Գետնախնձոր կամ գետնատանձ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 8, 2013 4:01

Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն  հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ  մերժված բանջարեղեն է:

Չնայած  անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով , այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:

Գետնախնձորի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան  է, որտեղ մինչ օրս էլ հանդիպում է այս բույսի վայրի տեսակը: Այս աշխարհամասից է այն սկսել իր «ուղևորությունը» դեպի Եվրոպա: Ճանապարհորդ Սեմյուել դը Շամլայնը գետնախնձոր ուղարկեց  Ֆրանսիա 1605-ին: Այստեղ է, որ տոպինամբուրը (հնդկացիների լեզվով` արևարմատ, բառն առաջացել է բրազիլական հնդկացիների բազմաթիվ համայնքներից մեկի` տուպինաբայի անունով)) ստացավ  գետնատանձ  անունը, որով  էլ XVIII դարում հասավ Ռուսաստան: Իսկ երուսաղեմյան արտիճուկ անունը գետնախնձորը ստացել է Անգլիայում: Պատերազմական սովի ժամանակ, երբ դժվար էր անգամ կարտոֆիլ ճարել, գետնախնձորն ու բազուկը եվրոպացիներին օգնեցին ապրել: Կուշտ տարիներին մոռացված արմատապտուղը հիմա կրկին իր դիրքերն է ամրապնդում, մանավանդ` Ֆրանսիայում: Ու դրան մեծապես նպաստում են խոհարարները, որոնք նորանոր բաղադրատոմսեր են առաջարկում: Մեր օրերում այդ բանջարեղենն աճեցվում է մոլորակի տարբեր անկյուններում, սակայն այն գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս այդպես էլ չդարձավ`  երկարատև պահպանելու դժվարության պատճառով: Գետնախնձորն աճեցնում են նրանք, ովքեր գիտեն դրա իսկական արժեքը:

Գետնախնձոր արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փրերը` որպես սիլոս: Բացի այդ, այն արժեքավոր հումք է  սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:

Կարտոֆիլի նման, այն ևս օգտագործվում է  տապակած, խաշած, ինչպես նաև հում վիճակում, դրանից պատրաստում են ապուր, խյուս ու աղցան, իսկ Ամերիկայում  գետնախնձորի չոր  պալարներից պատրաստում են դիետիկ սուրճ:

Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար:

Գետնախնձորի բաղադրությունը (100 գ)

Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ,

վիտամիններ.  В1 (թիամին) – 0.24 մգ

վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ

նիացին (վիտամին  В3 կամ վիտամին  РР) – 0.3 մգ

վիտամին В5  – 0.1 մգ

վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ

ֆոլիաթթու (վիտամին В9) – մկգ

վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ

հանքանյութեր

կալիում – 280 մգ

կալցիում – 16 մգ

մագնեզիում – 6 մգ

նատրիում – 3.4 մգ

երկաթ – 2.0 մգ

կալորիականությունը. 100գ-ում` 74 կկալ:

Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում, ինչը հաստատվել է տարբեր տարիներին իրարից անկախ կատարված մի շարք հետազոտություններով:

Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է  կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ  աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը:

Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է  ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ  հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ:

Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:

Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն  կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում: Մեծաքանակ բջջանքն ու ինուլինը կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտում գազառաջացման, ուստի նրանք, ովքեր ունեն նման խնդիր, լավ կլինի` չչարաշահեն հում գետնախնձորի կիրառումը:

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում:  Դրանից ստացվում են աղցաններ, խյուս, ապուր:

Իսկ ով փորձել է, ապա գիտի գետնախնձորի համը. հում բանջարեղենն ինչ-որ չափով ընկույզ է հիշեցնում: Թարմ պալարներն օգտագործվում են նաև աղցաններում: Այն կարելի է եփել և ընդհանրապես պատրաստել ինչպես կարտոֆիլը: Ջերմամշակման արդյունքում այն ավելի հագեցած համ է ձեռք բերում: Գետնախնձորը կարելի է նաև չորացնել ու դրանից ալյուր ստանալ, որն անգամ երկար պահելուց հետո էլ չի կորցնում օգտակար հատկությունները: Գետնախնձորն օգտագործում են նաև թթուների  ու մարինադների մեջ: Իսկ Գերմանիայում գետնախնձորից գարեջուր են պատրաստում:

Օգտագործելուց առաջ հարկավոր է պարզապես շատ լավ լվանալ, իսկ կեղևահանել պետք չէ, քանի որ դրա մեջ շատ օգտակար նյութեր կան:

Տաք աղցան

Գետնախնձորը կտրատել 3 մմ հաստությամբ օղակներով, նույն ձևով կտրատել նաև կարմիր սոխը: Երկու բաղադրիչները միասին տապակել ձեթով (ցանկալի է` ձիթապտղի), ու վերջին պահին մի քանի պճեղ սխտոր ճզմել և համեմել աղով ու պղպեղով: Գազօջախն անջատել, ապա վրան լիմոնի հյութ ցողել ու կանաչի ցանել: Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում:

Դիտվել է 3846 անգամ:
Print Friendly

Leave a Reply