Սևակ Բալըքչըի մարդասպանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել, զոհի ընտանիքը բողոքում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 20:21

Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը՝ Դիարբեքիրի ռազմական հանցագործությունների 2-րդ դատարանը երեկ որոշում է կայացրել Թուրքիայի Բաթման նահանգում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գործով: Սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլուն դատապարտվել է 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման:
«Սևակի համար, արդարության համար» նախաձեռնությունը այսօր մամլո ասուլիս է կազմակերպել՝ բողոքելով դատարանի ընդունած որոշման դեմ: Փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը խոսել է իրենց դժգոհության և դատավարության ընթացքում առաջացած դժվարությունների մասին: «Դեպքի վայրում անցկացված բոլոր քննություններն ու վկայությունները մակերեսային են եղել: Հայտնի դարձավ, որ վկաները ճնշման են ենթարկվել, վկաներին նորից չեն լսել: Դատարանը մերժել է հարցաքննությունը ընդլայնելու մեր պահանջը»,-նշել է փաստաբանը:
Ասուլիսին իր դժգոհությունն է հայտնել նաև Սևակի հայրը՝ Կարապետ Բալըքչըն: «Չկարողացանք իմանալ ճշմարտությունը: Խտրական մի փամփուշտով և գիտակցաբար սպանվեց: Թուրքիայի Հանրապետությունում քրիստոնյաները բանակ են տարվում և մահանալու դեպքում նրանց նահատակ չեն համարում, այդ պարագայում ինչու են բանակ տանում»,-ասել է Սևակի հայրը:
Զոհված զինվորի մայրը՝ Անի Բալըքչըն, պատմել է որդու մասին. «Նա մեր տան ուրախությունն էր: Բանակ չուզենալով գնաց: Երբ այս ամենը հենց ապրիլի 24-ին է տեղի ունեցել, ուրիշ բան չենք կարող մտածել: Նախ նայում են մեր դավանանքին, ապա համարում են, որ մարդ չենք ու սպանում: Միգուցե արվեստի ասպարեզում ճանաչված դառնար, սակայն այդպիսի հնարավորություն չտվեցին: Հարյուր տարի առաջ իր նման արվեստագետների պես հողին հանձնվեց»:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply