Առաջընթաց կարգապահության ամրապնդման գործում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2013 19:32

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այս մասին մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 22-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տեղեկալները, վարչություների պետեր, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներ, Ազգային անտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զինված ուժերում բավականին լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են և անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու և ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ աշխատանքները հանգեցրել են դրական արդյունքների և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչություն պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներ և այլք: Ելույթներում ներկայացվել է ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները և դրանց լուծման ուղիները, արատավոր բարքերի դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաև ազգային գաղափարախոսության ներդրման տեսլականը և ուղենիշները:
Ակտիվ քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ և հստակ ժամանակացույցեր սահմանել աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply