«Ոչ միայն ազգային ավիափոխադրող չենք ուզում ունենալ, այլև քաղավիացիայի վերաբերյալ ազգային քաղաքականություն». ՀԽ ներկայացուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 28, 2013 13:11

ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մարտի 21-22-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է  Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը (Ավիատրանս-2013)» գիտագործնական համաժողովին:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել տիկին Մուրադյանը, հետաքրքիր փաստեր է պարունակում.  դեռևս  XX դարասկզբին հայերն ու ռուսները միասին կանգնած են եղել ավիացիայի ջոկատների ստեղծման ակունքների մոտ: Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1914 թ., Հայաստանի տարածքում Օսմանյան Թուրքիայի դեմ  մարտնչող ռուսական բանակի շատ գնդեր համալրվել են ավիացիոն ջոկատներով, ներառյալ` ինքնաթիռներ ու աերոսթատներ: Թռիչքներն իրականացվել են Կարսի, Ալեքսանդրապոլի, Բաշ-Ապարանի, Վորոնցովկայի ու Բասարգեչարի   մոտ գտնվող  օդանավակայաններից:

Շատ օդագնացների անուններ ոսկե տառերով են գրվել Ռուսաստանի ավիացիայի պատմության մեջ. Սովետական Միության երկակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյան,  ավիացիայի Մարշալ Խուդյակով Ս.Ա .(Խանփերյանց Արմենակ Արտեմի), ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության  գեներալ-գնդապետ Արտեմ  Միկոյան,  ուղղահայաց թռիչքով աշխարհում առաջին ռեակտիվ ինքնաթիռը ստեղծող Արամ Ռաֆայելյանց, փորձարկող կոնստրուկտոր Կոնստանտին Արցեուլով՝ բարձրագույն պիլոտաժի «պտուտէջք» (շտոպոր) կոչված բարդ ձևի հեղինակ  և  խորհրդային առաջին  գնդակոծող կործանիչ-ինքնաթիռի փորձարկող, ԽՍՀՄ հերոսներ, վաստակավոր օդագնացներ Ռ.Ի.Կապրիելյանով, Է. Վ. Ելյան և ուրիշներ:

«Այսօր նույնպես շատ հայեր են աշխատում Ռուսաստանի օդագնացության ոլորտում, բազմաթիվ ռուսներ իրենց ավանդն ունեն Հայաստանում տվյալ ոլորտի կայացման գործում: Դժվար է ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց ավիացիայի, սակայն է՛լ ավելի բարդ է պատկերացնել ապագայի ավիացիան: Դուք մասնագետներ եք, որոնք ուրվագծում են այդ ապագան ու կարող են այն նոր իրականության վերածել»,- նշված է Մանուկյանի ուղերձում:

Իզաբելլա Մուրադյանը նշում է, որ այսօր էլ հայերը զգալի տոկոս են կազմում Ռուսաստանի ավիացիոն ոլորտում, հիշեցնելով վերջերս ստեղծված «Սուխոյ սուպերջեթ-100» օդանավի մոդելը, որն իրագործել է «Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրեն,  փորձարկող կոնստրուկտոր, ՌԴԱ ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը:

Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը, որի ողջույնի խոսքը նույնպես փոխանցվել է համաժողովի մասնակիցներին, նշել է, որ ենթահանձնաժողովի շատ անդամներ և քաղաքացիական ավիացիայի մասնագետներ, որոնք աշխատում են Հայաստանում, կրթություն են ստացել այն բուհում, որտեղ անց է կացվում համաժողովը: Դա Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնոլոգիական համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղն է (ԽՍՀՄ ժամանակ` Կիևյան մասնաճյուղ):

Իզաբելլա Մուրադյանը տեղեկացրեց, որ այս պահին նաև բանակցություններ են ընթանում Հայաստանում համալսարանի  մասնաճյուղը բացելու ուղղությամբ:

Ուրիշ ի՞նչ առաջարկներ են եղել համաժողովի ընթացքում: Տիկին Մուրադյանի խոսքով՝ նախ առաջարկվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման նպատակով ԱՊՀ  շրջանակներում ստեղծել  միացյալ  կոմիտե:

Բացի այդ, հաշվի առնելով  ՌԴ և ՀՀ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում ավիափոխադրումների շուկայի  անհամաչափ ու քաոսային զարգացումը,  առաջարկվել է նույն կոմիտեի շրջանակներում շուկայի  երկկողմ կամ բազմակողմ կարգավորում՝ համապատասխան մեթոդիկայի և պրոֆիլային մասնագետների ներգրավմամբ:

Նկատի ունենալով նաև ինտեգրացիոն գաղափարներն ու գործընթացները, ելնելով ցամաքային ընդհանուր սահմանների հնարավոր բացակայության  տարբերակից, ԱՊՀ երկրների  կառավարություններին  առաջարկվել է ավիացիայի միջոցով հաղորդակցությունները դյուրինացնելու նպատակով ԱՊՀ երկրների  ավիափոխադրողների նկատմամբ կիրառել  այն տարիֆները, որոնք նախատեսված են ներքին ավիաընկերությունների համար:

«Մենք ամրագրեցինք, որ լինելով ռազմավարական գործընկերներ և Ռուսաստանի հետ չունենալով ցամաքային սահման` ավիացիան դառնում է առանցքային, ուստի Հայաստանի ավիափոխադրողին որպես ներքին ավիափոխադրող դիտելը շատ մեծ կապ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցի բարձրացումը, գոնե ԱՊՀ մասշտաբով, կնպաստի նաև «Զվարթնոց» օդանավակայանում գների կարգավորմանը»,- ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ միայն Դոնի Ռոստովից Հայաստան են թռչում ռուսական չորս ավիաընկերության օդանավեր, բայց քանի որ իրականում հոսքն այնքան էլ մեծ չէ, ստացվում է, որ բոլորը վնասով են թռչում: «Սակայն իրենց օդանավակայաններում այդ ավիափոխադրողները շատ մեծ զեղչեր ունեն՝ մինչև 70-80%, ուստի կարող են թռչել այնքան ժամանակ, մինչև հայկական ավիափոխադրողն այլևս չդիմանա մրցակցությանը և լքի շուկան»:

Համաժողովում առաջարկվել է նաև համատեղ քննարկել փոքր ավիացիայի ոլորտում համագործակցելու հարցը: «Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել էր, որ Գորիսի և Մեղրիի օդանավակայանները վերականգնվելու են: Մեր ենթահանձնաժողովը բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել. անհեթեթություն է, որ օրինակ` Բրուսել մեկնելու համար երկրի նախագահին պետք է առավելագույնը երեքուկես ժամ, իսկ Մեղրի այցելելու համար`  մոտ յոթ»:

Ենթահանձնաժողովը բազմիցս է բարձրաձայնել նաև այն մասին, որ ճիշտ կլինի Հայաստանում կառավարությանը կից ստեղծել հատուկ կոմիտե՝ «Զվարթնոց» օդանավակայանի, «Արմավիայի», ՀՀ Քաղավիացիայի վարչության, Հանրային խորհրդի և «ՀՀ օդագնացների ազգային ավիացիոն միավորում» կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կզբաղվի հայաստանյան քաղավիացիայի զարգացմամբ, և նման հարցերին բազմակողմանի լուծումներ կտրվեն:

«Մենք հիմա ականատես ենք լինում, թե ինչպես է միայնակ պայքարի մեջ դեպի տապալում գնում հայկական ավիափոխադրողը` «Արմավիա» ավիաընկերությունը: Դա խիստ վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք մեր աշխարհաքաղաքական իրավիճակը»,- նկատում է նա:

Ըստ տիկին Մուրադյանի՝ ազգային ավիափոխադրող ունենալը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի նաև այն առումով, որ օտարերկրյա ավիափոխադրողները պայմանագրային կետ ունեն, որի համաձայն, եթե երկրում ֆորսմաժորային իրավիճակ է՝ երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, քաղաքական բախումներ և այլն, ապա իրենք առանց հավելյալ տեղեկացնելու դադարեցնում են իրենց չվերթները. «Այսինքն` մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ մեր երկինքն ամենաանհրաժեշտ պահին առանց ինքնաթիռների կլինի, իսկ լավագույն դեպքում ստիպված կլինենք դրա համար վճարել շատ բարձր գին, և ոչ միայն ֆինանսական»:

Իզաբելլա Մուրադյանը նաև նկատեց, որ հարևան Թուրքիան այս տարվա մարտ ամսին «Էյրբաս» ընկերության հետ պայմանագիր է կնքել 117 նոր ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ, այսինքն` իր ազգային ավիափոխադրողի համար, որտեղ պետությունը բաժնեմաս ունի:

«Իսկ մենք ոչ միայն չենք ուզում ազգային ավիափոխադրող ունենալ, այլև չունենք Օդային օրենսգիրք և քաղավիացիայի վերաբերյալ ազգային քաղաքականություն»,-ասում է նա:

Նշենք, որ Հանրային խորհրդում աշնանը տեղի են ունեցել քննարկումներ քաղավիացիայի խնդիրների, այդ թվում նաև «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև բազմաթիվ խնդիրների, այդ թվում ֆինանսական փոխհարաբերությունների պատճառով տուժող քաղաքացիների հարցի վերաբերյալ:

Քննարկումների հիման վրա պատրաստվել են և համապատասխան կառույցներին ուղարկվել են ոլորտի խնդիրների վերաբերյալ տեղեկանքներ, ընթացքի մեջ են պաշտոնապես տրվող մի շարք առաջարկներ, իսկ քննարկումները շարունակական են լինելու:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply