Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների մրցամարտը կկազմակերպվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 4, 2013 22:12

Ապրիլի 5-ին Երևանի խուլերի պալատի մարզասրահում ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստները: Այս գեղեցիկ ավանդույթի սկիզբը դրվեց շուրջ երկու տարի առաջ: Առաջին մրցամարտը կայացավ Ստեփանակերտւմ: Եվ ահա կրկին վետերաններին խաղահրապարակ դուրս գալու հնարավորություն է տրվելու, այս անգամ` Երևանում:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հայտնեց, որ Արցախում հանդբոլը սիրված է: Նախկինում մեր հայրենակիցները հաջողությամբ խաղացել են Ադրբեջանի տարբեր ստուգատեսներում, հանդբոլիստները հանդես են եկել ԲՄԱ-ի կազմում: Այժմ էլ  արցախցիները պարբերաբար մասնակցում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների առաջնություններին, լավ արդյունքների հասնում, իսկ խաղացողներից մի քանիսը մեր երկրի հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում են: Ի դեպ, բանակ զորակոչված Հայաստանի հանդբոլիստները մեր երկրի առաջնություններին մասնակցում են  Արցախի հավաքականի կազմում: Դա լավ է այն առումով, որ նրանք զինվորական ծառայության տարիներին հանդբոլից չեն կտրվում:

«Ի դեպ, վետերանների նախորդ հանդիպման ժամանակ Ստեփանակերտում շատ ջերմորեն էին ընդունել Հայաստանի ներկայացուցիչներին: Տպավորությունն այնքան մեծ էր, որ որոշել էինք ամեն տարի այս մրցամարտերը կազմակերպել: Ընդ որում, դրանք հաջորդաբար պետք է անցկացվեն Ստեփանակերտում և Երևանում: Պատասխան խաղը նախատեսված էր Հայաստանի մայրաքաղաքում 2012-ին, սակայն աշնանը խանգարեցին ցրտերը, նաև որոշ հանգամանքներ: Եվ ահա մտահղացումը կրկին իրականություն է դառնալու: Փաստորեն, Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Արցախի ներկայացուցիչներին: Հյուրերի  պատվիրակությունը գլխավորելու է Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Միջոցառումը զուգորդված է, այն նվիրված է Երևանի և Ստեփանակերտի կապերին: Բանն այն է, որ հայկական երկու պետությունների մայրաքաղաքները միմյանց հետ սերտ համագործակցում են: Ընդ որում, Երևանի ներկայացուցիչները սիրահոժար ստանձնել են Ստեփանակերտին աջակցելու գործը և հնարավորն անում են, որ այն առավել ծաղկի և գեղեցկանա: Ուշագրավ է, որ Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների այս մրցամարտը կազմակերպվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո, նա է հովանավորը»,- ասաց Գրիգորյանը:

Խաղը սկսվելու ժամը 15-ին:  Իսկ նախօրյակին` ապրիլի 4-ին, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպելու և մտերմիկ միջավայրում զրուցելու են, վերհիշելու են անցյալի մարզական հիշարժան իրադարձությունները, հանդբոլի զարգացման նոր ծրագրեր են կազմելու:

Ի դեպ, ապրիլի 6-ին նախատեսված է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին մասնակցելու են Երևանի, Հայաստանի  մարզերի և Արցախի ներկայացուցիչները: Հավելենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է:

Համաժողովում  անցած ժամանակամիջոցում կատարված աշխատանքի հավետվությամբ հանդես է գալու   Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, կլինեն ելույթներ, գործնական առաջարկներ: Վերջում կընտրվի կազմակերպության նախագահության նոր կազմ: Կանցկացվեն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի, պաշտոնատար այլ անձանց  ընտրություններ:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply