Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ Արգենտինայում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2013 14:01

Մարտի 20-ին Բուենոս Այրեսում անցկացվեցին Ֆրանկոֆոնիային նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Արգենտինայում հավատարմագրված եւ կազմակերպության անդամ հանդիսացող 31 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, դեսպանությունների կողմից:
Կենտրոնական հանդիսությունը տեղի ունեցավ Արգենտինայի արտգործնախարարության «Մանուել Բելգրանո» սրահում, որի ընթացքում ելույթ ունեցան ԱՀ ԱԳ առաջին փոխնախարար Էդուարդո Սուայինը, Ֆրանսիայի դեսպան Ժան Պիեռ Աստվածատուրյանը, Կանադայի դեսպան Գվիեթ Կուցը, Վրաստանի դեսպան Գելա Սեխնիաշվիլին, Կոնգոյի գործերի հավատարմատար Յեմբա Լոհական: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան շվեյցարական երաժիշտներ, ֆրանսիական վարժարանի երգչախումբը, Կոնգոյից ժամանած թմբկահարներ: Հանդիսության ավարտին մրցանակներ շնորհվեցին ֆրանսերեն լեզվին նվիրված մրցույթում հաղթած երիտասարդներին:
Ձեռնարկից հետո մասնակից երկրների դեսպանները ծաղկեպսակ զետեղեցին Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:
Մայրաքաղաքի կենտրոնական «Սան Մարտին» հրապարակում անցկացվեց ժողովրդական տոնախմբություն, որտեղ մասնակից երկրները ներկայացվեցին առանձին տաղավարներով` իրենց տարածաշրջաններին հատուկ ազգային ուտեստներով, ձեռքի աշխատանքներով եւ երկրների մասին պատմող տպագիր նյութերով:
Օրվա երկրորդ կեսին հրապարակում հանդես եկան ազգային պարախմբեր, այդ թվում նաեւ հայկական տեղական «Գայանե» պարախումբը:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply