Բանակցությունների չվերածված երկխոսության արժեքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 4, 2013 17:01

Մարտի 22-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկների փաթեթ ուղարկեց Սերժ Սարգսյանին` փաստորեն համաձայնելով, որ վերջինս շարունակի պաշտոնավարել որպես նախագահ, բայց պայմանով, որ կատարի իր պահանջները:

 Այդ պահանջները կարող են և արդեն սկսել են որոշ վերլուծաբանների կողմից բնութագրվել «քաղաքական գործարք», «ծախվել» և այլ արտահայտություններով: Յուրաքանչյուր ոք, որ փոքրիշատե ծանոթ է քաղաքագիտությանըգիտի, որ քաղաքական ամբողջ պրոցեսն ու հարաբերությունները հիմնված են գործարքների վրա: Այսինքն` ուժերն ու գործիչները ընտրություների միջոցով հավաքում են քաղաքական կապիտալ` ժողովրդի քվեի տեսքով, և յուրաքանչյուրն իր այդ կապիտալով նստում է իշխանության բաժանման բանակցություների` երկրի կառավարման հարցերում որոշումներ ընդունելու սեփական մասնաբաժինը ստանալու համար: Եվ բնականոն է, երբ ընդդիմությունը իշխանությունից պահանջում է վերահսկողական լծակներ:

 Հայաստանում իշխանությունները միշտ պայքարել ու հաղթել են քաղաքական որոշումները միայնակ կայացնելու հարցում: Բայց լուրջ իշխանությունները, բնականաբար, գիտեն, որ երբ խարխլում են ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, դրանով իսկ պարարտ հող են նախապատրաստում, որ ընդդիմադիր դաշտից աննշան ուժերն առաջ մղվեն ու իրենց շուրջը կենտրոնացնեն ընտրազանգվածի ընդդիմադիր հատվածին: Դա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է, որում Հայաստանում մեկ անգամ ևս համոզվեցինք գործնականում: Վառ օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանն իր շուրջը  հավաքեց ժողովրդի դժգոհ  զանգվածը:

Եվ այդ դեպքում, երբ մի որևէ ուժ կամ գործիչ սկսում է տիրապետել շատ մեծ ընտրազանգվածի, թեկուզ 37 տոկոսի, դա արդեն հիմք է տալիս, որ իշխանությունների առջև թե՛ պայման դնի, թե՛ որոշակի պահանջներ ներկայացնի նրան: Այս դեպքում, բնականաբար, նույնպես առաջանում են քաղաքական կոնֆլիկտներ:

Երկխոսությունը հենց այն բանի համար է, որ դրա ընթացքում կողմերը կարողանան հղկել, հարթել այն հումքը, որը դրվում է որպես քննարկման թեմա հետագա բանակցությունների սեղանին: Այստեղ հարկավոր է զանազանել երկխոսությունը բանակցությունից, և բանակցությունը համագործակցությունից: Նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները խոսում են:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններով ու դրանց Սերժ Սարգսյանի պատասխանելով` Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես սկսվեց երկխոսության փուլը իշխանության ու ընդդիմության ղեկավարների միջև:

Սա երկուստեք կանաչ լույս էր բանակցություններ սկսելու համար: Բայց մեր իրականության մեջ արդեն կա երկխոսության  անհաջող փորձ ու վատ նախադեպ` ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը,  ուրեմն ի՞նչ երաշխիք կա, որ այս փորձը ևս չի ձախողվելու:

Ակնհայտ է, որ երկուստեք կա շահերի համընկնում: Մասնավորապես` ընդդիմությունը կարող է հասնել քաղաքական որոշումների կայացման համար անհրաժեշտ որոշ լծակների, իսկ իշխանություններին պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ է ընդդիմությունը:

Մի պահ պատկերացնենք, որ իշխանությունները համաձայնվեցին այս բանակցություններին` ընդդիմադիր ևս մեկ շարժում մարելու, մի ալիք ևս չեզոքացնելու համար, ասել է թե` երկխոսությունը տապալելու:

Այդ դեպքում ընդդիմությունն արդեն ուշքի չի գա, մենք դրա փորձն ունենք անցած խորհրդարանական ընտրություններից: Ընդդիմությունն արդեն կամավոր կհրաժարվի երկրի քաղաքական պրոցեսներին մասնակցելուց, քանի որ կհասկանա, որ իրեն գործելու համար երկու ուղղություն է մնում` կա՛մ ծայրահեղ քայլերի դիմել, ինչին այս պահին Հայաստանում ընդդիմադիր ոչ մի ուժ չի գնա` հաշվի առնելով նաև մեր ողբերգական փորձը այս ուղղությամբ, կա՛մ ուղղակի կհասկանա, որ ինքը որևէ բան փոխելու հնարավորություն չունի, և իշխանություններին կթողնի միայնակ երկրի կառավարման գործերում ու հարցերում, ինչպես նաև քաղաքական պրոցեսներում:

Իսկ այն դեպքում, երբ իշխանությունները դաշտում մնան միայնակ, նորից քաղաքական կոնֆլիկտ կառաջանա, այս անգամ արդեն հենց իշխանության ներսում: Իշխանությունների մեջ արդեն կսկսվի ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, ու միևնույն քաղաքական ուժի ներքին խումբ-խմբավորումները, կլանները կմտնեն պետական «կերակրատաշտից» առավել շատ օգտվելու պայքարի մեջ: Սա միշտ ունենում է մի հետևանք. տվյալ քաղաքական ուժը սկսում է ինքն իրեն մաշել, կորցնում է  միասնականությունն ու այնուհետև` դիմադրողականությունը, քանի որ երբեմնի թիմակիցներն արդեն դառնում են ախոյաններ ու մրցակիցներ:  Ի վերջո, տվյալ քաղաքական ուժը քայքայվում է:

Իշխանությունների փրկությունն ընդդիմությանն ընդառաջելն է

Այս ամենը հաշվի առնելով` սկսված երկխոսությունը իշխանությունների փրկությունն էր, քանի որ հակառակ դեպքում նրանք կսկսեն ինքնաոչնչացումը: Բայց նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի վերջին հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական նստավայր չգնալը կարող է հանգեցնել երկխոսության դադարեցման, կարծես փակուղային իրավիճակ ստեղծեց սկսված երկխոսության համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը, մի կողմից, չէր կարող գնալ նախագահական` հաշվի առնելով, որ հացադուլի մեջ է, Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում այցելել Ազատության հրապարակ: Եվ այս  փակուղային իրավիճակից մի ելք պետք էր գտնել:  Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը գտավ այդ ելքը` կիրակի դուրս գալով հացադուլից:

Պատճառաբանությունը` նախապատրաստվել ապրիլի 9-ին` նախագահի երդմնակալության արարողության օրն իրականանալիք բողոքի մեծ ցույցին:

Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու հարց է լուծում. նախ` կարող է արդեն հանգիստ ընդունել Սերժ Սարգսյանի` նախագահական նստավայրում հանդիպման հրավերը, և երկրորդ` ապրիլի 9-ին իրոք աննախադեպ ցույց կազմակերպելով` ավելի զգալի քաղաքական կապիտալ ցույց տալ, ասել է թե` ավելի վստահ դիրքերով անցնել երկխոսության փուլից դեպի բանակցային փուլ:

Համենայն դեպս, իշխանությունները, ըստ տրամաբանության, պետք է որ հասկանան ընդդիմության բացակայության վտանգները և շահագրգռված լինեն ընդդիմադիր մրցակցի գոյության հարցով: Ուստի, եթե իշխանությունները ճիշտ գնահատեն իրավիճակը,  լիովին սպասելի է, որ որոշակի պայմանավորվածություն կամ ինչպես որոշ մարդիկ են սիրում ասել` «գործարք» կլինի: Դրանից, ինչ խոսք, կշահեն թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ երկիրը:

 

 

Դիտվել է 2180 անգամ:
Print Friendly

Leave a Reply