Էապես փոխվել են խաղի կանոնները հարկ վճարողների համար

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 1, 2013 7:07

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺում քաղաքական մեծամասնությունը հապճեպորեն ընդունեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ: Այն ժամանակ նոր ընդունված փոփոխությունների մեջ վտանգ տեսան ու բողոքի ձայն բարձրացրեցին միայն ստոմատոլոգներն ու անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալողները: Իսկ դեռ այն ժամանակ Աժում փոփոխություններին դեմ արտահայտվող Արծվիկ Մինասյանը նշել էր, որ բացի ստոմատոլոգներից ու ռիելթորներից, մի շարք այլ ոլորտներում ևս կատարվեցին փոփոխություններ, որոնք էականորեն փոխում են խաղի կանոնները: Ընդհանրապես հարկային օրենսդրության լայնամասշտաբ փոփոխությունների մասին էր խոսքը:

Ինչ ցանեցին դեկտեմբերին, հնձում ենք հունվարի 1-ից

Այդ ժամանակ Արծվիկ Մինասյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշեց, որ այդ փոփոխությունների  թիրախները շրջանառության հարկի մասին օրենքն է, մաքսային օրենսգիրքը, արտոնագրային վճարների մասին, եկամտային հարկի մասին օրենքները, և նշեց, որ  այդ փոփոխություններն ավելի շատ խառնաշփոթ և ծանր վիճակ են ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար: Փոխանակ հակառակը լիներ:

«Ցավոք` այս տիպի նախաձեռնություններն այդպես էլ չեն ձևակերպում իրենց խորքում, թե ի վերջո ինչի են միտված ու ինչ նպատակ ունեն: Եթե դիտարկենք օրենքի նախագծի հիմնավորումները, կտեսնենք, որ չկա հստակ ձևակերպված նպատակ. ի վերջո սա ի՞նչ նպատակ է հետապնդում, բյուջեն հավելյալ գումարներ լցնելո՞ւ, ստվերային տնտեսությունը կրճատելո՞ւ, թե՞ խաղի կանոնները հեշտացնելու և փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացման: Սակայն, դատելով փոփոխությունների տրամաբանությունից և ձևակերպված նորմերից, կարող ենք եզրակացնել, որ այս փոփոխությունները հիմնականում տանելու են ոլորտների մենաշնորհացմանը և հավելյալ բացասական ռիսկեր են ներառում: Մանսավորապես` աշխատատեղերի կրճատում, գների կտրուկ աճ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Ահավասիկ, Հայաստանում գործունեություն ծավալող ոչ ռեզիդենտ ընկերությունների համար նույնպես շահութահարկը բարձրաձել է: 2012 թ. դեկտեմբերի 19-ի` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով Հայաստանում գործունեություն ծավալող ոչ ռեզիդենտ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից նախկին 10% շահութահարկի փոխարեն պարտավոր են մուծել արդեն 20% շահութահարկ:  Փաստորեն, եթե ոչ ռեզիդենտը Հայաստանում որևէ շահույթ է ստանում, այսինքն` Հայաստանից վճարվում է ոչ ռեզիդենտին և տվյալ ծառայությունը կայանում է Հայաստանում, ապա ռեզիդենտը դրա դիմաց շահութահարկ պետք է վճարի: Մինչև անցյալ տարի այդ շահութահարկը կազմում էր 10%, իսկ այս տարվա հունվարի 1-ից` արդեն 20%:

Սա, առաջին հայացքից, հայաստանյան ընկերությունների հետ կապ չունի, բայց միայն առաջին հայացքից: Քանի որ Հայաստանում գործունեություն իրականացնող ընկերությունները, որոնք ՀՀ ռեզիդենտներ չեն համարվում, մեր երկրում որոշակի ծառայություններ են մատուցում կամ ապրանքներ են վաճառում, արտահանում, համագործակցում են տեղական այլ կազակերպությունների հետ և այլն: Եվ երբ բարձրանում է նրանց նկատմամբ կիրառվող հարկը, դա, բնականաբար, անդրադառնում է նաև հայկական ընկերությունների վրա:

Օինակ` գովազդային որոշ գործակալություններ, հատկապես` օնլայն միջավայրի համար գովազդային ծառայություններ մատուցողները և արտասահմանյան ընկերությունների հետ գործ ունեցողները, արդեն ահազանգում են, որ իրենց համար լրացուցիչ խնդիրներ են առաջացրել օրենքի փոփոխությունները: Օրինակ` երբ այս կարգի ընկերությունները որոշ ծառայություններ են մատուցում facebook-ի, google-ի կամ vkontakte-ի միջոցով, ապա ստիպված են Հայաստանում շահութահարկ վճարել  տվյալ ընկերությունների փոխարեն:

Ով շահույթ ստանա` ով դրա համար շահութահարկ մուծի

Հարցն այն է, որ Հայաստանը միջպետական համաձայնագրեր ունի որոշ երկրների հետ` կրկնակի հարկումը բացառելու մասին: Այսինքն` եթե համաձայնագրի կողմ հանդիսացող երկրի ռեզիդենտ ընկերությունն իր երկրում հարկեր է վճարում, նա արդեն այդ նույն հարկերը չի վճարում Հայաստանում, և հակառակը:  Օրինակ` Իռլանդիան, որտեղ գրանցված է Ֆեյսբուքի գովազդային պրոցեսինգն իրականացնող ընկերությունը, Հայաստանի հետ այդպիսի միջպետական համաձայնագիր ունի: Իռլանդիայում է գրանցված նաև google-ը, իսկ vkontakte-ն գրանցված է Ռուսաստանում, որի հետ էլ ՀՀ-ն նման համաձայնագիր ունի: Եվ որպեսզի հայաստանյան գործակալությունը Հայաստանում այդ շահութահարկը, օրինակ, Ֆեյսբուքի փոխարեն չմուծի, Ֆեյսբուքը պետք է իր հարկային մարմնից ներկայացնի տեղեկանք առ այն, որ Ֆեյսբուքն ընթացիկ տարվա կտրվածքով հանդիսանում է Իռլանդիայի ռեզիդենտ, այսինքն` ինքն այնտեղ այդ հարկերն արդեն մուծել է:

«Այդ տեղեկանքը, եթե նա տրամադրում է մեզ, մենք արդեն կարող ենք այն ներկայացնել և այդ շահութահարկը չմուծել: Բայց այդ տեսակի ընկերությունների հետ տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկ անհնար այդպիսի հարաբերություններ ունենալ: Այսինքն` նրանք մանր գործարքների համար տեղեկանքներ տալու գործելակերպ չունեն, նրանք տեղեկանք կտրամադրեն միայն խոշոր պատվերների դեպքում: Օրինակ` Ֆեյսբուքի  դեպքում ամսական 10 հազար դոլարից ավելի արժողությամբ առևտուր պետք է անես, որ այդպիսի տեղեկանք տան: Համենայն դեպս, ես մինչ այժմ չեմ տեսել ու չեմ լսել, որ Ֆեյսբուքը նման ինչ-որ տեղեկանք տա: Այս պարագայում ստացվում է, որ լոկալ կազմակերպությունը` գովազդային գործակալությունը կամ ընկերությունը, որը Ֆեյսբուքին գովազդ է պատվիրում, նրա փոխարեն այդ շահութահարկն ինքն է վճարում: Հետևաբար, այդ ավելացված 10%-ը մտնում էր գովազդի ինքնարժեքի մեջ: Այժմ այդ ոչ ռեզիդենտի շահութահարկը 10-ից դարձել է 20%, այսինքն` կրկնակի ավելացել է, ու դա նշանակում է, որ ֆեյսբուքյան գովազդի, google-ի գովազդի գները նույնպես բարձրանում են այդքանով»,- այսպես իրավիճակը ներկայացրեց«ԱյՓի Մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:

Ըստ մեր զրուցակցի` հիմնական խնդիրն այն է, որ հաշվի չի առնվել այսպիսի իրավիճակի առաջացման հնարավորությունը: Եվ սա հաշվի առնելով` կարելի էր ինչ-որ բացառություններ անել: Օրինակ` ծառայության ոլորտներով, ոչ թե ընկերություններով կարգավորել օրենքները:

«Որովհետև մինչ թանկացումը ես կարողանում էի, օրինակ, Ռուսաստանից` արտաքին աղբյուրներից պատվեր ներգրավել, քանի որ մեզ մոտ աշխատուժն էր էժան, ու դրան գումարած` մենք գովազդային ծառայություններն իրականացնում էինք մատչելի գներով ու հրապուրիչ առաջարկներ էինք կարողանում ներկայացնել, իսկ այսօր արդեն այդ նույն գովազդը ստիպված ենք անել ավելի թանկ, մեր ծառայությունների ինքնարժեքը, բնականաբար, արդեն բարձր է, ու հրապուրիչ չէ արտասահմանյան պատվիրատուների համար, ուստի  ևս մեկ խնդիր, խոչընդոտ է առաջանում»,- ասաց Արսեն Սուլթանյանը:

Նման ծառայությունների համար վճարումները կատարվում են ընկերությունների կրեդիտ քարտերի միջոցով: Այդ քարտերը ՍՊԸ-ին կցված բիզնես քարտեր են, որոնց մեջ քաղվածքով երևում է, թե որ ընկերությանը որքան գումար է վճարվել, ու արդեն այդ գումարից շահութահարկի տեսքով հարկեր են գանձվում: Անհատներն այդ նույն պատվերները կարողանում են կատարել անձնական քարտերով ու չհարկվել, բայց եթե բիզնես քարտով են կատարվում վճարումները, ապա անպայման հարկվում է: Գովազդային գործակալություններին, օրինակ, ձեռնտու չէ անձնական քարտով վճարել, քանի որ, երբ հաճախորդները գովազդ են պատվիրում,  ընկերությունն այդ գումարը, որ վճարում է Ֆեյսբուքին, ծախսագրելու խնդիր է ունենում, ինչպես նաև անհրաժեշտություն է լինում ցույց տալ, որ ընկերությունը պատվեր է ընդունել և իրականացրել, որպեսզի հարկային մարմինների հետ խնդիրներ չունենա:

Ուստի ստացվում է, որ օրենքի հիշյալ փոփոխությունը կարող է մարդկանց ստիպել գործարքների համար վճարումներն իրականացնել անձնական քարտերով, որպեսզի խուսափեն բարձր հարկեր վճարելուց և դրանով իսկ մտնել ստվերային դաշտ: Այնպես որ կառավարությունն ու ԱԺ քաղաքական մեծամասնությունը պետք է վերանայեն իրենց դիրքորոշումնրը:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply