ԿԸՀ-ն առաջարկում է դրոշմակնքումը վերացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2013 16:33

Մինչ խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ներկայացնելը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց իրենց հիմնական առաջարկները.

«Առաջարկություններ կան, որոնք վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, առաջարկում ենք ընդհանրապես դրոշմակնքումը վերացնել՝ որպես ավելորդ ինստիտուտ, Ընտրական օրենսգրքում կան ավելի առանցքային ինստիտուտներ, որոնք լիարժեք կերպով կանխում են ցանկացած կրկնաքվեարկության հնարավորություն: Որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկություններ կան նաև Քրեական օրենսգրքում՝ մասնավորապես նախատեսելով համապատասխան իրավական կանոնակարգում, ըստ որի, եթե ընտրակաշառք ստացողն այդ մասին հայտարարում է, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից»:

Իսկ թե երբ այդ առաջարկները կքննարկվեն կամ կընդունվեն, դա, ըստ Մուկուչյանի, խորհրդարանի գործառույթների մեջ է մտնում:

Մուկուչյանի խոսքով՝ ԿԸՀ-ն կներկայացնի նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդում՝ հույս հայտնելով, որ այնտեղ նույնպես կլինեն որոշակի առաջարկություններ:

Լրագրողներից մեկը ԿԸՀ նախագահին հարց ուղղեց, թե արդյոք նա չի այցելելու Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նման քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, ինչ վերաբերում է զուտ մարդկայնորեն Րաֆֆի  Հովհաննիսյանին այցելելուն, ապա նա խնդրեց իր մարդկային արժանիքները նույնպես չքննարկել:

 

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply