Հավանական է, որ ուշուն օլիմպիական մարզաձև դառնալու մրցապայքարում շրջանցի նաև ըմբշմարտը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 7, 2013 7:08

Անցյալ տարի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած ուշուի Եվրոպայի առաջնությունում վեճ էր առաջացել մրցավարական անարդարությունների շուրջ: Բողոքի դիմած, մրցավարական աշխատանքից հրաժարված մեր երկրի ներկայացուցիչները հայտնվել էին աղմկահարույց պատմությունում: Վերադարձից հետո սպասում էին, թե ինչ կլինի հետևանքը: Հայտնի չէր` Հայաստանի ուշուի ֆեդերացիա՞ն է  պատժվելու, թե՞ կազմակերպության միջազգային կարգի մրցավար նախագահը: Մերոնք էլ, փորձելով պարտքի տակ չմնալ, հանուն արդարության հաստատման, սպառնում էին դիմել միջազգային ատյանների, ընդսմին ՄՕԿի ղեկավարությանը: Թե ինչ է եղել հետո, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանին:

– Որոշումը մեր օգտին չէր: Մենք էլ շարունակելու ենք պայքարը: Հետ չենք կանգնելու ներկայացրած պահանջներից: Պետք է փոխվի Եվրոպայի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի կազմը, որի թողտվությամբ Ալեքսանդր Ռադունցևն (Գերմանիա) ինչ ուզում, անում է: Նա 2012-ի Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն էր: 2010-ից սկսած` Ռադունցևը, որպես գլխավոր մրցավար, սպասարկում է միջազգային ամենաներկայացուցչական ստուգատեները և քանիցս հաստատել է, որ անազնիվ անձավորություն է:

 ՄՕԿին բողոք հասցեագրվե՞լ է:

– Ոչ, դիմել ենք միայն Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի ղեկավարությանը: 

Հայաստանի ուշուի ֆեդերացիան մինչև 2014-ն է որակազրկվա՞ծ:

– Մեր երկրի կազմակերպությանը չեն որակազրկել, այլ` ինձ, որ Տալլինում հրաժարվել եմ մրցավարական աշխատանքը շարունակել: 

Այդ դեպքում ինչո՞ւ չենք մասնակցելու 2014-ի Եվրոպայի առաջնությանը:

– Մեր բողոքն այն է, որ Ռադունցևին թույլ չտան, որ նա կրկին գլխավորի ներկայացուցչական այդ ստուգատեսի մրցավարական աշխատանքը: Եթե նրա ծառայությունից չհրաժարվեն, ապա անիմաստ ենք համարում, որ մեր երկիրը մասնակցի Եվրոպայի առաջնությանը, այն էլ` առանց մրցավարի: Փաստորեն, դա բողոքի ձև է` բոյկոտ: Անիմաստ ենք գտնում պատվիրակներ ուղարկել այդ առաջնություն, քանի որ կասկած չկա, որ ամեն բան կանխորոշված  է, և մեր մարզիկների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է լինելու:

Այսինքն` Հայաստանի հավաքականը կարո՞ղ է մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

– Եթե հավաքականը ցանկանա մասնակցել, ապա մրցավայր կարող է ուղևորվել առանց ինձ: 

Այս տարի կայանալու է ուշուի աշխարհի առաջնությունը: Իսկ այդ ստուգատեսում պատվիրակներ ունենալո՞ւ ենք:

–  Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը Մալայզիայի Կուալա Լումպուր  քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, և  հաստատ մասնակցելու ենք: Ընդ որում, մեր մարզիկները պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով աշխարհի  հինգ ուժեղագույն ընտրանիների թվում է: Դա ևս մեր մարզիկների առջև խնդիր կդնի, որպեզի նրանք  պարտավորված լինեն պարգևների արժանանալ: Ասվածը վերաբերում է  ուշուի սանդա` մենապայքարային մրցաձևին: Պատվիրակներ կունենանք նաև վարժահամալիրային` թաուլու մրցաձևում, որում մեր երկրի հավաքականը թույլ է: Ներկայումս ընթացքում է աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքը: Որպեսզի մեր մարզիկները մրցակցական փորձ կուտակեն, նախատեսել ենք մի շարք մրցաշարեր կազմակերպել: Ապրիլի 11-ին մեկնարկելու է Երևանի առաջնությունը: Մայիսի 2-5-ը Երևանը կհյուրընկալի միջազգային մրցաշարի մասնակիցներին: Մայիսի 18-20-ը կայանալու է Հայաստանի առաջնությունը: Ապա տարբեր մարզերում մրցաշարեր կանցկացվեն: Հետո` հոկտեմբերի սկզբին, կկազմակերպվի Մոնթե Մելքոնյանի հուշամրցաշարը: Այն  ստուգարք կլինի աշխարհի առաջնությունից առաջ: Այդ է պատաճառը, որ այդ ստուգատեսում հանդես կգան միայն Հայաստանի հավաքականի առաջին, երկրորդ և երրորդ համարները:

 Ավադաբար, ապրիլի 24-ին կազմակերպվում էր Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշար: Ինչո՞ւ այդ մասին ոչինչ չասացիք:

– Այս տարի կազմակերպվող մեր բոլոր մրցումները նվիրվելու են Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի մարմնի հինադրման 90-ամյակին: Ճիշտ չէր լինի, եթե այդ միջոցառումը նվիրվեր  նաև ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս առումով մի փոքր շեղվել ենք: Բայց մայիսին միջազգային մրցաշար է կազմակերպվելու, և մասնագետներ ենք հրավիրելու Չինաստանից: Նրանք անցկացնելու են որակավորում և գոտիներ են շնորհելու մարզիկներին: Դա կատարվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, տարբեր երկրներից արդեն մեծ թվով մասնակցելու հայտեր են  ներկայացվել: Այնպես որ միջազգային մրցաշարը կկազմակերպվի բարձր մակարդակով:

 – 2011-ին ահազանգել էիք, որ թեև աջակցության կարգով պետությունից Հայաստանի ուշուի ֆեդերացիային ֆինանսներ հատկացվում են, սակայն դա բավարար չէ: Որևէ բան փոխվե՞լ է:

– Գաղտնիք չէ, որ ինչքան էլ շատ փող հատկացվի որևէ մարզաձևի, այն ավելի լավ կզարգանա: Պետության տված ֆինանսները բավարարել չեն կարող, սակայն հնարավորությունները սահմանափակ են: Այս տարի Հայաստանի ուշուի ֆեդերացիայի բյուջեն 2 մլն դրամով ավելացել է: Այժմ այն 8 մլն դրամ է: Բայց միայն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պահանջվում է 5 մլն դրամ: Մալայզիա պատվիրակներ գործուղելը թանկ է նստում: Այդ է պատճառը, որ ընդամենը 3 մարզիկ և 1 մարզիչ  կարող է մեկնել: Լրացուցիչ ֆինանսներ հայթայթելու խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք քիչ թե շատ մարտունակ հավաքական մրցասպարեզ հանել: Անկասկած, հատկացվածը մեր ֆեդերացիայի կարիքները հոգացող գումարը չէ: Այդուհանդերձ, կփորձենք դրությունը շտկել:

 Հովանավորներ ունե՞ք:

– Առայժմ` ոչ, բայց հույս կա, որ աջակիցներ կլինեն:

Հայաստանի հավաքականի կազմը ե՞րբ հայտնի կդառնա:

– Հայաստանի առաջնությունից հետո 80 տոկոսով կուրվագծվի մեր երկրի հավաքականի կազմը:

 Հնուց ի վեր հակամարտություն է եղել ուշուի միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաների ղեկավարների միջև: Ի՞նչն է պատճառը:

– Այն այժմ էլ շարունակվում է, և դեռ երկար ժամանակ այս վիճակը չի փոխվի: Եվրոպայի ֆեդերացիան հակասական գործելակերպ է որդեգրել. ամեն ինչում հակադրվում է: Դա զայրացնում է Ուշուի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին:  Ակնկալվում է, որ 2020-ին  ուշուն ընդգրկված կլինի օլիմպիական խաղերի ծրագրում: Բանն այն է, որ այդ պատվին արժանանալու հավակնող բոլոր մարզաձևերի խմբում ուշուի ներկայացուցիչներն ամենից  շատ ջանքեր են թափել, որպեսզի  օլիմպիական գրանցում ստանան: Ավելին, 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերին զուգահեռ կազմակերպվել է ուշուի  ցուցադրական մրցաշար: Հավանականությունը մեծ է, որ ուշուն կդառնա օլիմպիական մարզաձև: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն իր հերթին ևս հավաստիացրել է, որ  դա կլինի: Բայց Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի նախագահ, անգլիացի Ռայմոնդ Սմիթը ցանկանում էր գլխավորել Ուշուի միջազգային ֆեդերացիան: Ձախողվելուց հետո նա փորձում է հնարավորինս խանգարել Ուշուի միջազգային ֆեդերացիային: Ի դեպ, վերջինիս ղեկավարը` Լի Մեն Խուան, հզոր անձնավորություն է: Նա ՄՕԿ-ի փոխնախագահն է, Չինաստանի օլիմպիական կոմիտեի, Չինաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահը:

 Ձեր կարծիքով` 2020-ի օլիմպիական խաղերում գրանցում ստանալու մրցապայքարում ուշուն կշրջանցի նաև ըմբշամարտը:

– Դրա հավանականությունը շատ մեծ է:

 Փաստորեն, Հայաստանի ներկայացուցիչների համար 2013-ի գլխավոր փորձությունը լինելու է աշխարհի առաջնությունը: Իրատեսակա՞ն են սպասելիքները:

– Ունենք երեք բարձրակարգ մարզիկ: Եթե վիճակահանությունը մի փոքր հաջող ստացվի, ապա նրանք կպայքարեն ոսկե մեդալների համար: Նկատի ունեմ Ռաֆիկ Հարությունյանին (56 կգ), Մանուկ Հարոյանին (68 կգ), Հարություն Սիմոնյանին (75 կգ): Աշխարհի առաջնությանը լրջորեն ենք նախապատրաստվելու: Այդ ստուգատեսից առաջ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք Գյումրիում կամ Ջերմուկում:

 

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply