Մի ընտրությունից չպրծած` ընկանք նոր ընտրապատմության մեջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 5, 2013 7:05

Պարզ է, որ ընտրական ցիկլը, որը սկսվեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններով և շարունակվեց նախագահական ընտրություններով, իր ավարտը գտնելու է մայիսին` Երևանի ավագանու ընտրություններով: Վերջինիս  համար պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին

 Ոչ միասնական դիրքորոշում` միասնական ջանքերի հարցում

 

Մարտի 21-ին, ժամը 18:00-ին, ավարտվեց մայիսի 5-ին կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների մասնակցության ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու վերջնաժամկետը: Ցուցակներ են ներկայացրել 7 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և «Առաքելություն» կուսակցությունները:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր և ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում մարտի 29-ին գրել է. «Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով` այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության` համապետական` հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ»:

Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու առաջարկն առաջին անգամ արվեց ՀՅԴ-ի կողմից: ՀՅԴ մոտեցումը հետևյալն էր. Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ` նախագահական ընտրություններից հետո ստեղծված մթնոլորտն ինքնին քաղաքականացված է, և շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Բնականաբար, կարծում էին ՀՅԴ-ում, ամեն ինչ պետք է արվի, որ հետընտրական շարժումը` ոգևորությունը, ավելի ընդլայնվի, ավելի ուժեղանա և իբրև առաջին հանգրվանային հաղթանակ` արձանագրվի Երևանում:

Մի խոսքով` սկզբից առաջարկվում էր, որ միասնական ցուցակը գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց վերջինս մերժեց դա: Հետո առաջարկվել է, որ ցուցակը գլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Այս տարբերակին էլ համաձայն չէր ՀՅԴ-ն, քանի որ կարծում էր, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պետք է գլխավորի ցուցակը: Այս տարբերակը ևս չընդունվեց:

Այնուհետև եղան եռակողմ խորհրդակցություններ` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդտեղ էլ առաջարկվեց երկու տարբերակ. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, և երկրորդ` եթե ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխավորի Վարդան Օսկանյանը:  Սակայն այս դեպքում արդեն ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը համաձայնության չեկան: Բնականաբար, «Ժառանգությունը» մտածում է, որ այսօր ընդդիմության հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, հսկայական ձայներ է ստացել, և իրենք պետք է լինեն առաջինը, ԲՀԿ-ն էլ ասում է, որ սրանք միակ ընտրությունները չեն, եղել են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով ԱԺ-ում ԲՀԿ-ն ունի 30-ից ավելի պատգամավոր:

Այնուհետև «Ժառանգությունն» առաջարկեց, որ ՀՅԴ-«Ժառանգություն» միասնական ցուցակը գլխավորի ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը, բայց այս դեպքում էլ ՀՅԴ-ի սկզբունքն այն էր, որ սա քաղաքական պայքար է, և քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն ցուցակները:

Խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: «Դրանից հետո էլի պայքարը մնում է, բայց` պակաս արդյունավետ»,- Մարտի 30-ին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Կրկի՛ն փորձիր…»

Մի խոսքով, ընդդիմության համախմբումը չիրականացավ, և քաղաքական ուժերն ընտրությունների են գնում առանձին-առանձին: Բայց դաշինքների ու միասնական ճակատով հանդես գալու մասին խոսակցությունները չեն դադարում: Երևանի ընտրություններում ընդդիմության` միասնաբար հանդես գալու  կապակցությամբ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է` չի բացառվում, որ հետագայում ներքաղաքային կառույցում ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» միավորվեն:

Հետընտրական դաշինքի մասին վերոհիշյալ հարցազրույցում խոսել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ասել, որ  ամեն ինչ կորած չէ: «Եթե մենք չենք կարողանում ուղղակի ընտրությամբ հասնել քաղաքապետի ընտրության, որը կարող էր լինել նախընտրական դաշինքում, հետընտրականով դա կատարենք անուղղակի` ավագանու միջոցով: Վստահ եմ, որ որևէ մեկն այսօր 50 կամ 40 տոկոս չունի, որ բոնուսը կիրառվի: Ուրեմն հնարավոր է, որ տեղի ունենա ավագանու մեջ քաղաքապետի ընտրություն: Էս գլխից որոշենք, որ միավորում կարող է լինել ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև, և նրանք տեղում կորոշեն քաղաքապետին: Սա է մեր առաջարկը»,- ասել էր Արմեն Ռուստամյանը:

Իսկ մարտի 22-ին ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում առանձին կամ ոչ իշխանական ուժերի միջև կոալիցիա կազմելով` նոր մշակույթ կձևավորեն: «Կարծում եմ` մեկ միասնական ցուցակով հանդես չգալն ավելի լավ տարբերակ է, քանի որ ամեն ուժ ունի իր ընտրազանգվածը: Յուրաքանչյուրիս կողմից առանձին վերցրած ձայներով ավելի մեծ և ընդգրկուն հնարավորություն կլինի հետո կոալիցիա կազմելու»,-նշել էր Օսկանյանը:

Տրամաբանությունը պարզ է. հաջողության չհասնելով միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու հարցերում` ընդդիմության տարբեր ուժեր ընտրապայքարի կմտնեն առանձին-առանձին: Այսպիսով նրանք նաև հույս ունեն, որ յուրաքանչյուրն իր հույսը չի դնի մյուս ուժի կատարելիք աշխատանքի վրա, այսինքն`  ավելի լավ կաշխատի ինքն իր համար, ավելի լավ արդյունքներ կգրանցի, իսկ դրանից հետո կմիավորվեն: Կարծես վատ տարբերակ չէ, եթե հաշվի չառնենք մի քանի հանգամանքներ:

Միությունները Հայաստանում կազմավորվում են նեգատիվ կոալիցիաների տեսքով

 

Խնդիրը, որ թույլ չի տալիս վերջնականորեն այս հարցի լուծմանը հասնել, այն է, որ տարբեր ուժերը, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմադիր և ներկայացնում են ընդդիմադիր զանգվածի տարբեր հատվածներ, ոչ միայն այս կամ այն ուժի դեմ պայքարելու միասնություն ունեն, այլև տարբեր դիրքորոշումներ տարբեր ոլորտներում, որոնք առայժմ թույլ չեն տալիս հանդես գալ միասնական, համախմբված ձևով: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Միասնության ցեմենտը հանդես է գալիս «հակա» գաղափարը, նրանք հասնում են մասնակի հաջողությունների, և երբ արդեն կառուցողական ծրագրերի մասին է խոսք լինում, այստեղ արդեն հանդես են գալիս խնդիրներ: Չկա մեկ միասնական կառուցողական ծրագիր, որ կարող է միացնել մարդկանց, քաղաքական գործիչներին, որոնք ներկայացնում են իրենց ծրագրերը: Մենք չենք կարող խոսել միասնական ընդդիմության մասին, և գուցե դրա մասին պետք էլ չէ խոսել, որովհետև խոսքն առանձին դեմք ունեցող կամ չունեցող ընդդիմության ներկայացուցիչների մասին է, որոնք ունեն իրենց պատկերացումներն ապագայի մասին, իրենց տեսլականը, քաղաքական գործընթացներում իրենց մասնակցության ձևաչափերը»,- պարզաբանում է քաղաքագետը:

Այսինքն`  եթե խոսքը ծրագրային ընդդիմության մասին է, ապա առայժմ տեսանելի չեն այն ծրագրային դրույթները, որոնք կարող են  ներկայանալ որպես միասնական ծրագիր բոլոր ընդդիմադիր ուժերի համար: Մինչ այժմ միավորող դրույթը եղել է անձնավորված, անհատականացված, ընդդիմությունը միացել է այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է տապալել գործող իշխանություններին:  Սա նեգատիվ կոալիցիա է:

Իսկ այն ընթացքում, երբ ընդդիմությունը փորձում է որոշել` միասին գնալ ընտրությունների, թե հետո միավորվել և այլն,  ՀՀԿ ճամբարում ակտիվ նախապատրաստական գործընթացներ են: Արդեն մամուլի տարբեր օրգաններ բազմիցս անդրադարձել են հին ու փորձված մեթոդների կիրառմանը` անձնագրային տվյալների հավաքմանը և մարդկանց հաշվառմանը, արդեն մի քանի մարզպետներ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում «խոստովանել» են, որ բանեցնում են անձնական ու իշխանական լծակները` այլոց Երևանի ավագանու ընտրություններում ուղղորդելու համար, գործի է դրվել վարչա-հրամայական լծակը, իշխանական բոլոր ռեսուրսները: Եվ ընտրություներին ընդդիմադիրների  առաձին-առանձին գնալը ձեռնտու է դառնում միայն ՀՀԿ-ին: Որովհետև տեսականորեն որքան էլ հնարավոր է առանձին-առանձին շատ ձայներ հավաքել ու հետո արդեն ավագանու կազմում ուժերը միավորել, գործնականում դա կլինի ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա կոնսոլիդացիայի բոլոր փորձերի դեպքում:

 

Դիտվել է 2607 անգամ:
Print Friendly

Leave a Reply