Հայաստանի պարծանք մարզուհիները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 26, 2013 15:00

Քանի որ Հայաստանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնական օրեր են, ապա առիթ կա ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր մարզուհիներին և վերհիշել, թե ինչպիսի հաջողությունների են հասել  նրանք խոշորամասշտաբ ստուգատեսներում: Ուշագրավ է, որ Հայաստանը ներկայացնող մարզուհիները մեդալների են  տիրացել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում:

Ամենատիտղոսակիրը սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկն է, որը համաշխարհային 11 ռեկորդ է սահմանել: Մարզուհու ամենաբարձր ցուցանիշը 70 մ 5 սմ է: Նա օլիմպիական խաղերի (1972), Եվրոպայի (1971,1974), ԽՍՀՄ (1971) չեմպիոն է: 1987-ին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան նրան ճանաչել է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն սկավառականետորդուհի: Հետագայում` ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, մարզուհին հեռացավ Հայաստանից, նաև աթլետիկայից, քանի որ բացի ֆիզկուլտուրային  բարձրագույն կրթությունից, նա նաև մասնագիտությամբ բժիշկ է (1986-ին ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտը): Նա Մոսկվայում հիմնեց ատամնաբուժական սեփական կլինիկան:

Ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանն էլ 1980-ին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերում տիրացել է արծաթե մեդալի: Հետագայում նա էլ բնակության մեկնեց  ԱՄՆ: Իսկ ահա 2012-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի  Հռիփսիմե Խուրշուդյանը հայրենի Քասախում է: Թեև Եվրոպայի աղջիկների, երիտասարդների, մեծահասակաների առաջնությունների չեմպիոնուհին Լոնդոնի օլիմպիական մրցահարթակում հաջողության հասնելուց  հետո ժամանակավոր հեռացել է ծանրամարտից, սակայն նրանից սպասելիքները դեռ շատ են: Խուրշուդյանը ամուսնացել է ծանրորդի հետ, ընտանիք կազմել և պատրաստվում է մայր դառնալ: Հռիփսիմեն հայտնել է, որ կրկին վերդառնալու է մրցահարթակ, որպեսզի համալրի պարգևների իր հավաքածուն աշխարհի, նաև օլիմպիական խաղերի չեմպիոնների ոսկե մեդալներով:

Քիչ չեն նաև աշխարհի չեմպիոն մարզուհիները: Նրանցից ամենատիտղոսակիրը հրաձգուհի Երջանիկ Ավետիսյանն է, որն աշխարհում ուժեղագույն է ճանաչվել չորս անգամ (1994, 1999, 2001, 2006), քանիցս ոսկե մեդալակիր է դարձել աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցաշարերում: Նա Եվրոպայի հնգակի (1991, 1994, 2000, 2001, 2012) չեմպիոն է:  Երջանիկը 1994-ից տեղափոխվել էր Մոսկվա և հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Ուրախալի է, որ մարզուհին վերադարձել է և կրկին Հայաստանի դրոշի ներքո է մասնակցում մրցումներին: Ի դեպ,  անցյալ տարի նա հավասարը չունեցավ Եվրոպայի առաջնությունում:

Հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանն աշխարհի չեպիոն դառնալուց բացի (1974), Եվրոպայի 16-ակի (1973-1983) չեմպիոն է, Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975, 1976, 1979): Ցավոք, մարզուհին անժամանակ` մեկ տարի առաջ հեռացավ կյանքից:

Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն էլ Եվրոպայի չեմպիոն դառնալուց (2008) մեկ տարի հետո հռչակվեց  աշխարհի ուժեղագույն: Ընդ որում, նա առաջին հայ մարզուհին է, որը ծանրամարտում այդպիսի հաջողության է հասել:

Աշխարհի չեմպիոններ են նաև սամբիստուհիներ Քրիստինե Նաջարյանը (1998, 2004) և Արևիկ Կարապետյանը (1999):

Արդեն նշվեց, որ Հայաստանի մարզուհիները նաև եվրոպական բարձունքներ են  նվաճել: Ավելացնենք  Եվրոպայի չեմպիոններ դարձած ծանրորդուհի Մելինե Դալուզյանի (2007, 2008), սեղանի թենիսիստուհիներ Էլմիրա Անտոնյանի (1976), Նարինե Անտոնյանի (1980, 1984),  Անիտա Զախարյանի (1980, 1984), սամբիստուհի Գոհար Գևորգյանի, շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում 2003-ին հաղթող դարձած Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի, Նելլի Աղինյանի անունները:

 

Դիտվել է 2437 անգամ:
Print Friendly

Leave a Reply