Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հանդիպել է Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովի հետ

Օրվա լուր | | April 2, 2013 22:24

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովին և նրա միջոցով Հայաստանի ասորական ամբողջ համայնքին է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը Հաբ-Նիսանի՝ ասորական նոր տարվա կապակցությամբ:
“Երևանում ասորական համայնքը մշտապես իր մասնակցությունն է բերում իրականացվող քաղաքային տարբեր ծրագրերին: Հատկապես ակտիվորեն է ներգրավված հասարակական-մշակութային նախագծերում: Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և հույս ունենք, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռվեն”,- նշել է Վանո Վարդանյանը` քաղաքապետի անունից վերահաստատելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել համայնքին:
Համայնքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուշադրության և շնորհավորանքների համար` Արսեն Միխայլովն ընդգծել է, որ երևանաբնակ ասորի համայնքն իր հերթին կարևորում է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները:
“Անչափ զգացված ենք քաղաքապետի վերաբերմունքի և գնահատանքի համար և պատրաստակամ՝ հնարավորությունների չափով նպաստել մեր մայրաքաղաքի զարգացմանը: Իհարկե, Երևանի զարգացումն ակնհայտ է ` շնորհիվ այն փորձի, որ Տարոն Մարգարյանը ներդնում է ի նպաստ քաղաքի զարգացման”,- նշել է Արսեն Միխայլովն ու փոխանցել համայնքի երիտասարդների ցանկությունը` մասնակցելու ապրիլի 14-ին կազմակերպվելիք համաքաղաքային ծառատունկին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply