Կհանդիպենք «Raffles»-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 13, 2010 11:19

(Մի հյուրանոցի պատմություն)

Այս հյուրանոցում է հորինվել հանրահայտ «Սինգապուրյան սլինգ» կոկտեյլը և  հենց  այստեղ են ծնվել Սոմերսեթ Մոեմի լավագույն պատմվածքները: 1887-ին բացված հյուրանոցն այսօր էլ  բաղձալի գողտրիկ  անկյուն է շատերի համար:

XX դարասկզբին Հարավարևելյան Ասիայով ճանապարհորդությունից հետո ուղևորները միմյանց հրաժեշտ էին տալիս` կհանդիպենք «Raffles»-ում արտահայտությամբ. չէ՞ որ բոլորն էլ ուշ թե շուտ հայտնվում էին այստեղ: Բրիտանական գրեթե բոլոր գաղութներում քաղաքակրթության այսպիսի օազիսներ կային, որոնք թագահպատակներին ջունգլիներում գոյատևելու հարմարություններ էին ընձեռում. եվրոպական սնունդ, սպիրտային խմիչքներ, աշխույժ ծառայակազմ և, որ ամենակարևորն է,  միայնակ  եվրոպացիներ, ովքեր կունկնդրեին անցած սխրագործությունների մասին պատմությունները:

Հյուրանոցը բացվել է 1887-ի դեկտեմբերի 1-ին: 1889-ին կառուցված Սուեզի ջրանցքը զգալիորեն կրճատեց Բրիտանիայի ու նրա բազմաթիվ գաղութների միջև եղած  հեռավորությունը: Սինգապուրը նույնպես 1819-ից դրանց թվում էր, երբ Սումատրայի արևմտյան ափին նահանգապետ սր Թոմաս Սթենֆորդն այստեղ բարձրացրեց բրիտանական դրոշը:

Նա համոզված էր, որ Բրիտանիայի համար ասիական այս   կղզին  կդառնա այն, ինչ Մալթան է  Արևմուտքի համար: Սակայն դրանից հետո էլ այն երկար ժամանակ շարունակում էր մնալ  արևելյան փոքրիկ առևտրային ավան: Որ Սինգապուրը երբևիցե կվերածվի աշխարհահռչակ  նավահանգստի, շատ քչերն էին հավատում: Նրանցից էին պարսկահայ Սարգիս եղբայրները. ավագները` Մարտինն ու Տիգրանը, դեռ երիտասարդ տարիքից էին տեղափոխվել Փենանգ և աշխատում էին տեղի հյուրանոցում: Հետո Պարսկաստանից Հաբեթին ու Արշակին էլ բերեցին և  փայաբաժնով գնեցին կիսավեր մի շինություն, այսպես կոչված` «լողափային տուն»: Դա 10 սենյակից բաղկացած մի ավերակ էր, որ տեղակայված էր ափին մոտ: Եղբայրներով որոշեցին այն վերածել իսկական առաջնակարգ հյուրանոցի: Տան մոտ երկու հարթակ կառուցեցին, բացեցին բիլիարդի սրահ ու ավելացրին նոր սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատշգամբն ուներ: Դրանից հետո Սարգիս եղբայրները որոշեցին իրենց հյուրերին Սինգապուրի ամենաընտիր խոհանոցն առաջարկել: 1893-ի ամանորյա ճաշացանկը 20 անուն էր բովանդակում.  խավիարներ, վայրի թռչնամսից ու կրիայից պատրաստված  զանազան ապուրներ:

Նոր`  գլխավոր  շենքի բացման հետ հյուրանոցը  վերածվեց  բրիտանական գաղութի հասարակական  կենտրոնի: Դրան նպաստեց նաև խելամիտ կառուցված օդահովացման համակարգը: Գեղեցիկ շինությունները պսակում էին 5 մետր բարձրություն ունեցող տանիքները. ինչի շնորհիվ օդը ներքևում  սառն  էր լինում: Մարմարապատ դահլիճը երեկոյան հյուրընկալում էր հայուրավոր հյուրերի: Ճաշկերույթից հետո սեղանները պատերի մոտ էին դրվում և նվագախմբի հայտնվելուն պես նույն ճաշասրահը վերածվում էր պարասրահի: Սարգիս եղբայրները միշտ մի նոր բան էին մտածում, որպեսզի իրենց հյուրերի տրամադրությունը բարձրացնեն: Օրինակ` Ծննդյան տոներից առաջ կազմակերպվում էր «ձմեռային ճաշ», որի ժամանակ բոլոր հյուրերը տեղաշարժվում էին անվաչմուշկներով:

XX դարի սկզբին Սինգապուրը վերածվեց «Արևելքի շրջադարձային տարածքի»: «Raffles»-ը դարձավ Սինգապուրի գլխավոր հյուրանոցը, ուր հանգրվանում էին մեծ զբոսաշրջային նավերի ուղևորները: Դրանցից մեկն, օրինակ, երկու ամիսը մեկ քաղաք էր բերում 600 ամերիկացի, ովքեր հյուրանոցում պարտադիր հանդիսավոր խնջույք էին կազմակերպում: Իսկ տեղական թերթը պարբերաբար հայտնում էր հյուրանոցում իջևանած այս կամ այն թագակիր անձի մասին:

20-ականներին, ինչպես գրում էին թերթերը,  Սարգիս եղբայրները հերթական անգամ զարմացրին  Սինգապուրին. հյուրանոցում բացվեց Արևելքի  պարահանդեսային ամենամեծ սրահը: Ամեն երեկո անվերջանալի հոսք էր ձգվում դեպի հյուրանոց, ուր սկսվում էր պարահանդեսը, որի ընթացքում հյուրերին մատուցվում էր ֆիրմային` «Սինգապուրյան սլինգ» հայտնի կոկտեյլը: Կոկտեյլի հեղինակը չինացի բարմեն Նգիհամ Տոնգ Բունն է. սկզբում այն  նախատեսված էր կանանց համար, քանի որ նրանց արգելվում էր հասարակական վայրերում ալկոհոլային խմիչք օգտագործել: Կանացի այս կոկտեյլը շուտով գլուխգործոց դարձավ, որի բաղադրատոմսը հյուրանոցի չհրկիզվող պահարանում գաղտնի էր պահվում, նույնիսկ բարմեններից, նրանք միայն հարում էին նախապես պատրաստված խառնուրդը: Հենց 20-ականներին անգլիացի գրողները, Սոմերսեթ Մոեմից հետո, «հիվանդացան»  Ասիայով: «Աշխարհում չես գտնի Արևելյան Ասիայի նման մեկ ուրիշ  վայր, որն այսքան  հարուստ լինի լավ պատմության  նյութով»,- գրել է Մոեմը, ում պատմվածքներում այս կամ այն կերպ հիշատակվում են «Raffles»-ն ու նրա հյուրերը: Առաջին այցելությունից հետո նա այստեղ է վերադառնում կրկին ու կրկին: Ամեն առավոտ, կիսատաբատով ու թեթև շապիկով հայտնվում էր հյուրանոցի «Արմավենու բակում» և գրում էր ու գրում, իսկ երեկոյան, կոստյումով ու  հարդարված մազերով հայտնվում էր բարում`  մասնակցելու թեյախմությանը: Այստեղ լսած շատ բամբասանքները  տեղ էին գտնում նրա գրքերում, և շուտով  «սինգապուրյան հասարակությունը» պարզապես  դադարեց նրա ներկայությամբ խոսել:

1927-ին ամերիկացի միլիոնատեր Վան Լիր Բլեքն առաջին զբոսաշրջիկն էր, որ  ինքնաթիռով էր Սինգապուր ժամանել` օրական թռչելով 8 ժամ: Ամստերդամից Սինգապուր տարածքն անցել էր ընդամենը «2 շաբաթում»: Ուղևորության մասին նրա պատմությունները ամերիկացիների նոր հոսք բերեցին Սինգապուր, հատկապես  «մեծ դեպրեսիայի» ժամանակաշրջանում:

Սակայն, շուտով այդ դեպրեսիան հասավ նաև բրիտանական գաղութներ: Նույնիսկ կաուչուկի արտադրությունը, ինչի հաշվին ապրում էր բարձրաշխարհիկ Սինգապուրը, անկում ապրեց:

1931-ի հունվարին 62 տարեկան հասակում մահացավ Սարգիս եղբայրներից վերջինը: Չորս ամիս անց հյուրանոցը սնանկ ճանաչվեց: Եղբայրների պարտքը կազմում էր 3,5 մլն դոլար` Սինգապուրի պատմության մեջ չլսված մի թիվ:

Նոր տերերն, իհարկե, շքեղ նորոգում կատարեցին, սակայն նրանց չհաջողվեց վերականգնել հյուրանոցի երբեմնի  փայլը: Այցելուներից բրիտանացի դրամատուրգ Նոել Քուարդն իր ինքնակենսագրության մեջ հյուրանոցը նկարագրում է  որպես առաջնակարգ տեղ` երկրորդ սորտի մարդկանց համար:

Հազիվ էր հյուրանոցը  նոր շունչ առել, երբ սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1942 թ. հյուրանոցը երեքուկես տարով վերածվեց ճապոնական օկուպացված զորքերի շտաբի: Հյուրանոցը, մի լրագրողի խոսքերով, նմանվել էր անքուն գիշեր անցկացրած պառաված օրիորդի. հոգնած, բայց անվնաս: Շուտով հյուրանոց վերադարձան նշանավոր հյուրերը, ինչպես, օրինակ` Ավա Գարդները, Լիզ Թեյլորը, Ջոն Քենեդին և Ռիչարդ Նիքսոնը: Սակայն 1960-ականներին արդեն դա ուրիշ «Raffles» էր: Այն ծովափին չէր գտնվում, այլ` քաղաքի կենտրոնում: Ափի ավազալցման արդյունքում Սինգապուրի մակերեսը, ճիշտ է, մեծացել էր, բայց հյուրանոցը կորցրել էր երբեմնի   բացառիկ գեղեցիկ դիրքը:

Այսօր ձյունաճերմակ այդ հյուրանոցը  գաղութային Սինգապուրի  վերջին մասունքներից է: 1987-ին  հյուրանոցի շենքը հայտարարվել է ճարտարապետական հուշարձան: Այդ է պատճառը, որ վերակառուցման աշխատանքներն ընթանում էին դանդաղ ու զգույշ: Եվ միայն 1991-ին այն  թանկարժեք «վիրահատությունից» հետո, որն արժեցավ 161  մլն դոլար, փայլեց նոր գույներով: Ծախսը տեղին էր, քանի որ յուրաքանչյուրը, ով ոտք է դնում նախասրահ, կարծես  ուղևորվում է անցյալ: Այսօր այն  ավելի շուտ տեսարժան վայր է, քան հյուրանոց, և ով ուզում է իջևանել պատմական հյուրանոցի հարյուրավոր սենյակներից մեկում, պետք է  նախապես հոգա դրա մասին: Չնայած այն հանգամանքին, որ այսօր այնտեղ շատ բան է փոխվել, այնուամենայնիվ, կարելի է Մոեմի խոսքերով ասել` «Raffles»-ը ողջ Արևելքի հմայքի մարմնացումն է:

«Биография», 2009 թ., թիվ 2

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply