Ինչպե՞ս կազդի Սարգսյան-Օբամա հանդիպումը հայ-թուրքական գործընթացի վրա

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 9, 2010 13:33

«Այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հատուկ բանագնացը Հայաստանում է, վկայում է, որ կողմերը փորձում են նոր լիցք հաղորդել գործընթացին»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ապրիլի 12-13-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունենալու միջուկային գլոբալ անվտանգությանը նվիրված գագաթնաժողով, որին մասնակցելու հրավեր ԱՄՆ նախագահից ստացել է ինչպես Հայաստանի նախագահը, այնպես էլ Թուրքիայի վարչապետը: Գագաթնաժողովի մասնակից 47 երկրների ներկայացուցիչների թվում հրավիրված չէ Ադրբեջանի նախագահը:

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ Վաշինգտոնում տեղի կունենա ՀՀ և ԱՄՆ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի հանդիպումը:
Ապրիլի 7-ին Հայաստան ժամանած Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուն նախագահ Սարգսյանից խնդրել է Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում երկկողմ հանդիպում Սարգսյանի և Էրդողանի միջև: Սարգսյանն ընդունել է Էրդողանի առաջարկը, և Վաշինգտոնում տեղի կունենա նաև Սարգսյան-Էրդողան հանդիպում: Քաղաքագետները կարծում են, որ Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա և Սարգսյան-Էրդողան հանդիպումները որոշիչ կդառնան հայ-թուրքական գործընթացի համար:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը նաև կբարձրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում և ցույց կտա, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին: Ըստ Մինասյանի` հայ-թուրքական հարաբերություններում, Հայաստանի և Թուրքիայի կոշտ հայտարարություններից հետո գործընթացը շարունակվում է միայն Վաշինգտոնի ազդեցության շնորհիվ: «Թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան կոշտացրել են իրենց դիրքերը: Դժվարանում եմ ասել, թե կողմերը որքանով կմեղմացնեն դիրքորոշումները»,- ասում է նա: Նրա խոսքով` վաշինգտոնյան այցից է կախված, թե ինչպիսին կլինի հայ-թուրքական գործընթացի հետագա ճակատագիրը. «Ե՛վ Հայաստանում, և՛ Թուրքիայում, և՛ ԱՄՆ-ում հույս ունեն, որ գործընթացը շարունակություն կունենա: Իրականում, Թուրքիայի շահերից է բխում գործընթացին նոր լիցք հաղորդելը, քանի որ Հայաստանի հետ առկա խնդիրները խոչընդոտում են Թուրքիային և՛ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում, և՛ տարածաշրջանային գործունեությունում»:

«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հայ-թուրքական հնարավոր հանդիպման արդյունքները երկու գործոնով է պայմանավորում՝ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու և Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունն ընդունելու պատրաստակամությունը: Մանասյանը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի առաջիկա վաշինգտոնյան հանդիպումից. «Քանի դեռ Թուրքիան իր սկզբունքային դիրքորոշումը չի փոխի Ցեղասպանության հարցում, հայ-թուրքական պաշտոնական հանդիպումներից որակական բեկումներ չեն ակնկալվի»:

Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպումներում հաջողության հասնելու համար, մինչ գագաթնաժողովին մասնակցելը, Հայաստանը պետք է ձեռնարկի երեք քայլ՝ միանա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկին (բոլոր երկրները պետք է ունենան խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հնարավորություն, գագաթնաժողովի մասնակից բոլոր երկրները հավասար են և այլն), վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները և հայտարարի, որ պատրաստ է ստորագրել Մադրիդյան սկզբունքները: Գրիգորյանն ասում է, որ նման պարագայում Հայաստանը Թուրքիային վատ դրության մեջ կդնի:

Ըստ Գրիգորյանի՝ վաղ թե ուշ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելու են, բայց ոչ մինչև առաջիկա ապրիլի 24-ը: «Թուրքիան մեծ դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է և ուզում է այս գործընթացից հնարավորինս օգուտ քաղել՝ իր գլոբալ հետաքրքրությունների հետապնդման գործում, ինչպիսիք են ԵՄ անդամակցության վերջնաժամկետի հստակեցումը և Սև ծովում ԱՄՆ-ի շահերի ներկայացուցիչ դառնալը»: Գրիգորյանը հայ-թուրքական գործընթացի հետագա ճակատագիրը միայն Հայաստանի և Թուրքիայի քայլերով չի պայմանավորում: «Համոզված չեմ, որ Ռուսաստանը հիմա կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, որ ԱՄՆ-ի խաղը տարածաշրջանում անկեղծ է»:

Մինասյանի կարծիքով, սակայն, արձանագրությունների վավերացման տրամաբանական վերջնաժամկետը առաջիկա Ապրիլի 24-ն է: «Եթե մինչ այդ թուրքական կողմը չվավերացնի արձանագրությունները՝ Հայաստանը պետք է գործընթացից կա’մ դուրս գա, կա’մ էլ միակողմանի վավերացնի արձանագրությունները: Իսկ թե որը տեղի կունենա, պարզ կդառնա վաշինգտոնյան այցելությունից հետո»:

Իսկ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ հնչող ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններն, ըստ Գրիգորյանի, ոչ թե Ղարաբաղի հետ են կապված, այլ Թուրքիային ուղղված հաղորդագրություններ են, քանի որ «հայ-թուրքական սահմանի բացումը մահ է Ադրբեջանի համար»:
Անդրադառնալով այն իրողությանը, որ Ադրբեջանի նախագահը հրավիրված չէ մասնակցելու գագաթնաժողովին, Գրիգորյանն ասում է, որ այդ պարագայում ԱՄՆ-ում Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կգործադրվեն: Ալեքսանդր Մանասյանը, սակայն, Ադրբեջանի նախագահի՝ գագաթնաժողովին հրավիրված չլինելն այլ կերպ է մեկնաբանում. «ԱՄՆ-ն և Եվրոպան բազմիցս նշել են, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները կապված չեն, և այս քայլը հենց միտված է դա ցույց տալու»: Նույն կարծիքին է նաև Սերգեյ Մինասյանը, նրա խոսքով` այսպիսով ԱՄՆ-ն ցանկանում է արագացնել հայ-թուրքական գործընթացը: «Թուրքիան որպես նախապայման փորձում է առաջ քաշել Ղարաբաղի հարցը, ինչին խիստ ընդդիմանում է հայկական կողմը,- ասում է Մինասյանը:- Եթե Ադրբեջանի նախագահը նույնպես հրավիրվեր գագաթնաժողովին, դա կնշանակեր բանակցությունների ձախողում»:

Մինասյանն ասում է, որ Ադրբեջանը նաև միակ երկիրն է, որ դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և գործընթացից Ադրբեջանին մեկուսացնելը ուղերձ է ԱՄՆ-ից Ադրբեջանին, որ վերջինս չխառնվի տարածաշրջանի մեծ քաղաքական խաղերին:

Դիտվել է 2438 անգամ:
Print Friendly

Leave a Reply