Քաղաքական ճգնաժամ կա, և այն նոր չի սկսվել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 29, 2013 13:24

 Հայաստանի ներքաղաքական կայնքի մասին խոսակցություններում վերջերս առանձնապես շատ է շրջանառվում «քաղաքական ճգնաժամի» առկայության գաղափարը: Ոմանք կարծում են, թե ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում խոր քաղաքական ճգնաժամ է առաջացել, ոմանք` այդպիսի բան գոյություն չունի, այլ ընդամենը լարվածություն է նկատվում, իսկ մի մասն էլ թե` այդ ճգնաժամը կա, բայց այն նոր չի առաջացել:

 Քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ ընդամենը կրքերի թեժացում

 

Քաղաքական հարաբերություններում, առհասարակ, միշտ էլ քաղաքական կոնֆլիկտ կա` կա՛մ երկրի կառավարման հարցերում որոշումների կայացման հնարավորությունների ձեռքբերման իմաստով, կա՛մ անձնային, խմբային և այլ շահերի սպասարկման համար լրացուցիչ լծակների ձեռքբերման իմաստով, քանի որ կոնֆլիկտներն առաջանում են շահերի բախման ժամանակ, իսկ շահերի բախումը հասարակական հարաբերությունների հիմնական բնութագրիչներից է:

Բայց քաղաքական ճգնաժամն ավելի խորը երևույթ է, քան կոնֆլիկտները քաղաքական հարաբերություններում:

Քաղաքական ճգնաժամի լրջագույն ցուցիչներից է քաղաքական համակարգի  հավասարակշռության խախտումը հօգուտ իշխանությունների: Այսինքն` ընդդիմության` իբրև ժողովրդավարական պետության գոյության հիմնական երաշխավորի չեզոքացումը կամ ոչնչացումը իշխող քաղաքական ուժի կամ ուժերի կողմից: Սրանից հետևում է, որ երբ իրար հակընդդեմ երկու բևեռների` իշխանության և ընդդիմության միջև հնարավոր կոնսենսուսի ցանկացած փորձ կամ երկխոսություն բացակայում է, իշխանությունները միշտ անում են` ինչ ուզում են` առանց ընդդիմության նկատառումները հաշվի առնելու:

Աշխարհում գոյություն ունի այն առաջատար փորձը, որ քաղաքական մեծամասնությունն ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանն ու հանրային վերահսկողությանն է թողնում երկրի գրեթե բոլոր վերահսկողական գործառույթները իշխանության բոլոր տեսակներում, ոլորտներում ու ճյուղերում: Եվ հենց երկխոսությունն ու բազմակարծության ապահովումն էլ հանգեցնում են առավել կշռադատված, հղկված ու ժողովրդի շահերին համապատասխանող որոշումների կայացման:

Այդ համատեքստում բնականոն է, որ Րաֆֆի Հովհանիսյանը պահանջում է վերահսկողական գործառույթներ ենթադրող պաշտոններում իր առաջարկած մարդկանց նշանակումը: Եվ եթե իշխանություններն իրոք ցանկանում են երկրում քաղաքական ու քաղաքացիական համերաշխություն ապահովել, ապա պատրաստակամ պետք է լինեն այս պահանջներին ընդառաջ գնալու և ընդդիմությանը թողնելու վերահսկողական բոլոր գործառույթները:

Վերլուծաբանները սա կարող են, իհարկե, դիտարկել որպես գործարք: Բայց չպետք է մոռանալ, որ քաղաքական գործընթացներն ինքնին հենց քաղաքական գործարքների ամբողջություն են, լինեն քաղաքական ուժեր միջև, քաղաքական ուժի ու ժողովրդի միջև թե այլ հարաբերություններում: Պետք է հիշել նաև, որ քաղաքական գործընթացի նպատակն իշխանության հասնելն է կամ քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցություն ունենալը:

Եվ բնականոն է, երբ ընդդիմությունն իշխանությունից պահանջում է վերահսկողական լծակներ, դա, համենայն դեպս, նվազագույնն է, որ պետք է լինի: Եվ այն պայմաններում, երբ Հայաստանում իշխանությունները միշտ պայքարել ու հաղթել են քաղաքական որոշումներ միայնակ կայացնելու հարցում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը կատարվի, ապա դա կարելի է դիտել որպես ընդդիմության ու ժողովրդի հաղթանակ, եթե բացառում ենք ծայրահեղ բոլոր քայլերը:

Բայց այստեղ չի կարելի անտեսել մեկ հանգամանք ևս. երբ մի որևէ երկրի իշխանությունների հաջողվում է չեզոքացնել ընդդիմությունը, հաղթել նրան ու դուրս մղել քաղաքական որոշումների ընդունման գործընթացից, ապա դա ոչ միայն իշխանության մեղքն է, այլև հենց նույն ընդդիմության: Այսինքն` երբ իշխանություններին հաջողվում է խարխլել ընդդիմադիր դաշտը, նշանակում է` ընդդիմադիր դաշտում էլ ճգնաժամ կա: Օրինակ` իշխանությունները, ինչպես եղավ Հայաստանում, կարող են իրենց համախող ուժերից մեկին ընդդիմադիրի կամ այլընտրանքի կարգավիճակով «գործուղել» ընդդիմադիր դաշտ, որն այդ դաշտում հանդես կգա հակառակ կարգախոսներով ու առաջարկություններով, և եթե ընդդիմությունը խոհեմություն, քաղաքական կամք, վճռականություն ու, ամենակարևորը, կայունություն չի ունենում, ապա անմիջապես կառչում է այդ «փրկօղակից» ու քանդվում: Նման պայմաններում ընդդիմությունը քաղաքական գործընթացի գագաթնակետին, ինչպիսին ընտրություններն են, ի վիճակի չի լինում ճիշտ որոշուներ ընդունելու և դուրս է մնում քաղաքական գործընթացից, «փրկօղակի» հետ միասին իհարկե: Այսինքն` երբ խոսում ենք Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին, ապա պետք է մատնանշենք նաև ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամը ևս:

Չի կարելի մոռանալ, որ ընտրությունների պերմանենտ կեղծումը` սկսած 1995 թ., քանդում է ընդիմադիր դաշտը, քանի որ քաղաքական կուսակցությունների հիմնական նպատակը ընտրություններով իշխանության հասնելն է: Հայաստանում այդ մեխանիզմը չի գործում, խափանված է, և բնական է, որ ընդիմադիր կուսակցությունները հերթով քանդվում են, և փոխվում են միայն ընդդիմության առաջնորդները:

 Ի՞նչ ունենք և ինչպես կարելի է հաղթահարել ստեղծված իրավիճակը

Եթե իշխող վարչախումբը փորձում է ամեն գնով իշխանությունն իր ձեռքում պահել, ապա ունենում է գործելու երեք տարբերակ. ճնշում է ընդդիմության ցանկացած գործունեություն կամ նախաձեռնություն, ընդդիմության գործունեությունն ընդունվում է, որպես ծխածածկույթ, շղարշ` ժողովրդավարության թիկնոցից խորամանկորեն օգտվելու նպատակով: Այսինքն` ընդդիմությանը ճանաչում է դե յուրե, բայց ոչ դե ֆակտո և բացառում է ընդդիմության հետ համագործակցության որևէ եղանակ` զրկելով նրան պետության և ժողովրդի ճակատագիրը շոշափող  քաղաքական վճիռների ընդունմանը մասնակից լինելու  օրինական իրավունքներից: Հետևանքն այն է, որ աճում է լարվածությունը հասարակության ներսում ընդհանրապես և  ընդդիմություն-իշխանություններ հարաբերություններում` մասնավորապես:  Ահա ինչու այսօրվա հայաստանյան ներքաղաքական հարաբերություններում  զգալի լարվածություն կա, ընդ որում` համատարած` հասարակություն-իշխանություններ և ընդդիմություն-իշխանություններ հարաբերություններում:

Սակայն պետք է նշել, որ դա հենց նոր` փետրվարի 18-ին չառաջացավ: Որոշ տեսաբաններ նշում են, որ քաղաքական ճգնաժամի հիմքերը Հայստանում դրվեցին 1995 թ. խորհրդարանական և 1996 թ նախագահական ընտրությունների ժամանակ: Դրանից հետո այդ ճգնաժամն ընտրությունից ընտրություն, քաղաքական այս  գործընթացից այն գործընթաց խորացել ու քրոնիկական է դարձել:

Դեռ անհասկանալի է, թե ինչ զարգացումներ կլինեն մոտ ապագայում, ուղղակի ընտրություններից հետո, առավել ևս համապետական, մեծանում է լարվածությունը:

Նշենք, որ քաղաքական կոնֆլիկտները կարող են ունենալ հետևյալ տարբերակները` փակուղի` անլուծելի կոնֆլիկտի դեպքում, այս կամ այն ձևի կարգավորում, երբ կոնֆլիկտը զրկվում է սրությունից, լուծում, երբ սպառվում է կոնֆլիկտի աղբյուրը և կոնֆլիկտի վերացում, որ նշանակում է դրա տեղափոխում սոցիալական հարաբերությունների այլ ոլորտ:

Չբացառելով այս տարբերակներից և ոչ մեկը, ասենք, որ առայժմ որևէ մեկի առկայության նշաններ չեն երևում: Ամենայն հավանականությամբ, իրավիճակի մեջ սրբագրումներ կմտցնեն Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ ինչպես արդեն ակնհայտ է, քաղաքական բոլոր ուժերի հայացքներն ու ջանքերն ուղղվել են դրանց: Կապրենք` կտեսնենք:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply