Պատգամավորն անհանգստացած է, որ ժողովուրդը հիմա էլ արագաչափերի տուգանքների համար է բանկի դռներն ընկնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 20:13

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադարձավ արագաչափերի խնդրին` նշելով, որ դրանց միջոցով հավաքագրված տուգանքները կազմել են մոտ 2 միլիարդից ավելի, որը համարժեք է 400 միջին համայնքներ մուտք գործող թոշակ-նպաստ և աշխատավարձ գումարի միասնական չափին. «Սիրելի´ կառավարություն, երկրում, որտեղ աղքատ է բնակչության մեկ երրորդը, չե՞ք կարծում, որ նման չափի տուգանքները պարզապես հասանելի չեն սովորական վարորդին»:

Նա դեմ չէ իրավախախտներին պատժելուն, սակայն գտնում է, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակին. «Երբեմն տուգանքի չափն ավելին է, քան վարած ավտոմեքենայի արժեքը»,-ասաց պատգամավորը` առաջարկելով յուրօրինակ լուծում, հատկապես, որ Հայաստանն ամեն ինչում է սիրում տարբերվել. օրինակ, կատարված խախտումը դասակարգել` ըստ սոցիալական խավերի:

«Ժողովուրդը բանկերի դռներից տուն չի գալիս: Հիվանդության, հազար ու մի պատճառը քիչ էր, հիմա էլ տուգանքի համար են գնում վարկ վերցնելու` վերջին թոշակը, վերջին ծախած ձավարը, կարտոշկեն դնի իրար վրա, տուգանք վճարի»,-վրդովված հայտարարեց պատգամավորը` հորդորելով կառավարությանը վերանայել տուգանքների չափը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախ հիշեցրեց, որ արագաչափերի հետևանքով մոտ 30 տոկոսով կրճատվել է մահվան ելքով վթարների թիվը. «Ինչ վերաբերում է պատժաչափերին, ապա միջազգային պրակտիկան այս առումով միասնական չէ: Միգուցե մեր կարգի երկրներում այդ պատժաչափերը կարող են որոշակի դժգոհություններ առաջացնել»:

Նրա խոսքով` Արդարադատության նախարարության կողմից մշակվել է Վարչական իրավախախտումների մասին օրենգրքի նոր հայեցակարգը, որի անկյունաքարային դրույթներից մեկը պետք է լինի տվյալ արարքի հասարակական վտանգավորության և դրա համար նախատեսված պատժաչափերի համաչափության սկզբունքը:

Նա հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ հայեցակարգը հաստատված կլինի` պատրաստակամություն հայտնելով այդ շրջանակներում քննարկելու և առանձին փաստերով դիտարկելու այդ խնդիրը:

 

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply