Ի բարելավումն գյուղական համայնքների:Եթե, իհարկե, աջակցությունն իր նպատակին ծառայի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 17, 2013 15:26

Օրեր առաջ Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրեց հերթական վարկը՝ այս անգամ արդեն   ավտոճանապարհների բարեկարգման համար: Վարկի ընդհանուր արժեքը 45  մլն դոլար  է, որն ամբողջությամբ նպատակաուղղվելու է համայնքների հասանելիությանը և կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը: Այսօր ՀՀ մարզերում  հրատապ է դարձել կյանքի որակի և արտադրողականության բարելավումը, ինչպես նաև բնակավայրերի կապը քաղաքային կենտրոնների և առհասարակ շուկաների հետ:

Նշենք, որ կենսական ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009 թ., և այդ ժամանակաշրջանից ի վեր նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել մարզերում աշխատատեղերի ստեղծման  և ճանապարհների վրա ծախսվող ժամանակի կրճատման առումով: Սակայն դրանց 50 տոկոսը շարունակում է մնալ վատթար վիճակում, որոնց վերականգնման և պահպանման համար ևս ներդրումներ են պետք: Ուստի այս անգամ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը որոշել է նոր մասնաբաժնով վարկ տրամադրել հերթական ավտոճանապարհները վերակառուցելու համար:

Վարկային միջոցները նպատակաուղղվելու են տարբեր մարզերում 170  կմ աշխատանքների իրականացմանը: Նախատեսվում է  վերակառուցել 73 կմ  կենսական նշանակության ճանապարհներ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի 31 համայնքներում: Այս ճանապարհները սպասարկում են մոտ 70 հազար հոգու: Այս վարկային միջոցների տրամադրման մասին նախապես հայտարարել էր  Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին. «Գյուղական վայրերում այդ կենսական նշանակության ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով աճում են տրանսպորտային ծախսերը  և ժամանակի կորուստը»: Այս հանգամանքը, նրա գնահատմամբ, սահմանափակումներ է առաջացնում գյուղական համայնքերում առողջապահական, կրթական ծառայությունների հասանելիության առումով` բացասաբար անդրադառնալով երկրի մրցունակության վրա:

Թիրախային ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման շնորհիվ գյուղական բնակավայրերում կստեղծվեն նաև աշխատատեղեր, և կմեծանա հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը, եթե, իհարկե, վարկային միջոցները վերոնշյալ նպատակին ծառայեն:

«Հուսով ենք, որ այս ծրագրի միջոցով ՀԲ-ն կկարողանա օժանդակել գյուղական համայնքներում աղքատության հաղթահարմանը և տնտեսության աճի խթանմանը: Առաջիկա ամիսների ընթացքում նախատեսում ենք սկսել ևս երկու ծրագիր առողջապահության և ոռոգման ոլորտներում»,- ասել է ՀԲ ներկայացուցիչը: Ի՞նչ մեխանիզմով են ընտրվում առաջնային ավտոճանապարհները: «Ընտրությունը բանկի կողմից կատարվում է ՀՀ տրանպորտի և կապի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում, այդ ճանապարհների տնտեսական վերլուծության հիման վրա: Այնուհետև ընտրվում են այն ճանապարհները, որոնք արտացոլում են դրանց տնտեսական նշանակության կարևորությունը: Այս նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարությունից, և մենք մեր առաջնահերթությունները համապատասխանեցնում ենք այն ռազմավարական ուղղությունների հետ, որոնք ընտրվում են կառավարության կողմից»,- ասում է Միշել Ժան Հափին:

Բացի վերակառուցման աշխատանքներից, շեշտադրվելու են նաև ճանապարհների պահպանության միջոցների հատկացումը և ընթացիկ պահպանության աշխատանքների կանոնավոր ապահովումը: Այս ծրագրով վերակառուցվել է դեռևս կենսական նշանակության ճանապարհային ցանցի 11 տոկոսը: Ծրագրի իրականացնողները համոզված են, որ ճանապարհների վերանորոգումն ու հասանելիությունը շատ կարևոր է  գյուղաբնակների համար նաև տնտեսական օգուտներ քաղելու տեսանկյունից:

ՀԲ-ն այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացրել է 101, 6 մլն դոլար, որով մարզերում բարեկարգվել են  մոտ 433 կմ կենսական նշանակության ճանապարհներ: Դրանց բարեկարգման և շահագործման շնորհիվ ստեղծվել են նաև աշխատատեղեր: Վարկը կտրամադրվի 25  տարի մարման ժամկետով 10 տարվա արտոնյալ ժամանակացույցով: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը և ավարտին կհասցվեն առաջիկա տարիների ընթացքում: Արդյունքում գյուղական համայնքները կմիացվեն հիմնական մայրուղուն, և գյուղացիական տնտեսություններն ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան իրենց ապրանքը շուկա հասցնել ավելի հեշտ ու էժան ճանապարհով: Ծրագրի տևողությունը  4 տարի է:

Կիրականացվի ևս չորս նախագիծ «Անվտանգ գյուղ» ծրագրի շրջանակներում: Որպես առաջին փորձավայր ընտրվել է  Գյուլագարակ համայնքը, որտեղ բնակավայրով անցնող երթևեկությունը կառավարելու նպատակով կառուցվել է հետիոտնային անցում, և ուսուցողական ծրագիր է անցկացվել գյուղի դպրոցում:

Լ. Ն

 

Դիտվել է 2562 անգամ:
Print Friendly

Leave a Reply