ուստի պահանջում էին նրա էքստրադիցիան: 2008 թ. Իսպանիայի ազգային դատարանը մերժեց Բուենոս Այրեսի` Իսաբել Պերոնին հանձնելու պահանջը` հղում անելով հայցի վաղեմության ժամկետին:

Իսկ առաջին կին նախագահը, որ երկրի նախագահ է դարձել ընտրությունների արդյունքում, Իսլանդիայի չորրորդ նախագահ Վիգդիս Ֆիննբոգադոտիրն է  (1980-1996 թթ.): Ավելին` նա այդ պաշտոնին մնաց չորս ժամկետ: Եվ եթե 1980 թ. նա մրցակցին հաղթեց ընդամենը 1,5% առավելությամբ (լինելով, ընդ որում, բաժանված կին, միայնակ մայր երեք տղամարդ թեկնածուների դիմաց), ապա 1984 և 1992 թթ. նրան վերընտրեցին ավտոմատ կերպով, ուրիշ թեկնածուներ չկային: Իսկ 1988 թ., երբ մի քաղաքական գործիչ փորձեց մրցակցել նրա հետ, Վիգդիսի օգտին քվեարկեց ընտրողների 93%-ը: Եվ միայն 1996 թ.  նա որոշեց թողնել քաղաքական Օլիմպոսն ու թոշակի գնալ:

Առաջին կինը նորագույն պատմության մեջ, որ կառավարության ղեկավար է դարձել գերազանցապես մահմեդական բնակչությամբ երկրում, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն է (1988-1990, 1993-1996):

Նրա քաղաքական գործունեությունը հենց սկզբից դրամատիկ ընթացք է ունեցել: Մի ամիս էլ չկար, որ նա նշանակվել էր հոր` երկրի վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտտոյի օգնականը, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով հայրը գահընկեց արվեց, և հայր և դուստր բանտ նետվեցին: 1979 թ. նրա հայրը մահապատժի ենթարկվեց: «Ես չեմ ընտրել այս կյանքը, այդ նա է ինձ ընտրել»,- հետագայում գրել է նա իր «Արևելքի դուստրը» հուշագրությունում: Նա խոստովանել է, որ հոր մահապատիժն է ստիպել իրեն քաղաքական գործիչ դառնալ: Այնուհետև` տնային կալանքներ և տարագրություն Մեծ Բրիտանիա: Երկրի ղեկավարի` գեներալ Զիա-ուլ-Հակայի զոհվելուց հետո (ավիավթարից) Բենազիրը հայրենիք վերադառնալու հնարավորություն ստացավ:

1988 թ. ավելի քան 10 տարի անց առաջին ազատ խորհրդարանական ընտրություններում Պակիստանի ժողովրդական կուսակցությունը հաղթանակ տարավ, և Բենազիր Բհուտտոն զբաղեցրեց վարչապետի պաշտոնը:

Բհուտտոյի կաբինետը հաջողությունների հասավ սոցիալական և քաղաքական բարեփոխումների առումով, նա կարողացավ  կարգավորել հարաբերությունները վաղեմի թշնամու`Հնդկաստանի հետ, բայց նրա կառավարությունը բնորոշվեց նաև կոռուպցիայի կտրուկ վերելքով: Ընդ որում կոռուպցիոն սկանդալներում հաճախ էր հոլովվում նրա ամուսնու անունը:

Իսկ ահա 1993 թ. հերթական ընտրությունների ժամանակ Բհուտտոն հաղթանակ տարավ հենց կոռուպցիայի և աղքատության դեմ պայքարի կարգախոսներով: Բհուտտոյի երկրորդ վարչապետության տարիներին երկիրը վերելք ապրեց:1996 թ. նա  գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում  որպես տարվա ճանաչված միջազգային քաղաքական գործիչ, նրան շնորհվեց Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշան և այլ պարգևներ: Միաժամանակ էլ ավելի ծաղկեց կոռուպցիան:  1996 թ. նրա կառավարությունը ցրվեց, իսկ Ուսամա բեն Լադենը Սև վարդի (ինչպես նավանում էին նրան լրագրողները) գլխի համար 10 մլն դոլար  խոստացավ: Բհուտտոյին և նրա ընտանիքին ֆինանսական մեքենայությունների և պատվիրված սպանությունների մեղադրանքներ ներկայացվեցին, և նա ստիպված էր լքել երկիրը:

2007 թ. հոկտեմբերին  Բհուտտոն վերադարձավ հայրենիք: Նրան դիմավորող ամբոխի մեջ երկու պայթյուն եղավ, զոհվեց 130 մարդ, վիրավորվեց մոտ 500-ը: Խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2008 թ. հունվարին, և Բենազիրը վստահ էր, որ հաղթելու է: Սակայն 2007 թ. դեկտեմբերի 27-ին կազմակերպված երկրորդ  ահաբեկչական գործողությունն արդեն խլեց Բհուտտոյի կյանքը:

Շարունակելի

Դիտվել է 2148 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. BlogNews ասում է՝

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Leave a Reply