Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աչքերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 30, 2013 7:04

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աչքերը: Ինքնաբերաբար անմիջապես գալիս է պատասխանը` ակնոցի միջոցով: Արևապաշտպան ակնոցով:

Հնագույն ակնոցները հայտնաբերվել են Թութանհամոնի դամբարանում: Իհարկե, դրանք շատ քիչ էին նմանվում ժամանակակից ակնոցներին. շագանակագույն ապակու 2 կտոր` միացված մետաղալարով:  Իսկ Հին Չինաստանում մուգ ակնոց էին կրում ոչ  արևի ճառագայթներից պաշտպանվելու համար: Դատավորներն ակնոց էին դնում, որ ոչ ոք չկարողանար տեսնել ու հասկանալ նրանց աչքերի արտահայտությունը: Ծայր հյուսիսի բնակիչները ձյունից կուրանալուց պաշտպանվում էին ծառարմատի  կտրվածքի բարակ շերտերով: Այսօր ակնոցները նախնական նշանակությունից շատ ու շատ են առաջ անցել, դարձել են նորաձև աքսեսուար, սեփական ոճի արտահատության միջոց: Ու թվում է, թե ինչ տարբերություն, կարելի է ամեն տեսակի ու գույնի ակնոց կրել, սակայն հոգեբանները կարծում են, որ այդ աքսեսուարի ընտրությունը մարդուն ոչ միայն արտաքնապես է փոխում, այլև ներքուստ: Արտաքին աշխարհից  ակնոցով «պատնեշվելով»` մարդ իրադարձությունների անմիջական մասնակցից  ասես վերածվում է կողմնակի դիտորդի:

Վարքականոնը թելադրում է` չի կարելի մարդկանց հետ շփվել  մուգ գույնի ակնոցն աչքերին, գուցե դուք ակնոցներով ցանկանում եք ընդգծել ձեր ոճն ու հեղինակությունը, սակայն հիշեք,          որ ակնոցը զրուցակցի մեջ ձեր հանդեպ անվստահություն է առաջացնում. նա չի կարող վստահել մի մարդու, որն աչքերը թաքցնում է` թեկուզև ապակիների ետևում:

Արեգակի լույսը, հատկապես երբ այն անդրադառնում է ձյունից, սառույցից կամ էլ ջրից, լրջորեն կարող է վնասել տեսողությունը: Արցունքահոսությունը, ծակծկոցը, լուսավախությունը ֆոտոռետինիտի հիմնական ախտանշաններն են: Այդ վտանգը մեծանում է լեռներում, որտեղ վառ լույսի պատճառով տեսողությունն էլ ավելի է լարվում: Եղջրաթաղանթի, ծիածանաթաղանթի ու ցանցաթաղանթի, բյուրեղիկի վնասումը առողջարանում առանց ակնոցի հանգստյան տհաճ  հետևանք կարող է լինել: Ավելին, գիտնականները վստահեցնում են, որ մուգ գույնի ակնոցները կպաշտպանեն կատարակտից, որն առաջանում է,   ի թիվս այլոց, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Բացի այդ, ակնոցներն օգնում են, առանց աչքերը կկոցելու, վառ լույսի ներքո չլարվել, իսկ թվարկված տհաճություններից բացի, աչքերը կկոցելը հանգեցնում է ժամանակից շուտ աչքերի շուրջ կնճիռների առաջացման:

Տարածված մի սխալ կա. ակնոց ընտրելիս հիմնականում ուշադրություն ենք դարձնում շրջանակին, մինչդեռ ընտրելու պարագայում կարևորը լինզաներն են, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն, կանաչ կամ ծխագույն: Ի դեպ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն ապակիներն ուլտրամանուշակագույն ճառագայթներից չեն պաշտպանում: Մեծ նշանակություն ունի պաշտպանության աստիճանը: Սովորաբար այն նշվում է արտադրողի կողմից, սակայն մենք գուցե այնքան էլ գրագետ չենք այդ հարցում. 1-ին աստիճանը գրեթե չի պաշտպանում լույսից, միջին պաշտպանությամբ ակնոցները հարմար են վարորդներին, առավելագույն` 3-րդ աստիճանի պաշտպանությունը լիարժեք երաշխավորում է տեսողության պաշտպանություն ինչպես լողափին, այնպես էլ սարերում:

Արեգակի ճառագայթները կործանարար ազդեցություն կարող են ունենալ աչքերի վրա: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ակնոց կրել ոչ միայն լողափին. կարևորը ակնոցը շենք մտնելուց հետո հանելն է: Չէ՞ որ չափազանց մութ «աշխարհը» ստիպում է գերլարել տեսողությունը, այսինքն` կրկին վտանգում ենք աչքի լույսը:

Աչքերի քրոնիկ կարմրություն

Շատերն են տառապում աչքերի քրոնիկ կարմրությունից (երբ նկատվում են կարմիր անոթները), եթե անգամ  չեն բողոքում քնելուց: Ոմանք դրա համար դեղամիջոցներ են կիրառում: Ոմանք էլ համոզված են, որ կարմրությունը ինչ-որ մթերքի նկատմամբ ռեակցիայով է պայմանավորված կամ էլ ալերգիա է:

Ահա , թե ինչ են ասում այդ երևույթի մասին ակնաբույժները.

– Առաջին հերթին պետք է գիտենալ, որ եթե անոթները տեսանելի են աչքերում, դա լրիվ նորմալ երևույթ է: Ոմանք, երբ տեսնում են կարմրություն, իսկույն տարբեր դեղամիջոցներ են կիրառում, որոնք իբր «խոստանում» են այդ խնդիրը շատ կարճ ժամանակում լուծել:

Սակայն, ինչպես նշում են մասնագետները, դեղորայքի կիրառումը (ասենք` Visin) ճիշտ է` նվազեցնում անոթների ընդգծվածությունը, սակայն բոլորովին հակառակ հետևանքի կարող է հանգեցնել. բուժման ավարտից հետո անոթներն էլ ավելի կարող են լայնանալ ու ավելի տեսանելի դառնալ:

Աչքերի մշտական կարմրությունը կարող է որոշակի  գրգռիչով պայմանավորված լինել: Հաճախ կարմրութուն է առաջացնում դրանց չորությունն ու ալերգիան: Աչքերի չորությունը (վաղ և միջին փուլերում) գերազանց  կարելի է վերացնել նման խնդրի համար ստեղծված կաթիլներով:

Իսկ աչքերի չորության ծանր դեպքերում կլինիկաներում այլ միջոցներ են առաջարկվում:

Ալերգիան աչքերի կարմրության  պատճառ կարող է դառնալ: Լավագույն տարբերակը  հիվանդին այլ պայմաններ փոխադրելն է կամ էլ ալերգիայի պատճառը վերացնելը: Սակայն այս դեպքում լուրջ խնդիր է ալերգիայի աղբյուրի հայտնաբերումը: Երբեմն ալերգիայի պատճառ կարող են դառնալ լինզաները:

Աչքերի կարմրությունը կարող է պարզապես աչքերի լարվածության, ասենք` համակարգչի, հեռուստացույցի առջև անցկացրած  ժամերի կամ էլ ոչ ճիշտ դիրքով ընթերցանության հետևանք լինել:

Բոլոր դեպքերում, աչքերի կարմրության դեմ ուղղված միջոցներ կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետ ակնաբույժի հետ:

Աչքերի առողջության համար

Ասում են` մեր աչքերի առողջությունը մեր ափսեի մեջ է: Փորձագետներն ասում են, որ  աչքերի առողջությունը  սկսվում է  սննդակարգից: Բացի այդ, նրանք նշում են, որ մեր այդ օրգանի առողջությունն անմիջականորեն արտացոլում է  սննդակարգում ներգրավված A,C,E վիտամինների պարունակությունը:

Ամենօրյա խնամք

Ստուգեք  տեսողությունն առնվազն տարեկան 2 անգամ: Կուրացումն ու գլաուկոման ժամանակին հայտնաբերելու դեպքում կարելի է  կանխել:

Արցունքը պաշտպանում ու քսուքապատում է աչքերը: Երբ այդ «քսանյութը» պակասում է, աչքերում այրման, չորության զգացում է առաջանում: Նման երևույթներ ունենում են կանայք դաշտանի շրջանում:

Արհեստականորեն առաջ բերած արցունքը լավ է, եթե ունեք աչքերի չորություն:

Բացի վաղ տարիքից,  տեսողական խնդիրներ առաջանում են նաև հասուն տարիքում: Դա տարեցների շրջանում ամենատարածված երևույթն է, որը ներառում է ցանցաթաղանթի ձևախախտում, կատարակտ ու շաքարախտ. վերջինը կարող է հանգեցնել կուրացման: Օրինակ` նման խնդիր ունեն այն երկրները, որտեղ գիրությունը վերածվել է համաճարակի:  Իսկ այդպիսի լուրջ խնդիրներից խուսափելու համար պարզապես հարկավոր է հոգ տանել աչքերի մասին, ինչպես մաշկի, մազերի:

Սնունդ աչքերի համար

A վիտամինն անփոխարինելի է տեսողության առումով: Դրանով հարուստ են ծնեբեկը, դեղձը, գազարը: Ակնաբանության փորձագետներն ասում են, որ   ադամաթզի, նարնջի ու այլ մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել ցանցաթաղանթի ձևախախումը:

Աչքերի առողջությանն անհրաժեշտ մթերք

Վիտամին A  պարունակում են հետևյալ մթերքները. լյարդ, դեղնուց, կաթնամթերք, ձկան յուղ, գազար:

Բետա կարոտին. գազար, գետնախնձոր, մուգ-կանաչ բանջարեղեն, դեղձ:

C վիտամին. տաքդեղ, կարտոֆիլ,  սպիտակագլուխ կաղամբ ու բրոքքոլի, տոմատ, որոշ հացահատիկազգիներ:

D վիտամին.դեղնուց, ձկնեղեն, լյարդ:

Վիտամին  E . ձեթ, ընկույզ, հացահատիկային մշակաբույսեր, կանաչ բանջարեղեն:

Վիտամին  B1. անյուղ միս, ձուկ, լյարդ, չորացրած լոբազգի, ոլոռ, ընկույզ ու կարտոֆիլ:

Վիտամին  B 6 թռչնամիս, խոզի միս, բոլոր հացաբույսերը, ադամաթուզն ու ավոկադոն:

Վիտամին  B 12. անյուղ միս, կաթնամթերք, ձու, լյարդ , ձուկ:

Ֆոլիաթթու. կանաչ բանջարեղեն,  ադամաթուզ, լյարդ, լոբազգիներ և ոլոռ:

Կալցիում.կաթնամթերք, բրոքքոլի կաղամբ, ծաղկակաղամբ:

Մագնեզիում. ընկույզ, լոբազգի, չմշակված հացահատիկային մշակաբույս:

Ցինկ. միս, լյարդ, ձու, ծովամթերք, հացատիկային մշակաբույսեր (չթեփազերծած):

Լյուտեին. կանաչ բանջարեղեն, կարմիր պղպեղ:

Երկաթ. միս, թռչնամիս, ծովամթերք, ձու, բանջարեղեն:

Սելեն.ծովամթերք, երիկամներ, լյարդ, որոշ հացահատիկային մշակաբույսեր:

Աչքի լույսի պես պահպանենք աչքերի առողջությունը, տեսողությունը. չէ որ բնական այդ պարգևը գունագեղ է դարձնում աշխարհը:

 

 

Դիտվել է 4587 անգամ:
Print Friendly

Leave a Reply