Հայկական առաջին ռոք մետալը` կանացի դեմքով. «Դիվահարները» կոտրում են կարծրատիպերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 9, 2010 12:37

Հայ իրականության մեջ մատների վրա կարելի է հաշվել ռոք երաժշտության ամենածանր ճյուղերից մեկի` black մետալի սիրահարներին: Այն, ընդհանրապես, ողջ աշխարհում համարվում է «ընտրյալների» երաժշտություն: Սակայն, քանի որ մենք` հայերս, ամեն ինչով ծայրահեղական ազգ ենք, ապա մի զարմացեք` իմանալով, որ Հայաստանում արդեն երկու տարի է, ինչ գոյություն ունի black մետալ ժանրի խումբ, այն էլ` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կազմով. այ սա արդեն ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում կարելի է մատների վրա հաշվել:

«Դիվահար». այսպես է կոչվում հինգ հայուհիներից կազմված խումբը, որի անդամներից յուրաքանչյուրը հանդես է գալիս մականունով` Դեվ, Ուրուբանի, Սկադի, Սնոտրա, Ինանա:

«Դիվահարը պարզապես անուն չէ, այլ հոգեվիճակ»,- նշում է խմբի հիմնադիր ու վոկալիստ Դևը (իրական անունը` Շուշան): Նա շտապում է բացատրել, որ խմբի անվանման մեջ չպետք է փնտրել վատ իմաստ, քանի որ իրենք ոչ մի կապ չունեն «դևերի» հետ: «Հայ հասարակության մեջ կարծրատիպ կա, որ մետալ երաժշտությունը քարոզում է չարի ուժը կամ, ինչպես ընդունված է ասել, սատանիզմը,- ասում է Դևը,- ոչ, դա այդպես չէ: Մենք դեմ ենք սատանիզմին, կողմ` արվեստի ազատությանը»:

Խմբի հինգ անդամներն էլ ինքնուսույց կատարողներ են: Քսաներկուամյա Դևը սովորում է Երևանի պետական համալսարանի ակտուար մաթեմատիկայի բաժնում: Մյուս երեք աղջիկները նույնպես համալսարանականներ են. Ուրուբանին հոգեբանության, Սնոտրան` ժուռնալիստիկայի, Սկադին` կառավարման ֆակուլտետների ուսանողներ են, իսկ Ինանան նկարչուհի է: Նրանց բոլորին միացրել է մետալ երաժշտության հրապուրանքը, որ մղել է ստեղծելու սեփական խումբն ու սեփական երգերը:

Սակայն, երիտասարդ «դիվահարները» խոչընդոտներ ունեն ոչ միայն հայ հասարակության շրջանում, այլև  հենց ռոքի աշխարհում: «Ռոքի միջավայրում մի կարծրատիպ կա, թե մետալը կնոջ երաժշտություն չէ, այսինքն` կինը չի կարող այն կատարել,- ասում է Դևը,- սակայն ես կարծում եմ, որ արվեստում դոգմաներ չպետք է լինեն»:

Ընդունելով, որ թշնամիների պակաս չունեն` դիվահարները հայտարարում են, որ իրենք այլ ժանրերի դեմ չեն պայքարում: «Այս ժանրն ընտրելով` մենք չենք ուզում ինչ-որ բան ապացուցել, քանզի ինքներս լավ գիտենք, որ առայժմ այդ ժանրում (Black մետալ) կանայք չեն գերազանցել տղամարդկանց: Մենք պարզապես արվեստագետներ ենք և ուզում ենք ազատ ստեղծագործել: Ու քանի որ չափազանց շատ ենք սիրում մետալը, մեզ չի բավարարում միայն սպառող լինելու հանգամանքը. մենք ուզում են նաև արտադրող լինել»,- բացատրում է Դևը:

Որոշ ժամանակ գործելով սիրողական մակարդակում` «դիվահարները» հասկանում են, որ եկել է ժամանակն իրենց երաժշտությունը գոնե ռոքի սիրահարների շրջանում ներկայացնելու համար: Այդ գործում նրանց օգնում է  «Metalfront» ընկերության հիմնադիր Արամազդը, որ շուտով դառնում է խմբի պրոդյուսերը: «Արամազդին դիմելը պատահական չէր,- ասում է Դևը,- նա «Հայ FM» ռադիոկայանով վարում էր «Metalfront» հեղինակային ծրագիրը, և ընդհանրապես Հայաստանում մետալ երաժշտության տարածման գործում լուրջ ներդրում ունի: 2009 թ. սկսած` մենք համագործակցում ենք նրա հետ, իսկ այս տարի «Metalfront»-ի աջակցությամբ «Stop» ակումբում տեղի ունեցավ մեր առաջին համերգը»:

Չնայած խմբի մտավախությանը` համերգը մեծ արձագանք է գտել, «դիվահարներն» էլ, առաջին համերգի հաջողություններից ոգևորված, պատրաստվում են երկրորդին: Այդ ամենով հանդերձ, խումբն իրեն չի  պատկերացնում հայաստանյան շոու բիզնեսում: «Ողջ աշխարհում մետալը համարվում է underground-ային երաժշտություն, իսկ Հայաստանում` առավել ևս,- ասում է Դևը,- շոու բիզնես մտնելու համար պետք է այդ երաժշտության պահանջարկ լինի, իսկ քանի որ պահանջարկ չկա, դա անհնար է»:

Այսօր հայաստանյան երգի շուկա դուրս գալն անիրատեսական համարելով` խմբի անդամները երազում են միջազգային շուկա դուրս գալու մասին: «Դրա համար, նախ, պետք են ձայնագրություններ, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք,- ասում է Դևը` նշելով, որ խմբի գործունեության ծախսերը հոգում են սեփական ուժերով:

Դևը, որ խմբի վոկալիստը լինելուց բացի, նաև կիթառ է նվագում, պատմում է, որ ռոք երաժշտության սերը վաղ մանկությունից է ձևավորվել, իսկ black մետալ ժանրով սկսել է հետաքրքրվել 12 տարեկանից: «Այն ժամանակ Հայաստանում մետալով համարյա ոչ ոք չէր հետաքրքրվում,-ասում է նա,- հիմա շատ բան է փոխվել, մարդիկ սկսել են ավելի շատ հասկանալ ու ընդունել այդ երաժշտությունը: 10-12 տարի առաջ ձայնագրման խանութներից հազիվ էինք գտնում մեր սիրած երաժիշտների երգերը: Գտնելուց էլ` մեկս մյուսին էինք փոխանցում, վերաձայնագրում»:

«Դիվահարի» համար ուղենշային են եղել համաշխարհային մետալի այնպիսի առաջատար խմբեր, ինչպիսիք են «Burzum»-ը, «Mayhem»-ը, «Emperor»-ը, «Immortal»-ը, «Limbonic Art»-ը: Այնուամենայնիվ, Դևն, օրինակ, իրեն առաջին հերթին գրող է համարում: Մեջբերելով Նիցշեի խոսքերը` նա ասում է. «Ամեն գրող երաժիշտ է, ամեն երաժիշտ` գրող»:

«Ստեղծագործում եմ թե՛ պոեզիայի, թե՛ արձակի ժանրում,- ասում է նա,- ինձ համար կարևորը ստեղծագործական վիճակի մեջ լինելն է: Ամենասիրած գործս մի վեպ է, որը սկսել եմ 2003-ին և չգիտեմ, թե երբ կավարտեմ: Վերնագիրն է` «Փխրուն երազներ», շատ մոտ է Շանթի «Հին աստվածների» գաղափարներին: Իմ վեպում նույնպես պայքար է, պայքար բնության օրենքների և մարդու կողմից ստեղծած դոգմաների միջև»:

«Դիվահարները» դեմ են ամեն տեսակի սահմանափակումներին ու չափանիշներին, այդ թվում և կրոններին, քանի որ, ըստ Դևի, կրոնը մարդկանց վրա իշխելու, մարդուն կաշկանդելու, ազատ մտածողությունը խեղդելու միջոց է: «Սակայն, եթե քրիստոնյա չենք, չի նշանակում, որ սատանիստ ենք,- պարզաբանում է նա,- մենք դեմ ենք նաև սատանիզմին և ընդհանրապես բոլոր «իզմերին»: Մենք մեզ համարում ենք իսկական հայ` արիացի հայ»:

Դևը նաև մի հետաքրքիր վիճակագրական տեղեկություն է հաղորդում, ըստ որի` ծանր ռոք լսող ու սիրող մարդու ինտելեկտը երկուսից երեք անգամ գերազանցում է այլ երաժշտություն նախընտրող մարդու ինտելեկտին:

«Մեզ բոլորն ասում են, որ Հայաստանը ձեր տեղը չէ, որ էստեղ ձեզ չեն հասկանա,- ասում է նա,- մի կողմից` դա ճիշտ է, սակայն մենք մեր երգերի միջոցով ուզում ենք տալ ինչ-որ հարցերի պատասխաններ, մարդկանց ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն դարձնել և ամենակարևորը` ավելի մոտեցնել բնությանը»:

Կգտնի՞ «Դիվահարն» իր արժանի տեղը ռոքի աշխարհում, ցույց կտա ժամանակը, սակայն հայկական շոու բիզնես «ներխուժելու» համար «դիվահարներին» ոչ միայն երկար, այլև քարքարոտ ճանապարհ է սպասում:

Դիտվել է 2553 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Arman ասում է՝

    isk ergeric kan???

Leave a Reply