Չորս ակտիվ կանայք նշում են կնոջ հիմնական սխալներն ու խորհուրդ տալիս

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 16, 2013 13:34

«Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ չեն տալիս կնոջը լիարժեք կյանքով ապրել»: «Անկախն» այս հարցն ուղղեց մի քանի հայտնի կանանց, որոնք հասարակականքաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեն: Նաև հետաքրքրում էր, թե կնոջ ինքնահաստատման ու դերի բարձրացման համար ի՞նչ խորհուրդ կտան՝ ելնելով սեփական փորձից:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սիրված քաղաքական-հասարակական գործիչ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մարդն ընդհանրապես և կանայք՝ մասնավորապես, տարբեր պատկերացումներ ունեն լիարժեք կյանք ունենալու մասին, և «լիարժեք կյանք» ասածը յուրաքանչյուրը տարբեր կերպ է պատկերացնում: «Դա կախված է նրանից, թե մարդը՝ տղամարդ թե կին, որքանով է ճանաչում ինքն իրեն, իր կարողությունները, իր ուժեղ ու թույլ կողմերը, որքանով է կրթված` դրանք սպառելու և ինքնադրսևորման իր ճանապարհը լավագույնս գտնելու համար, ինչպիսի երազանքներ ու նպատակներ ունի և արժեքային ինչ համակարգի վրա է կառուցված նրա ինքնությունը»:

Այս տեսանկյունից, ըստ Բախշյանի, մեր ավանդական պատկերացումները հաճախ են խանգարում կանանց լիարժեք ինքնադրսևորվելու, որովհետև այն կարծրատիպը, թե հայ կինն ընդամենը օջախը ջերմացնողն ու սերունդը շարունակողն է, խանգարում է շատերին:

«Ինձ երբեմն թվում է, թե կինը վախենում է իր մեջ ծառացող այն մտքից, որ ինքն ավելին կարող է, քան անում է, և այդ միտքը սկսում է կրծել նրա հոգին,- ասում է Անահիտ Բախշյանն ու հավելում,- մեր կանայք ավելին կարող են անել հասարարական կյանքում, ավելի կարևոր դերակատարում կարող են ունենալ, քան ունեն, և չպետք է սպասել տղամարդկանց կողմից ավելի հանդուրժող վերաբերմունքի, այլ նրանց ամեն օր գործով պետք է ապացուցել. ոչ թե հակադրվելով, այլ համագործակցելով: Կանանց համար կարևոր է ունենալ ընդամենը հավասար հնարավորությունների դաշտ»:

Կին գործիչը կանանց խորհուրդ է տալիս անպայման կարդալ Ռիչարդ Բախի «Ճայը» և դառնալ այն ճայը, որը, հակադրվելով իր երամում հաստատված կարծրատիպերին, ապացուցում է, որ կարող է թռչել, թռչել երկար ու չհոգնել, պոկվել իրեն սանձող նախապաշարումներից, ինքնուրույն հոգալ իր կերը և ազատվել ներքին կապանքներից:

Նա խորհուրդ է տալիս նաև սիրել ուղեղով, սիրել այն մեկին, որը կտեսնի ու կգնահատի իր «ես»-ը, պայքարել այդ սիրո համար և չվախենալ սերն արտահայտելուց:

 «Ես» ամսագրի խմբագիր Անի Քոչարը կարծում է, որ ինչքան էլ այսօրվա կինը երեկվանը չէ, փոխվել են նրա ընկալումներն ու աշխարհայացքը, այնուամենայնիվ կնոջը լիարժեք կյանքով ապրել խանգարում են բարդույթները, թե ով ինչ կմտածի, ով ինչ է անում, ինչ է ընդունված, որ ինքն էլ անի, կամ ինչ է առաջնահերթ ցանկանում նախ իր ծնողը, ապա ամուսինը: «Երբեմն էլ, մոռանալով իր «ես»-ի, իր անհատականության մասին, կինն անում է այն, ինչ հաճո է կարծես բոլորին, բացի իրենից:  Բայց եթե գտել ես քեզ, հավատարիմ ես քո էությանն ու տեսակին, ընդունում ես քեզ այդպիսին՝ առանց պայմանականությունների, ապա շրջապատդ ու մտերիմներդ էլ կընդունեն և թույլ կտան քեզ ապրել ու երջանիկ լինել»:

Իր փորձից ելնելով՝ ասում է. «Կինը տեսակ է, որը պետք է ինքնադրսևորվի, ինքնայուրացվի և տա իր շրջապատին այն ամենը, ինչ ունի, լինի տաղանդ, շնորհ, գործունյա ջիղ, թե մեկ այլ բան, սակայն նա պետք է պիտանի զգա իրեն, չվախենա և չդառնա նախ ծնողների, հետագայում՝ ամուսնու ստվերը»:

Ստվեր չդառնալու համար, ըստ Անի Քոչարի, կինը պետք է իր անհատականությունը դրսևորի ամեն ինչում և իր դերի ու արժեքի մասին նախ ինքը գիտակցի, ապա նաև մատուցի այլոց և զգա իրեն կարևոր, ոչ թե գործիք, ում ձեռքում էլ այդ գործիքը լինի:

Զերծ մնալով ֆեմինիստական և ծայրահեղ զանազան գաղափարներից և մոտեցումներից` նա ընդգծում է. «Լավ է, որ կինը` կին է, տղամարդը` տղամարդ, և յուրաքանչյուրն իր դերն ու տեսակն է պահում ու մատուցում, քանզի սրանք ո՛չ մրցակցության և ո՛չ էլ դերերի փոխարինման եզր ունեն»:

Անի Քոչարը համոզված է, որ սեռերի և դերերի նույնականացումն ու փոխակերպումը հանգեցնում են աննորմալ երևույթների, հակասում ոչ միայն ավանդույթային մտածողությանը, այլև բնության օրինաչափությանը: «Այնպես որ լինել ուժեղ, գործունյա և մտածող կին դեռևս չի նշանակում լինել տղամարդ կին, ինչպես հաճախ ասում են»:

Կինը երջանիկ է իր ընտանիքով ու երեխաներով, բայց այդ երջանկությունը թերի է, եթե կինը հասարակության մեջ չի գտել իրեն և չի հաստատել իր տեղն ու դերը: Սա է Անի Քոչարի տեսակետը: «Շնորհավոր հայ կանանց՝ աշխարհի ամենաուժեղ կանանց տոնը»,- ամփոփում է նա:

Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ ցանկացած մարդ գործում է իր անհատական սխալները, որոնք բարդացնում են նրա կյանքը: Ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնական սխալն այն է, որ կանայք թերահավատորեն են մոտենում սեփական ուժերին: Արփինե Հովհաննիսյանը խուսափում է խորհուրդներ տալուց՝ նշելով, որ ընդհանուր բանաձև բոլորի համար չկա, սակայն կարևորում է հավատը սեփական անձի, սեփական ունակությունների նկատմամբ. «Ոչ մի դժվարության առաջ չպետք է ընկրկել»,- համոզված է երիտասարդ պատգամավորը:

Բլոգեր, հասարակական ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանը կարծում է, որ կնոջ ամենամեծ սխալը սեփական ուժերին չհավատալն է, ոչ թե ժամանակի դեմ պայքարելը, այլ նրան հանձնվելը: «Չետք է վախենալ բացի ընտանիքից այլ պարտականություններ կրելուց: Որքան շատ ծանրաբեռնվենք, այնքան շատ բան կհասցնենք: Փորձված է»,- վստահեցնում է նա:

Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա նա կարծում է, որ կինն առաջին հերթին պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթմամբ՝ չդադարելով սովորել և նոր հորիզոններ նվաճել: «Նշաձող դնել և գործադրել բոլոր ջանքերը՝ այն հաղթահարելու համար: Հաղթահարելուց հետո սահմանել նոր՝ ավելի բարձր նշաձող»,-  սա է Իզաբելլա Աբգարյանի խորհուրդը կանանց:

 

Դիտվել է 4249 անգամ:
Print Friendly

Leave a Reply