«Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել…»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 14, 2010 10:00

Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայության մեծ մասը անվստահությամբ մոտեցավ դրան: Դա բնական է, որովհետև գրեթե 100 տարի երկու ժողովուրդների միջև շարունակվող անվստահությունը խորացել է, և ոչ ոք չէր կարող պատկերացնել հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ. հատկապես` Սփյուռքի հայերը, որոնցից յուրաքանչյուրն ունի Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի անդամ ու չի ընդունում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ ինքը` Թուրքիան չի ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլքսանչորսյան իր ելույթում չարտաբերեց «ցեղասպանություն» բառը` ելնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի հրապարակման փաստից, այդպիսով դժվար ու ողբերգական պատմության հարցը թողնելով երկու կողմերին:

Այս փաստը մտահոգություն առաջացրեց Սփյուռքում, թե հարաբերությունների կարգավորումը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Անհանգստությունը կրկնապատկվեց «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունների հրապարակումից հետո: Հղում անելով միջկառավարական հանձնաժողովի պատմական հարթության վրա փոխվստահության վերականգնմանն ուղղված ենթահանձնաժողովի (շատերը սա սխալմամբ անվանում են «պատմական հանձնաժողով») կետը, նրանց մեջ համոզմունք առաջացավ, թե Հայաստանը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության եղելության հարցը:

Անկախ մասնագիտական պարզաբանումներից ու փաստարկումներից, շատ հայեր նախագահ Սարգսյանին նույնիսկ անվանեցին դավաճան իր ժողովրդի ու պատմության հանդեպ: Սփյուռք այցելության ժամանակ նախագահ Սարգսյանը հանդիպեց արձանագրություններին խիստ ընդդիմացող հայերի բազում բողոքներին ու քննադատությանը:

Այսուհանդերձ, նախագահ Սարգսյանը խորապես հավատացած էր, որ արձանագրությունները Հայաստանին հնարավորություն կտան շարժվելու առաջ` առանց անցյալը ժխտելու: Այսպիսով, չնայած Սփյուռքի ընդդիմությանը, Թուրքիան ու Հայաստանը ստորագրեցին արձանագրությունները:

Մի քանի ամիս անց, Հայաստանի սահմանադրական դատարանը հաստատեց, որ արձանագրությունների դրույթները «չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին», իսկ 11-րդ կետը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

ՍԴ որոշումը հայերի համար սփոփիչ հանգամանք էր, քանի որ հաստատում էր Հայոց ցեղասպանության կարևորությունը:

Դրանից հետո Սփյուռքի և Հայաստանի հայերի մի մեծ հատված սկսեց աջակցել արձանագրությունների վավերացումը:

Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը մերժելու և ղարաբաղյան հարցը հայ-թուրքական գործընթացին կապելու քաղաքականության ակտիվացումը փորձեց նոր անորոշություն մտցնել հայության շրջանակներում:

Այս պայմաններում, սակայն, Հայաստանի իշխանություններն իրենց հերթին սկսեցին ակտիվացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը` աջակցելով ու խրախուսելով այլ երկրներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի օրակարգում հայտնվելը:

Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հայոց ցեղասպանության զոհերի պատմական գերեզմանոց դարձած Դեյր Զոր, վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գերակայությունը. «Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ XX դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն XXI դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ»,-հայտարարեց Սարգսյանը:

Ապա նա ավելացրեց, որ «Դեյր Զորի անապատում տեղի ունեցած ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկի մանրամասները քաջ հայտնի են նույնիսկ (Հայոց) ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին»:

Սա այն ելույթներից էր, որ էապես նվազեցրեց երկար ժամանակ Հայկական սփյուռքի ունեցած մտավախությունները:

Հայությունն աշխարհում հիմա միասնական է մի սկզբունքի շուրջ. այլ կերպ լինել չէր կարող:

Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես

Դիտվել է 3372 անգամ:
Print Friendly

Leave a Reply