Սպորտի նախարարի գործնական հանդիպումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 18:48

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է ավստրիական հայտնի ”Wintertechnik Engineering GmbH” ընկերության ներկայացուցիչներին:

Նախարարը հյուրերին ներկայացրել է իր նկատառումները Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման հեռանկարների վերաբերյալ: ”Պետք է խոստովանել, որ ավանդաբար ձմեռային մարզաձևերում մեր մարզիկներն առանձնապես բարձր ցուցանիշներ չեն ունեցել: Սակայն, գրանցել այդ փաստը և անցնել առաջ ես չեմ ուզում, ավելին գտնում եմ, որ պետք է անել ամեն ինչ Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման համար”,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ Հայաստանը լինելով փոքր լեռնային երկիր, ուղղակի պարտավոր է արդյունավետ օգտագործել իր տարածքի ցանկացած հատվածի առանձնահատկությունը: ”Սա վերաբերվում է նաև ձմեռային մարզաձևերի համար նպաստավոր պայմաններով հարուստ Աշոցքին”,- ասել է նա:

Հ. Ռոստոմյանի խոսքերով, այսօր միայն Ծաղկաձորում է հնարավոր զբաղվել ձմեռային մարզաձևերով, իսկ եթե հաշվի առնենք, որ այն նաև խոշոր հանգստի գոտի է, որտեղ ձմռանը հանգստացողներն օգտվում են նաև դահուկուղուց, ապա հասկանալի է դառնում, որ ձմեռային մարզաձևով զբաղվող մարզիկի համար հնարավոր չէ լիարժեք մարզումներ կազմակերպել, քանի որ դահուկուղին թե հանգստացողների և թե մարզիկների համար մեկն է: ”Այդ իսկ պատճառով, մեր մասնագետներն ուսումնասիրելով Հայաստանում ձմեռային մարզաձևերի համար առկա հնարավորությունները, եկել են այն եզրակացության, որ խելամիտ կլինի օգտագործել մեկ այլ տարածաշրջանի՝ Աշոցքի նպաստավոր բնակլիմայական հնարավորությունները”,- փաստել է Հ. Ռոստոմյանը և ավելացրել, որ այսօր արդեն տեսանելի է հայ մարզիկների սպորտային պոտենցիալը նաև ձմեռային մարզաձևերում, ինչը պետք է խրախուսել և զարգացնել:

Թոմաս Յուրսը շնորհակալություն է հայտել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իրենց մասնագետները բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացնելուց հետո կկազմեն համապատասխան տեխնիկատնտեսական առաջարկ և կներկայացնեն հայկական կողմի քննարկմանը:

Նշենք, որ հանդիպմանը ”Wintertechnik Engineering GmbH” ընկերությունը ներկայացնում էր գլխավոր տնօրեն Թոմաս Յուրսը, որին ուղեկցում էր ”Gorbach consulting GmbH” ընկերության գլխավոր տնօրեն Հուբերտ Գոլբախը: Տեղեկացնենք, որ ”Wintertechnik Engineering GmbH” հեղինակավոր ավստրիական ընկերությունը զբաղվում է Ավստրիայում գործող ձմեռային մարզաձևերի մրցահարթակների գրեթե 50 տոկոսի շահագործմամբ և սպասարկմամբ, այն մասնաճյուղեր ունի եվրոպական շատ երկրներում:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply