Էլի կպան տաքսիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2013 7:06

Տաքսիներով ուղևորափոխադրումների ոլորտում մշակվել ու ընդունվել են կանոնակարգային նոր մոտեցումներ, որոնք ուղղված են վարորդների աշխատանքի դյուրինացմանը, ադմինիստրատիվ– բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը: Մանրամասները լրագրողներին օրերս  ներկայացրեցին տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Տոնոյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը:

 Ալե՜, հոպ, ու տաքսիները դարձյալ դարձան սպիտակ համարանիշներով

Այս փոփոխությունները, որոնք ներմուծվեցին մոտ 5 տարի առաջ, ինչպես հիշում ենք, բավական աղմուկ և բողոքի մեծ ալիք բարձրացրեցին  տաքսիստների շրջանում: Բայց այն ժամանակ ո՛չ տաքսիստների, ո՛չ փորձագետների և ո՛չ էլ որևէ մեկի կարծիքը հաշվի չառնվեց, և գործողության մեջ դրվեցին տաքսիների համար պարտադիր դեղին պետհամարանիշների, բուժ- և տեխզննումներ անցկացնելու և այլ պահանջներ:

Ինչևիցե, կառավարությունում արդեն կարծում են, որ նախկին փոփոխություններն իրենց նպատակին չեն ծառայել, ու այժմ առաջարկվում է դրանցից շատերը հանել:

Հիմնականում չորս բարեփոխում է արվել: Առաջին` լիցենզավորման գործընթացն է բարեփոխվել. այսօրվա գործող օրենսդրությամբ լիցենզավորման մասին դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում պետք է համապատասխան որոշումը կատարվեր, իսկ այժմ` 5 օրում: Պետական տուրքը`  նախկին 25 հազար դրամ միանվագ վճարումը, միացվել է արտոնագրային վճարին և բաժանվել տասներկու ամսվա վրա: Մյուս փոփոխությամբ դեղին պետհամարանիշները շրջանառությունից հանվում են, և վերադարձ է կատարվում սպիտակ համարներին:

«Դեղին համարն, առաջին հերթին, վերահսկողական ֆունկցիաները կատարելու համար էր: Դեղին համարների համար տաքսի ծառայություն մատուցող անհատը պետք է վճարումներ կատարեր` 17 հազար դրամ, որն այլևս չի վճարելու: Իսկ դեղին համարների փոխարեն տրանսպորտի նախարարությունը տաքսիստներին անվճար տրամադրելու է դեղին ստիկերներ, որոնցով էլ տարբերվելու են տաքսի ավտոմեքենաները»,- պարզաբանեց տրանսպորտի և կապի փոխնախարարը:

Վերջին փոփոխությամբ էլ հանվել է ամենօրյա բուժ-  և տեխզննման պահանջը: Արտաշես Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա հիմնականում ֆորմալ բնույթ է կրել, և այլևս այս դրույթը պահպանելու անհրաժեշտություն չկա:

Տաքսիներից դեղին համարանիշները հանելուն դեմ է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն: Այդ դիրքորոշումը ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը պարզաբանեց այն հանգամանքով, որ կան օրինական և անօրինական տաքսիներ, և այն տաքսիները, որոնք հիմա առանց դեղին համարների են շահագործվում, անօրինական են:

«Եվ ես համարում եմ ու համոզված եմ, որ ամեն մի պարկեշտ, օրինապահ քաղաքացի միշտ նախընտրում է օրինականից օգտվել, որովհետև օրինական տաքսիստները տարվա ընթացքում ծախսում են ամենաքիչը 120-130 հազար դրամ` ընթացիկ մուծումներով, որոնք հետո դառնալու են թոշակ կամ բանակին են գնալու: Իսկ անօրինականները այդ գումարները տնտեսում են, ու դրանք չեն հարկվում»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը` նշելով, որ երբ կառավարությունն առաջարկում է դեղին համարների փոխարեն ներմուծել կպցնովի տարբերանշաններ` դեղին ստիկերներ, այդ դեպքում օրինապահ քաղաքացիներին դժվար կլինի միանգամից տարբերել անօրինական տաքսիները ու չօգտվել դրանց ծառայություններից:

Նույն կարծիքին է նաև «Ավտովարողների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ ժամանակին, երբ տաքսիստները բողոքում էին այսօր արդեն վերացվող նորմերից, ակտիվորեն զբաղվում էր այս հարցերով: Նա նշեց, որ քաղաքացիներն արդեն սովորել էին այդ համարներին, քանի որ այդ համարանիշները գոնե հուշում էին, որ օրինական գործող տաքսի մեքենայի հետ գործ ունենք, ոչ թե անհայտ, անորոշ մեքենայի վարորդի: Քաղաքացիները գիտեին, որ այդ մարդը որոշ պարտավորություններ է ստանձնել:

«Ու հիմա դեղին համարանիշները փոխարինվում են ինչ-որ կպչուն թղթով, որը պետք է փակցվի մեքենայի հետևի ապակու վրա: Այսինքն` մարդիկ պետք է գնան, կռանան, որ տեսնեն` մեքենայի հետևի ապակու վրա թուղթ կա՞, թե՞ չկա: Ճիշտ է, երբ գործողության մեջ էր մտնում դեղին համարանիշների գործածման հարցը, տաքսիստները դժգոհ էին, բայց դրանից արդեն 5 տարի անցել է, տաքսիստներն արդեն դեղին համարանիշների մեջ հաճախորդ տեսան, այսպես ասած: Վարորդներն արդեն իրենք էլ են ձգտում այդ դեղին համարանիշներին, որ ավելի շատ հաճախորդ ունենան և փող աշխատեն»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Նա մատնանշեց նաև մեր աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածը, որում նշվում է, որ ռիսկային գործոն ունեցող   գործունեությունը պարտադիր պետք է բուժ- և տեխզննում անցնի: «Ամենակարևորը մեր ոստիկանության դիրքորոշումն է. որ իրենք մեզ հստակ բացատրեն ու ներկայացնեն այն հիմնավորումները, որ դեղին պետհամարանիշները մեզ պետք չեն: Ոստիկանությունը փաստարկ է բերում, թե վարորդներն ավելի շատ փող են ծախսում դեղին պետհամարանիշներ ստանալու համար, բայց եթե փաստարկը միայն փողն է, շատ կներեք, դեղին պետհամարանիշները փող են պահանջում, իսկ հաշվիչները ո՞չ: Ի՞նչ է, բոլոր տաքսու վարորդները հաշվիչների համար 60 հազար դրամ վճարելու փող ունե՞ն»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը  դեղին պետհամարանիշների մասին ասել էր, որ ժամանակին վերահսկողության մեխանիզմ է պետք եղել տաքսի ոլորտի համար, բայց ժամանակի ընթացքում տեսնելով, որ քաղաքացիները լուրջ խնդիրներ են ունենում ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից, այս պահանջը հանվում է:

Մեզ առողջ տաքսիստներ ու սարքին տաքսիներ պետք չէ՞ն

Բայց հանվում են նաև տաքսիստների ամենօրյա բուժզննման, մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները ևս:

«Մենք առաջարկում ենք հաճախությունը փոքրացնել` դարձնել շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ, իսկ առողջապահության փոխնախարարը, որ մասնակցել է այս հարցի քննարկմանը հանրային խորհրդում, նշել է, որ իրենք կտրականապես դեմ են և համարում են, որ բուժզննումը պետք է անցկացվի ամեն օր: Հիմա մենք գիտենք, որ ամենօրյա բուժզննում չի կատարվում, բայց ընդհանրապես բուժզննման պարտադիր պահանջը հանելուն էլ դեմ ենք: Պետք է գտնվի այլ ձև»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Գրեթե նմանատիպ առաջարկ էլ եղել է տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննման պահանջի մասով` պարբերականությունը մեծացնել, ոչ թե ընդհանրապես հանել պահանջը: Սակայն Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն կառավարական կազմակերպությունը, որն էլ հենց այս բարեփոխումների հեղինակն է, երկու հիմնական փաստարկ ունի: Նախ` միևնույն է, բուժ- և տեխզննում չի կատարվում, ֆորմալ բնույթ է կրում, հետևաբար ի՞նչ իմաստ ունի այն պահել, և երկրորդ` պետական այս կառույցը նշում է, որ ով ուզի ամենօրյա զննումներ անցկացնել, կանի առանց պահանջի: Բայց այս փաստարկները, սպառողների ասոցիացիայի նախագահի կարծիքով, սխալ են, քանի որ դրանով մարդկանց կյանքն է վտանգվում:

Իրոք, չէր կատարվում ամենօրյա տեխ- և բուժզննումների պահանջը: Բայց եթե նույնիսկ զննումներն ամենօրյա չեն լինում, գոնե էլի ինչ-որ պարբերականություն պետք է մնա: Որովհետև, եթե ինչ-որ նորմ կամ դրույթ չի իրագործվում, դա չի նշանակում, որ այն պետք է հանել, այլ ուղղակի պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ դրանք սկսեն գործել: Առավել ևս, որ Հայաստանում այդպիսի չգործող բազմաթիվ շատ այլ նորմեր, դրույթներ, օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր կան:

Բուժ- և տեխննման հարցի առնչությամբ ՏԿ փոխնախարար Արտաշես Ավետիսյանն այլ մեկնաբանություն ունի: Նա նշեց, որ եթե տաքսի ծառայությունները ցանկություն ունեն այդ զննումներն անելու, կարող են կարգավորել այդ հարցն իրենց ներքին հրամաններով: «Այսօրվա պայմաններում մոտ 6 հազար անհատների մեքենաներ են շահագործվում, և պարզապես հնարավորություն չկա, որ այդքան մեքենաներն ու տաքսիստներն ամեն օր զննում անցնեն»,- ասաց Արտաշես Ավետիսյանը:

Թե իրականում ինչ նպատակ ունեն այս փոփոխությունները, հավանաբար պարզ կդառնա մոտ ապագայում: Բայց նշենք, որ տաքսիստները մտավախություն ունեն, որ այս փոփոխություններով փորձ է արվում տաքսիների ոլորտը ևս խոշորացնել ու մենաշնորհացնել, ինչին Արտաշես Ավետիսյանն արձագանքում է` նման բան չկա:

Տիգրան Հովհաննսիյանն էլ մեկ այլ պատճառ է նշում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» կառույցը, որը ինչ-որ օրենսդրական «բարեփոխումներ» անելու համար պետբյուջեից փողեր է ստանում ու պետք է տարբեր ոլորտներում «բզբզի», որ ցույց տա, թե գործ է անում:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply