Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 13:01

Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված`հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերած բոլոր կառույցների աշխատակիցներին:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է  ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր  գոտիները:

Հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրևների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխվել է 32 էլեկտրաասյուն: 2013-ին նախատեսված ծրագրերով վթարավտանգ էլեկտրասյուների վերականգնման և փոփոխման աշխատանքները շարունակվելու են:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շինհրապարակների հարակից տարածքների մշտական մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների վերաբերյալ` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխանաբար ստացված 180 և 96 հեռախոսազանգերով բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական պատասխաններ, մի մասն էլ ընթացքի մեջ է:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար, կանայք»  անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում համաբուժարաններ է դիմել 470 կին, ընդ որում, 238-ը՝ գինեկոլոգիական խնդիրներով, նրանցից 38-ը ուղեգրվել է վիրահատման:

Արտաքին կապերի վարչության պետը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակում Ստեփանակերտի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը: Նաև զեկուցվել է, որ երևանյան գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնելու և աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը` քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply