Քաղաքացուց գումար է պահանջել դատավորին տալու պատրվակով

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 25, 2013 11:24

Ազգային Ժողովի գլխավոր մասնագետը հանցավոր է ճանաչվել խարդախությամբ գումար հափշտակելու համար։ Նա, ըստ մեղադրանքի, քաղաքացի Խալոյանից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իբր նրա օգտին վճիռ կայացնելու համար դատավորին տալու պատրվակով։

Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության նախկին գլխավոր մասնագետ, իրավաբան Վահե Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն և դատապարտել 2 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի` Վահե Մանուկյանը 2011թ. դեկտեմբեր ամսին քաղաքացի Արմեն Խալոյանին վստահեցրել է, որ կարող է դատավորին շուրջ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալով Արմեն Խալոյանի օգտին վճիռ ստանալ, որի արդյունքում Ա.Խալոյանը կվերականգնի իր բնակարանի նկատմամբ կորցրած սեփականության իրավունքը:

2012թ. թվականի փետրվարի 23-ին վերջինիցս այդ պատրվակով խարդախությամբ՝ խաբեության եղանակով, Երևան քաղաքի «Երիտասարդական» մետրոպոլիտենի մուտքի դիմացի հատվածում պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 778,680 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար՝ դատական ատյաններում նրա օգտին գործողություններ կատարելու համար, ինչն անմիջապես բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։

Ամբաստանյալ Վահե Մանուկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր և Արմենի միջև պայմանավորվածություն է եղել 5.000 ԱՄՆ դոլարի սահմաններում` որպես իր կողմից կազմակերպվող և իրականացվող ծառայությունների վճար՝ ծառայությունների շարքում ամբաստանյալը հիշատակել է բարձր վարկանիշ ունեցող փաստաբանների հետ խորհրդատվությունը, նրանց ներկայությունը դատական ատյաններում, տարբեր մարմիններից փաստաթղթերի, ապացույցների ձեռքբերումը: Ամբաստանյալն «ընդամենը երևակայություն և հերյուրանք» է որակել Արմենի արած հայտարարությանը, թե ինքն ինչ-որ մեկին կաշառք է տալու:

Ըստ վկա Արմեն Խալոյանի ցուցմունքի՝ Վահեն իրեն ասել է, որ այդ գործի համար կպահանջվի 5.000 ԱՄՆ դոլար, ինքը նրան հարցրել է, թե բացի դրանից ինքը նրան, որքան գումար պետք է տա, իսկ նա պատասխանել է, որ դա թողնում է իր խղճին և ավելացրել, որ այդ 5.000 ԱՄՆ դոլարը գնալու է դատարան: Հետագայում Վահեն իրեն ասել է, որ դատավորին «գլխից» պետք է գոնե գումարի մի մասը վճարեն, իսկ ինքը նրան ասել է, որ գումար չունի: Վահեն իրեն առաջարկել է ընկերներից գումար վերցնել, իսկ ինքն ասել է, որ մի բան կանի: Այնուհետև ինքը գնացել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոց, որպեսզի իր բողոքը ներկայացնի ՀՀ նախագահին: Այդտեղ իրեն մոտեցած անձանց ինքը պատմել է վերոգրյալի մասին, ովքեր ասել են, որ իրեն խաբում են և առաջարկել գնալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության: Նա գնացել է ՀՀ ԱԱԾ և պատմել ողջ եղելությունը՝ ԱԱԾ աշխատակիցներն իր վրա փակցրել են տեսախցիկ, տվել 2.000 ԱՄՆ դոլար, որը 2012 թվականի փետրվարին (կոնկրետ օրը չի հիշում) մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ տվել է Վահեին:

Դատարանը գտել է, որ մտացածին են և սույն քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ տվյալներով հերքվում է ամբաստանյալ Վահե Մանուկյանի ցուցմունքն այն մասին, որ ինքն Արմեն Խալոյանից գումարը վերցրել է որպես իր կողմից կազմակերպվող և իրականացվող ծառայությունների վճար: Դատարանը եկել է եզրահանգման, որ Վահե Մանուկյանն, ի սկզբանե նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, խաբեությամբ, 2012 թվականի փետրվարի 23-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ, Արմեն Խալոյանից վերցրել է խոշոր չափ հանդիսացող` 778.680 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:

2012 թվականի մարտի 5-ի որոշմամբ ապացույց ճանաչված 20 հատ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամները կթողնվեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրինմանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Վահե Մանուկյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես դատական ծախս, կբռնագանձվի 274.800 ՀՀ դրամ:

Հեղինակ: 

«Փաստինֆո»

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply