Ինչպիսի՞ կարգ է գործում ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման ժամանակ

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 4, 2013 7:03

Հասարակության բնականոն կենսագործունեության և սերունդների շարունակականության ապահովման նպատակով գոյություն ունեցող ամուսնության երևույթը ոչ միշտ է ծառայում իր բուն առաքելությանը: Հաճախ ամուսիններն իրար հետ վիճում են ոչ լուրջ հարցերի շուրջ ու արդյունքում իրար հետ ընդհանուր հայտարարի չգալով` կամա թե ակամա որոշում են առանձին ապրել: Եվ այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում հանգամանքների բերումով գործ ունենալ հիշյալ ոլորտը կարգավորող օրենսդրության նրբությունների հետ: Որոշ դեպքերում էլ մարդիկ ճիշտ չեն հասկանում և իմանում, թե երբ է ամուսնությունը համարվում դադարած:

Այսպես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին:

Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները,

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի,

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը,

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:

Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ:

Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:

Ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնության պետական գրանցում չի կատարվում առանց ամուսնալուծության վկայականի առկայության:

Դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու և դատարանի համապատասխան վճռի վերանայման դեպքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնությունը կարող է վերականգնել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ամուսինը սահմանված կարգով նոր ամուսնություն է կնքել:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply