Մարտի 24-ին կնշվի տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2013 13:08

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի  համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37,1 իսկ մահացության ցուցանիշը` 2 (100000 բնակչի հաշվարկով):

2012 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 1125 առաջնակի հիվանդ (2011 թվականին` 1247): Կյանքում առաջին անգամ ախտորոշվածներից 3.6%-ը կազմում են 0-14 տարեկան երեխաները, 12.9%-ը` 15-24, 22%-ը` 25-34, 16.3%-ը` 35-44, 18.6%-ը` 45-54, 15.9-ը` 55-64 տարեկանները, 10.7%-ը` 65-ից բարձր տարիք ունեցողները: Ընդ որում, աշխատունակ 15-54 տարիքային խմբերին բաժին է ընկնում դեպքերի 69.2%-ը:

Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ բարձր է, քան կանանց, և  2012 թվականին կազմել է 58.2 (2011թվականին` 57.6), իսկ կանանց շրջանում` 17.8 (2011 թվականին` 19.9): Առաջնակի դեպքերից շուրջ 18%-ը հիվանդացել են արտերկրում:

Ազատազրկման վայրերում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 24 դեպք, որից 9-ը առաջնակի թոքային, որից 22.2%-ը` մանրէազատող:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ:

Պետության, ինչպես նաև Տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորման շնորհիվ ներկայումս Հանրապետությունում առկա են տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար պահանջվող բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն ու  դեղերը:

Դեղեր, ախտորոշիչ նյութեր և սարքավորումներ տրամադրելուց բացի, ծրագրի շրջանակներում իրականացվում են հիվանդների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջոցառումներ: Իրականացվել են տուբերկուլոզային բուժհաստատությունների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման, բուժանձնակազմի վերապատրաստման (այդ թվում` արտերկրում), հետազոտական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև բնակչության իրազեկում և կրթում:

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում»: Այն արտահայտում է տուբերկուլոզից ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք ունենալու գաղափարը:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply