Միայն մեկ հարցական` Չեխիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղից առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2013 13:01

Մարտի 26-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպումից առաջ, այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում լրագրողներին հանդիպեց  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նշեց, որ, չնայած կորուստներին, մի շարք խաղացողների տարբեր պատճառներով բացակայությանը, թիմը մարտականորեն է տրամադրված և պատրաստ է լավ խաղ ցուցադրել: Մարզիչը տեղեկացրեց, որոշել է թե մեր ընտրանին ինչ կազմ է ունենալու: Պարզվում է, որ տասը խաղացողների անունները հայտնի են, հարցական է միայն Արազ Օզբիլիսի մասնակցությունը:

«Մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների անուններն արդեն ունենք, միայն մեկի հարցում դեռ կասկածներ կան: Գիտեք, որ Արազ Օզբիլիսը վնասվածք ուներ և միայն երեք օր է մարզվել, բայց մենք նրա առողջությունը չենք վտանգի: Այդուհանդերձ, այս խաղին նրա մասնակցելու հավանականությունը շատ մեծ է: Օզբիլիսի չխաղալու դեպքում`խաղադաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը»,- ասաց Մինասյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի  և մեր երկրի երիտասարդական հավաքականների միջև  կազմակերպված ստուգողական խաղն իրեն չի բավարարել, քանի ֆուտբոլիստների գիտակցության մեջ ամրագրված է եղել, որ այն ընկերական է: Մինասյանն այնքան էլ գոհ չի մնացել  ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղից, զգացնել է տվել, որ նրանք մրցում են երիտասարդների հետ: Սակայն մասնագետը վստահ է, որ չեխերի հետ մրցամարտում ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ավելի տրամադրված հանդես կգան: Հայաստանի հավաքականը հարձակողական ֆուտբոլ կխաղա՞, թե՞ կապավինի պաշտպանությանը, Մինասյանի կարծիքով` կորոշվի խաղի ընթացքում:

Մարզիչն իր թիմի  և Չեխիայի հավաքականի հաղթանակի հնարավորությունները գնահատում  է հավասար` 50:50 հարաբերակցությամբ:

Մինասյանը որոշել է, որ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում պաշտպաններից խաղալու են Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արտյոմ Խաչատուրովը:

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ Չեխիայի հավաքականի մասնակցությամբ մի շարք խաղերի տեսագրություններ են դիտել և համոզվել են, որ այն ուժեղ թիմ է: Իսկ Դանիայի հավաքականից վերջին հանդիպումում սեփական հարկի տակ կրած պարտությունը, նա անսպասելի համարեց, քանի որ հավասար խաղ է եղել: Դանիացիներին օգնել է այն, որ նրանք գնդակ են խփել մրցակցի դարպասը, իսկ ի վերջո հաղթել են 3:0 հաշվով:

Մինասյանը գտնում է, որ թեև Չեխիայի ընտրանին վարկանիշով ավելի բարձր է, քան Հայաստանի հավաքականը, սակայն մերոնք ձգտելու են, որ հաղթեն:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply