«Իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով» . Ռ. Հակոբյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 18:31

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրարանական հայտարարությունների ժամին կրկին անդրադարձել է հետընտրական լարվածությանը: “Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ավանդույթը չխախտվեց՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ գործող իշխանության կամակատարը: Բացահայտ փաստերը, որ մոտ 600 ընտրատեղամասերում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 75-100 տոկոսը և որոնցում 80-100 տոկոս ձայն են տվել գործող նախագահին, բարձր դատարանը անտեսեց այն, չնայած իրենք իրենց լիազորության սահմաններում կարող էին անձամբ կազմակերպել այդ տեղամասերում վերահաշվարկը::

Նա “երեսպաշտական” որակեց այն հայտարարությունը, որ  քիչ են անհրաժեշտ բողոք-դիմումները ընտրակեղծիքների մասով` հակադարձելով. “Թե´ 1996թ-ին, թե´ դրանից հետո, և, մասնավորապես, 2008թ-ի ընտրություններից հետո, բողոք-դիմումներով հեղեղված էին թե´ ԿԸՀ-ն և թե´ Սահմանադրական դատարանը, բայց բարձր դատարանի որոշումը անփոփոխ էր՝ իշխանության թեկնածուն հաղթել է: Եվ առայժմ հրապարակի վրա է մնացել ընդհամենը քաղաքական մակաբույծներից մեկի կողմից հնչեցրած որակավորումով, որ ընդդիմության ներկայացուցչին ձայն են տվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, աղանդավորները, հասարակության անգիտակից մասը: Իսկապես, նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում մեր պետության և ժողովրդի համար”:

Դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին Հակոբյանն ասաց, որ եթե նա գտնում է, որ ստեղծված այս իրավիճակը հնարավոր է լուծել մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաև հացադուլավորին սոված և հիվանդ որակավորելու և նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ, ապա վստահորեն կարող է ասել, որ Սերժ Սարգսյանն իրապես չի պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում և ինչի կարող  է հանգեցնել նրա դիրքորոշումը: “Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը և առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին, և հաղթողը պետք է լինի մեկը՝  պետությունը: Այս իրավիճակում առանձին հաղթողներ և պարտվողներ չեն կարող լինել, եթե հաղթում են, ապա հաղթում են բոլորը՝ ժողովուրդը, պետությունը, իսկ եթե պարտվում են՝ պարտվում ենք բոլորս, այդ թվում նաեւ թվացյալ կամ պյուռոսյան հաղթանակի կրողը”:

Ռուբեն Հակոբյանի հավաստամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմանկիցները կողմ են բաց քննարկումներին և երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն:

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply