Երիտասարդ գիտնականները գիտության ոլորտում առաջընթաց չեն տեսնում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 4, 2013 12:24

«Անկախը» պարբերաբար անդրադառնում է գիտության խնդիրներին` ներկայացնելով նաև Հայաստանի երիտասարդ գիտնականների խնդիրները, նրանց դիրքորոշումները: Այս անգամ «Անկախը» հետադարձ հայացք կգցի` պարզելու, թե մեր կողմից լուսաբանված  երիտասարդ գիտնականների աչքերով վերջին մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց կյանքում  և գիտության ոլորտում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որ 10 տարի արդեն գիտությամբ է զբաղվում, չի բացառում, որ այս տարի հնարավոր է` թողնի աշխատանքը անձնական խնդիրների պատճառով:

Անդրադառնալով նախորդ մեկ տարվան` Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում  գիտության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:«Գիտնականները սկսել են ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար: ՊԳՖԱ ջանքերով և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ տեղի ունեցան մրցանակաբաշխություններ, որոնք, իհարկե, խթանում է երիտասարդներին: Բացի այդ, նախագահի կողմից երիտասարդներին հատկացվեց 100 մլն դրամ, ինչը հնարավորություն տվեց մի քանի երիտասարդների մեկնելու գիտական գործուղումների, կազմակերպվեցին գիտական դպրոցներ և գիտաժողովներ, ինչը կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի առումով: Անհրաժեշտ է նշել նաև ԳՊԿ կողմից տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարելավելու աշխատանքային պայմանները և համագործակցության նոր եզրեր փնտրելու»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ արվածը  քիչ է պնդելու համար, որ գիտության ոլորտում կարևոր քայլեր են կատարվել:

Մանուկյանի համար վերջին մեկ տարում դրական է եղել այն մրցանակը, որ ստացել է «Տաշիր» հիմնադրամի կողմից «Առավելագույն հղման ինդեքս ունեցող գիտական հոդվածների» մրցույթում: Իսկ բացասական զարգացումները, ըստ Մանուկյանի, շատ են:

«Ոջիլի պատմության նման» կրկին ու կրկին հանգում ես մի բանի. գիտաշխատողին շաբաթական 5 օր և օրական 8 ժամ աշխատելու դիմաց այնքան չնչին գումար են վճարում, որ ծիծաղելի է: Հիմա էլ նոր հարկային քաղաքականության հետևանքով գիտնականներին հատկացվող հավելավճարներից ավելի շատ պահումներ են կատարվում, և գիտնականն  էլի տուժում է,- ասում է Մանուկյանը:- Մյուս կողմից էլ շատ վիրավորական է, որ ինչ-որ հիմնարկության հավաքարար կամ վարորդ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գիտնականը: Ակադեմիայի աշխատողը  մեկ տարի աշխատելուց հետո իրեն չի կարող թույլ տալ գոնե  մեկ շաբաթով հանգստանալ հանրապետությունում: Լավ է, որ հիմա մեզ հատկացվեցին սոցիալական ապահովագրության փաթեթները, գոնե քիչ թե շատ հնարավոր կլինի որոշ առողջական խնդիրներ լուծել»:

Երիտասարդ գիտնականը նշում է նաև, որ նորմալ աշխատելու համար չկան համապատասխան նյութեր ու սարքեր. «Ինքս ԳՊԿ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար եմ և վերջին 2 տարում  դրամաշնորհի գումարներով կարողացել եմ ձեռք բերել անհրաժեշտ նյութեր փորձեր կատարելու համար: Իսկ հիմա դրամաշնորհն ավարտվում է, և ես նորից կանգնելու եմ «կոտրած տաշտակի» առաջ. ի՞նչ և ինչպե՞ս անել»:

Անդրադառնալով գիտության ոլորտի հրատապ խնդիրներին, որոնք շարունակում են չլուծված մնալ, Մանուկյանն առանձնացնում է երեքը: Առաջին` գիտնականի աշխատավարձի անհապաղ բարձրացում, այլապես մի քանի տարուց ակադեմիան արդեն աշխատող չի ունենա: Երկրորդ` գիտնականներին հարկավոր է ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով` մրցունակ գիտական արտադրանք ստանալու համար: Երրորդ` պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, այլապես մի քանի տարի հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ նորմալ արդյունավետ աշխատող միջին սերնդի ներկայացուցիչները շատ քիչ են, իսկ  շատ երիտասարդներ ուղղակի ստիպված են լքել գիտությունը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուզաննա Սոխոյանն «Անկախի» հետ հարցազրույցից որոշ ժամանակ անց ԱՄՆ է տեղափոխվել, աշխատում է ԱՄՆ-ում` հետդոկտորական ծրագրի շրջանակներում հետազոտություններ է կատարում:

Սոխոյանն ասում է, որ ԱՄՆ-ում է աշխատում, քանի որ այնտեղ ինքնադրսևորվելու և ստեղծագործական աշխատանք կատարելու շատ ավելի  մեծ  հնարավորություններ ունի, քան Հայաստանում: «Թեև հայ գիտնականներն իրենց մտքի թռիչքով չեն զիջում որևէ այլ երկրի գիտնականներին, սակայն աշխատանքային պայմանների տարբերությունն անհավասար մրցակցություն է ստեղծում հայաստանցի և զարգացած երկրներում ապրող գիտնականների միջև,- ասում է նա:- Քանի որ Հայաստանցի գիտնականների վաստակած գումարը չի բավարարում առօրյա հոգսերը հոգալու համար, գիտնականը ստիպված է հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել: Այդ պատճառով հայաստանցի շատ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը հոբբի է դարձել, ոչ թե հիմնական զբաղմունք: Դա չի կարող չանդրադառնալ գիտական միջավայրի վրա»:

Չնայած Սոխոյանը Հայաստանում չէ, շարունակում է հետևել այստեղ գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նրա կարծիքով`  ներկա իշխանությունների օրոք դրական տեղաշարժի սպասելը սին գործ է: «Մինչև երկրում համակարգային փոփոխություններ չլինեն, գիտության ոլորտը, աստիճանաբար ծախսելով նախկինում կուտակված կապիտալը, գահավիժելու է անդունդ»:

Խոսելով գիտնականի նկատմամբ վերաբերմունքի մասին  Հայաստանում և ԱՄՆ-ում` Սոխոյանն ասում է. « Իմ կարծիքով` գիտնականի նկատմամբ վերաբերմունքի հիմնական չափանիշը գիտնականի աշխատավարձն է: Իսկ ԱՄՆ-ում պրոֆեսորի աշխատավարձը շուրջ 60 անգամ ավելի է, քան հայաստանցի պրոֆեսորի աշխատավարձը: Եվ միջինում, կարելի է ասել, մարդու աշխատավարձը համեմատական է մարդու կատարած աշխատանքի բարդությանը: Գիտնականները շատ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, արագ սննդի կետերի աշխատակիցները: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում: Եվ դա ունի իր պատճառները: ԱՄՆ-ում նորարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»:

Սոխոյանն ասում է, որ Հայաստանսում շարունակում է խզված  մնալ նաև գիտություն- տնտեսություն կապը. « Ո՛չ մասնավոր ներդրողը, ո՛չ պետական այրերը իմաստ չեն տեսնում գիտական նախագծեր ֆինանսավորելու մեջ: Գիտության ոլորտում ներդրումները ենթադրում են երկարաժամկետ հետևողական և շատ լուրջ աշխատանք: Վստահ կարելի է ասել, որ գիտահենք տնտեսության ճյուղերը շատ ավելի դժվար է զարգացնել, քան հանքարդյունաբերությունը»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանի կյանքում վերջին մեկ տարում փոփոխություններ շատ են եղել, սակայն դրանք ՀՀ կառավարության գործունեության արդյունք չեն. «Վերջին մեկ տարվա ընթացքում ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով եղել եմ ԱՄՆ Բերկլիի համալսարանում, ստացել եմ ANSEF-ի դրամաշնորհ, Եվրոպական FP7 գրանտերի գնահատման մասնակցության հրավերքներ եմ ստացել: Սակայն դրանք կապված չեն եղել ՀՀ կառավարության բարեփոխումների հետ»:

Գոգյանի կարծիքով` կարևոր է, որ կառավարությունը փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ:

«Առայժմ կարող եմ, Հայաստանում գտնվելով, շատից-քչից  զբաղվել ֆիզիկայով: Հուսով եմ` իրավիճակը կլավանա, ու ստիպված չեմ լինի
որոշ ժամանակ անց լքել հայրենիքս»,- ասում է Գոգյանը` խոսելով ապագայի հեռանկարների մասին:

Ստացվում է, որ ինչքան էլ խոսվում է գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսության մասին, միևնույն է, խոսքը գործի չի վերածվում, կամ էլ այդ ամենն այնքան դանդաղ է կատարվում, որ գիտական հանրությունը դեռևս իր վրա չի զգում այդ փոփոխությունները:

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply