Երբ դիմում ես աշխատանքի տեղավորման գործակալություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 20, 2013 7:02

Մեր հերոսների ուշագրավ բացահայտումները

  Աշխատանքի տեղավորման գործակալությունների շքեղ գովազդային հրավերները, անշուշտ, հույս ու հավատ են ներշնչում ակնարկելով. «Արի, և ես քեզ կտեղավորեմ աշխատանքի»: Այսօրինակ գործակալությունների թիվը կարելի է մի քանի զրոներով թվարկել: Իրականում ինչո՞վ են զբաղված աշխատանքի տեղավորման գործակալությունները, նրանք խաբեությա՞մբ են զբաղված, թե՞ իրականում աշխատում են հանուն մարդու, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

 ՀՈՒՍԱՀԱՏ ՀԱՅՈՒՀԻՆ

24-ամյա Սոնա Կիրակոսյանը (անուն, ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով) երկու տարի է, ինչ գործազուրկ է: Շարունակ թակում է աշխատանքի տեղավորման գործակալությունների դռները. արդեն երկու տարի և ամեն օր: Իր խոսքով՝ պատկերը նման է ողբերգության. միայն նրա՞ համար այս երկրում գործ չկա:

– Գիտեք, ուր գնում եմ, ասում են կա՛մ աշխատավարձիցդ ենք պահելու, կա՛մ էլ ընդհանրապես ո՛չ զանգում են, ո՛չ էլ հետաքրքրվում: Բայց մի բան չեն մոռանում. դիմում-հայտի հետ պահանջում են 5000-6000 դրամ` իբր ծառայությունների մատուցման գումար կամ չգիտեմ էլ` ինչի համար,- վրդովված պատմում է  Սոնան ու շարունակում:- Երբ մի հինգ-վեց ամիս սպասում եմ, հետո մի օր զանգում-հարցնում եմ, թե ի՞նչ նորություն կա իմ գործերից: «Գրագետ» և «կիրթ» հեռախոսավարուհին պատասխանում է. «Ո՜ւֆ, որ բոլորիդ գործի տեղավորենք, ո՞ւր կհասնի», սպասեք, հա՜»: Ու էլի երկար ժամանակ հեռախոսը չի զանգում:

Սոնան դեռ մի քանի ամիս առաջ որոշել է կտրուկ քայլերի դիմել, զանգահարել է այն գործակալություններ, որտեղ հայտարարություն է տվել, և պահանջել է հետ վերադարձնել իր գումարները:

– Ասում են՝ ի՞նչ գումար: Դու թուղթ ստորագրե՞լ ես, որ գումար ես տվել, սպասի, մենք մի գործ կճարենք քեզ համար, ասում եմ՝ չէ՛, ինձ իմ փողն ա պետք, շարունակում են, թե լավ կլինի, մի քիչ էլ դիմացիր,- նշում է Սոնան:

Երկու տարվա ընթացքում գրեթե ամեն օր ու ամեն ժամ աշխատանք որոնելը Սոնայի համար կարծես հոբբի էր դարձել: Ասում է՝ գրեթե բոլոր գործակալություններն էլ իրեն լավ ճանաչում են:

– Ուղղակի զարմանում եմ՝ ինչի՞ են պետք էդ աշխատանքի տեղավորման գործակալությունները, ախր ոչինչ չեն անում, միայն մարդկանցից փող են հավաքում ու հուսադրում, որ ամենալավ առաջարկը կանեն: Միայն մի բան կարող եմ ասել՝ այսքան ժամանակ ինձ այդ գործակալություններից որևէ մեկը չի զանգահարել ու գործ չի առաջարկել, միայն ես եմ զանգել, նորություններ իմացել,- շարունակում է Սոնան:

Մեր զրուցակիցը հիմա ուրախ է, քանի որ աշխատանք ունի, բայց ոչ աշխատանքի տեղավորման գործակալությունների շնորհիվ…

– Հորեղբորս միջամտությամբ է, որ այժմ աշխատանք ունեմ: Բայց կցանկանայի խորհուրդ  տալ բոլոր նրանց, ովքեր դիմում եմ նման գործակալությունների ու նստում տանը: Գնացե՛ք, ինքներդ աշխատանք փնտրեք, թե չէ, եթե ձեր հույսը լինի աշխատանքի տեղավորման գործակալությունը, հաստատ ձեր միակ աշխատանքը կլինի տանը,- եզրափակում է Սոնան:

 ԲԱԽՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆԸ

Այլ կարծիքի է 27-ամյա Տիգրան Նավասարդյանը (անուն, ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով): Տղան մոտ վեց ամիս առաջ դիմել է աշխատանքի տեղավորման մի գործակալություն: Վերջերս նրան զանգահարել են և ասել, որ իր համար համապատասխան աշխատանք կա:

– Ճիշտն ասած՝ արդեն մոռացել էլ էի, որ վեց ամիս առաջ մի գործակալությունում  աշխատանքի տեղավորման գործակալության թերթիկ էի լրացրել, լավ է` համարս չէի փոխել. զանգահարեցին ու ասացին, որ մատուցողի աշխատանք կա,- նշում է Տիգրանը:

Մեր այն հարցին, թե հենց մատուցողի՞ աշխատանքի համար էր դիմել, ասում է.

– Հիմա լավ չեմ հիշում, բայց մի քանի բան էի նշել: Երկու-երեք բան ասացին, ամենահարմարը մատուցողի աշխատանքն էր: Ինձ համար էս պահին կարևորը գումար վաստակելն ա, գիտեք, հիմա աշխատանք շատ չկա:

Երբ Տիգրանը դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն, նրան ասել են աշխատանքի տեղավորման պայմանների մասին:

– Պայմանավորվեցինք այսպես. երբ ստանամ առաջին աշխատավարձը, դրա ուղիղ քսանհինգ տոկոսն իրենցն է: Եվ այդպես էլ եղավ,- ասում է նա:

Տիգրանը, ինչպես Սոնան, զգուշացնում է, որ չպետք է լրիվ վստահել նման գործակալություններին:

– Ես շատ անգամ եմ դիմել, բայց պատասխանը միշտ այսպես է եղել. «Գնացեք, մենք ձեզ կզանգենք»: Աշխատանք փնտրողի համար միշտ էլ աշխատանք կա, ես հավատում եմ դրան»,- եզրափակում է Տիգրանը:

«ԱՆԿԱԽ»-ի ՃՇՏՈՒՄՆԵՐԸ

Մենք ցանկացանք իմանալ, թե իրականում ինչ սկզբունքով են մեր երկրի աշխատանքի տեղավորման գործակալությունները մարդկանց աշխատանքի տեղավորում: Նախ ճշտեցինք մի քանի աշխատանքային գործակալությունների կոորդինատները: «Արեգ տեղեկատու» ծառայությունից մեզ տրամադրեցին «Աքսեպտ» և «Շանս» աշխատանքի տեղավորման գործակալությունների հեռախոսահամարները` նշելով, որ լավագույնն են:

«Անկախ»-ի այն հարցին, թե որ ոլորտներում աշխատանք կա, «Աքսեպտ» գործակալության տնօրեն Սուսաննա Շամախյանը և «Շանսի» փոխտնօրեն Մարիամ Պետրոսյանն ասացին, որ մեր օրերում մեծ պահանջարկ   ունեն գործավարի, վաճառողի, մատուցողի, հավաքարարի աշխատանքները: Աշխատանքն՝ աշխատանք, բայց կարծում ենք՝ թվարկածներից և ոչ մեկը երիտասարդների սրտով չէր լինի:

Ի դեպ, մեր հերոսների այն դիտարկումները, որ հարցաթերթիկը լրացնելուց և ընդունելուց հետո աշխատանքի տեղավորման գործակալությունները կանխավճար են ուզում, հաստատեցին երկու գործակալությունների ներկայացուցիչները: Գրանցման գումարը տատանվում է 500-ից մինչև 2500-3000 դրամը:

Գործակալությունները հիմնականում աշխատում են 25-40 տարեկանների համար:

-Իսկ ինչո՞ւ 25-ից,- հարցրինք «Շանս» աշխատանքի տեղավորման գործակալության փոխտնօրենին:

– Դե, որովհետև 25 տարեկան երիտասարդն արդեն գոնե կունենա աշխատանքային փորձ:

– Բայց չէ՞ որ գործատուները պահանջում են առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

Հարցը կարծես մնաց անպատասխան: Տիկինը դժվարությամբ ինչ-որ կցկտուր պատասխաններ տվեց, ինչից էլ հետևություն կարելի էր անել, որ իրենք էլ երբևէ չեն հետաքրքրվել այդ հարցով:

Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ անհատների հետ պայմանագրերը աշխատանքի տեղավորման գործակալությունները կնքում են անժամկետ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք արդեն 3 տարի է, ինչ սպասում են գործակալության կողմից առաջարկվող աշխատանքին: Բնականաբար, գործակալությունն էլ չի դադարում աշխատանք փնտրողներին տեղյակ պահել աշխատատեղերի և դրանց մրցույթների մասին, մինչև հենց ինքը՝ դիմողը, չի ասում, որ դա այլևս իրեն պետք չէ:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 2812 անգամ:
Print Friendly

Leave a Reply