«Պիրատության» դեմ պայքարը՝ համաշխարհային խնդիր. Մասնագետները հորդորում են գնել միայն արտոնագրված ծրագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 3, 2013 12:51

Կիբեռհանցագործությունն ու ծրագրային պիրատությունն այն երևույթներն են, որոնց դեմ պայքարում է ամբողջ աշխարհը: Այս չարիքի առկայությունը բազմապիսի վնասներ է հասցնում և՛ անհատ սպառողներին, և՛ ձեռնարկություններին: Նման կիբեռհանցագործությունների արդյունքում կեղծարարները կարողանում են փոխել արտոնագրված ծրագրերի ծածկագրերը՝ դրան վիրուս կցելով: Նման վարակների հետևանքով սպառողները տարեկան կարող են մոտ  1,5  մլրդ ժամ և 22 մլն դոլար ծախսել` ծագած խնդիրների պատճառները և համակարգչային վիրուսի հետևանքները բացահայտելու համար: Այս տվյալները հնարավոր է եղել հաշվարկել «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից պատվերով անցկացված նոր ուսումնասիրության համաձայն, որն իրականացրել է «Միջազգային տվյալներ» ՝ IDC ընկերությունը: Այսօր արդեն չարտոնագրված վտանգավոր վիրուսներ տեղադրելը համակարգիչներից օգտվողներին վնասելու  նոր մեթոդ է դարձել: Ուստի ծրագրային ապահովման ոլորտում առկա վտանգների և խնդիրների մասին հանրության շրջանում իրազեկության բարձրացման նպատակով ոլորտի մասնագետները հորդորում են ինտերնետի բոլոր օգտատերերին լինել առավելագույնս զգոն և որևէ ծրագիր ներբեռնելիս կամ գնելիս համոզված լինել, որ այն կեղծված չէ և վտանգ չի ներկայացնում:

Որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հասարակության համար դառնում առավել մատչելի, այնքան շատանում  են նաև դրանցում առկա  պիրատության դեպքերը:

Մարտի 6-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Անվտանգ  կամ  ազնիվ խաղի օր», որին ուղղված միջոցառումները համաշխարհային մասշտաբով իրականացվում են արդեն վեցերորդ անգամ: Հայաստանը ևս անմասն չի մնում այս միջոցառման մեկնարկից, որն արդեն երրորդ անգամ իրականացվում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության կողմից: Այս   միջոցառման  հիմքում որպես գերակայություն  ընկած է ընկերության կողմից  լայնատարած ծրագրերի առաջարկման հարցում ազնվության և անվտանգության ապահովումը: «Ազնիվ խաղի օրվա» մեկնարկը ստիպեց մասնագետներին ևս մեկ անգամ բարձրաձայնել ՏՏ ոլորտում առկա այս խնդրի մասին:

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հաստատեց այն միտքը, որ դրանց վտանգն ավելի մեծ է հատկապես այն պարագայում, երբ ՏՏ ոլորտը համաշխարհային մակարդակով դարձել է դինամիկ զարգացող ոլորտ: Նրա տեղեկացմամբ, եթե նախկինում ծրագրային ծովահենությունը տարածվում էր միայն ձայնասկավառակների և տեսասկավառակների միջոցով, ապա այժմ դրանք տարածվում են նաև վիրտուալ տարբերակով, երբ սպառողն օգտվում է ինտերնետից: Ընդգծելով այն դրական փաստը, որ ինտերնետը Հայաստանում վերջին տարիներին իր տարածվածության և հասանելիության առումով լուրջ վերելք է ապրել, Գրիգոր Բարսեղյանը միաժամանակ հաստատեց նաև, որ դրան զուգահեռ  շատացել են նաև կիբեռհանցագործության և պիրատության դեպքերը:

Ինտերնետից ներբեռնվող ծրագրային ապահովման 78 տոկոսն արդեն իսկ մեծ վտանգ են ներկայացնում՝ իրենց մեջ նաև լրտեսական բաղադրիչներ պարունակելով: Հետազոտողները պարզել են, որ չարտոնագրված ծրագրերի 45  տոկոսը, որոնք տրված չեն համակարգչի հետ, ներբեռնվում են ինտերնետից, և այդ ծրագրերի 80 տոկոսը փոխանցվում է այն կայքերից, որոնք ընդգրկում են լրտեսական ծրագրերի որոշ տեսակներ, այդ թվում նաև «Տրոյան» տեսակի վիրուսներ, որոնք իրենց մեջ նաև գովազդ ունեն: Այդ ծրագրային ապահովման  28 տոկոսը հանգեցնում է տեխնիկական լուրջ խնդիրների և զգալի նվազեցնում է  համակարգչի արտադրողականությունը:

«Այդ գործընթացները հնարավորություն են տալիս չարամիտ մարդկանց մոնիթորինգ անել և հետևել սպառողների գործողություններին: Լրտեսությունը հնարավորություն է տալիս նույնիսկ հասանելի դարձնելու ամենաանձնական կամ կարևոր տեղեկությունները: Այս դեպքերի  թիվը բավական մեծացել է, ինչը մեծ վտանգ է պարունակում: Երեքից մեկի համակարգիչը, մասնագետների կանխատեսմամբ, վարակված է լինելու անցանկալի վիրուսներով: 2013  թ. ամբողջ աշխարհում  114 մլրդ դոլարի ծախսեր են առաջանալու ընկերություններում՝ հանգեցնելով  ֆինանսական և տեխնիկական լուրջ խնդիրների: Այս հանգամանքը նաև բացասաբար է անդրադառնալու  այդ ընկերությունների հեղինակության վրա: Իսկ ինչ վերաբերում է  կոմերցիոն տեղեկատվության կորստին, ապա այս տարվա ընթացքում այդ ծախսերը գնահատվում են 350 մլրդ դոլար:

«Պիրատությունից ծագած կորուստներն արտադրողների շրջանում կազմում են տարեկան 66 մլրդ դոլար»,- նշեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա կարծիքով, հայ սպառողներից շատերը, խնայելով ֆինանսական միջոցները, գիտակցաբար գնում են գնային առումով մատչելի ծրագրային ապահովումներ՝ մեծացնելով անսպասելի վիրուսներով վարակվելու հնարավորությունները: Այս առնչությամբ թեև արժե փաստել, որ հասարակության համար այդ ծրագրերի՝ արդեն անմատչելի լինելն է բավական լուրջ խնդիր, քանի որ շատ օգտատերեր՝ ընտրելով ամենադյուրին ճանապարհը, ձեռք են բերում ցանկացած ծրագրային փաթեթ, առանց դրա դիմաց գումար վճարելու: Այսօր կան էլեկտրոնային կայքեր, որոնց միջոցով կարելի է կարճ ժամկետում և առանց վճարի ցանկացած ծրագիր ներբեռնել: Այս հարցում դժվար թե օգտատերերից շատերը մտածեն, թե որքանով է այդ ծրագիրը վտանգավոր կամ  անվտանգ իրենց համակարգչի համար:

«Մայքրոսֆթի» ներկայացուցիչը հորդորեց համակարգչի բոլոր օգտատերերին զերծ մնալ ոչ արտոնագրված ծրագրային  ապահովումներից կամ այցելել իրենց կայքէջը` ստուգելու` համակարգիչը վարակված է, թե ոչ: Միաժամանակ ընկերության տնօրենը հարկ համարեց ասել նաև, որ համակարգիչ գնել ցանկացողները սարքը ձեռք բերեն հեղինակավոր ընկերությունից` այդպիսով համակարգիչն ապահովելով արտոնագրված ծրագրերով:

ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  անդամ Աշոտ Իսկանդարյանը, օրինակ, հայտնեց, որ իրենց կառույցը կիրառում է միայն արտոնագրված ծրագրեր, և այդ տեսանկյունից իրենք լիովին պաշտպանված են: Այս երևույթը դիտարկելով տնտեսական մրցակցության տեսանկյունից` նա նշեց. «Այն տնտեսվարողները, որոնք համակարգիչ են վաճառում միաժամանակ լիցենզավորված ծրագրային ապահովմամբ, հավելյալ գումար են ներառում համակարգչի գնի մեջ, իսկ երբ որևէ  մեկը համակարգիչը վաճառում է պիրատական ծրագրով, նա կարողանում է այն իրացնել համեմատաբար էժան գնով: Այս պարագայում անբարեխիղճ վաճառողները ստանում են մրցակցային առավելություններ, ինչն արդարացված չէ: Այս առումով լուրջ խնդիրներ կան մեր շուկայում, և համագործակցելով «Մայքրոսոֆթ» ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ` մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները, քանի որ  այն համեմատաբար նոր ոլորոտ  է»:

Ինչ վերաբերում է  Հայաստանում պիրատական ծրագրերի տարածման և օգտագործման ծավալներին, ապա  Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ` տարեցտարի մոտ մեկ տոկոսով այդ ցուցանիշը նվազում է:

 

 Լ. Ն

 

Դիտվել է 2563 անգամ:
Print Friendly

Leave a Reply