ՀՅԴ. Հրաչ Մուրադյանի սպանությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2013 17:38

Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:

Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին:

Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմին

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply