Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 15, 2013 10:20

Մարտի 14-ին կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գիդո Վեստերվելեի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը և սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել և ընդլայնվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, և այդ ձևաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրների միջև զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:

Զրուցակիցները արծարծեցին նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:

Նախարարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունեց Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։

Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Աթենք:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply