Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2013 14:49

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում:

Դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար և ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նրան փոխանցել իր երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply