«Զվարթնոցի» գներից բողոքում է ոչ միայն «Արմավիան»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 19, 2013 12:00

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տրվեց, որ 2012 թ. եվրոպական երեք ավիաընկերություն դադարեցրել է դեպի Երևան չվերթները: Չվերթներ իրականացնելուց հրաժարվել են «Բրիտանական ավիաուղիները», «Լոտ լեհական ավիաուղիները» և լատվիական «Էյր Բալթիկը»: Իսկ հրաժարվելու պատճառը, ինչպես նշվում է, «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներն են, ինչպես նաև` ոչ ազատ օդային տարածքը:

Այս հարցի կապակցությամբ Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը news.am լրատվամիջոցին ասել էր, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը զարգանում է ոչ այնպես, ինչպես պետք է սկզբունքորեն զարգանա: «Օրինակ, մեր աշխարհագրական դիրքը միանգամայն ապահովում է «օդային ճանպարհի խաչմերուկի» ֆունկցիան: Դրա համար  այն բավականին անվիճելի առավելություններ ունի: Մեր օդանավակայանը գրեթե միշտ բաց է, քանի որ անբարենպաստ, ոչ թռիչքային  եղանակ տարվա ընթացքում գրեթե չի նկատվում: Սարքավորումներն այնտեղ ժամանակակից են և նախատեսված ավելի մեծ ծանրաբեռնվածության համար: Այդ սարքավորումներն էժան չեն և պահանջում են պահպանման մեծ ծախսեր: Իսկ ծախսերը համամասնորեն բաժանվում են ավիաընկերությունների վրա, որոնց օդանավերին սպասարկում է  օդանավակայանը»,- ասել էր Դմիտրի Ադբաշյանը:

Ավիացիոն բիզնեսում մի պարզ ու հասկանալի հանգամանք կա. որքան քիչ են չվերթները, այնքան  ծախսերի ավելի մեծ բաժին է ընկնում յուրաքանչյուր թռիչքի վրա: Եվ հակառակը` չվերթների մեծ քանակության դեպքում յուրաքանչյուր թռիչքին բաժին ընկնող ծախսը կրճատվում է: Եվ  դա հանգեցնում է ավիատոմսի գնի նվազման: Այս սկզբունքով են աշխատում, օրինակ, Դուբայի միջազգային օդանավակայանը, մոսկովյան երեք` «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները:

Երբ «Զվարթնոցը» շահագործման էր հանձնվում ներկա շահագործողին, նշվում էր, որ այս սկզբունքով, այսինքն` տրանզիտ օդանավակայանի դեր կստանձնի նաև մեր «Զվարթնոցը»: Սակայն մեր օդանավակայանում այսօր թռիչքները քիչ են: Դրա հետևանքով օդանավերի թռիչքի և վայրէջի ծախսերը մեր օդանավակայանում ավելի բարձր են, քան մյուս օդանավակայաններում:

Ժամանակ առ ժամանակ այս բնույթի հայտարարություններով է հանդես գալիս նաև Հայաստանի «Արմավիա» ազգային ավիափոխադրողը: Վերջին լուրջ կոնֆլիկտի ժամանակ էլ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Անկախին» ասել էր, որ «Զվարթնոցը» բավականին բարձր գներ է պահանջում օդանավակայանի բոլոր ծառայությունների համար, այդ թվում նաև` վառելիքի:

Այստեղ մի հետաքրքիր, եթե չասենք` զավեշտալի նրբերանգ կա: Հայաստան ավիակերոսին ներմուծում է միայն նույն Բաղդասարովին պատկանող «Միկա» ընկերությունը: Սակայն ներմուծված կերոսինը նա վաճառում է «Զվարթնոցին», քանի որ այն պահեստավորելու հնարավորություններ չունի, և հետո իրեն պատկանող ավիաընկերության օդանավերի թռիչքի համար այդ նույն ավիակերոսինը ձեռք է բերում ավելի թանկ` մանրածախ գնով, որը, ինչպես բազմիցս բարձրաձայնվել է, մոտ 20-30%-ով ավելի բարձր է, քան այլ երկրներում:

Իսկ «Զվարթնոցում» կարծում են, որ իրենց առաջարկած գները մրցակցում են վրացական օդանավակայանների գների հետ և անհամեմատ ավելի էժան են, քան Բաքվի օդանավակայանի գները: Այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիների մի զգալի հատվածը ներկայումս գերադասում է արտասահման մեկնել և վերադառնալ վրացական օդանավակայանով: Այստեղից մեքենաներով կամ միկրոավտոբուսներով մեկնում են Թբիլիսի, այնտեղից թռչում և ահագին գումար տնտեսում:

Թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտասահմանյան ավիաընկերություններն են հրաժարվել կամ ժամանակավորապես դադարեցրել «Զվարթնոցի» մատուցած ծառայություններից, «Զվարթնոց» օդանավակայանից ճշտել չհաջողվեց: Այնտեղից հուշեցին, որ նման հարցով կարելի է դիմել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

«Իրենց ընկերության գնային քաղաքականությունը մշակում են իրենք: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր  վարչությունը չի միջամտում տնտեսվարողի տնտեսական և, առավել ևս, գնային քաղաքականությանը»,- հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Փաստը մնում է փաստ, որ արդեն բացի «Արմավիայից», այլ դժգոհողներ ևս կան մեր «Զվարթնոցի» առաջարկած գներից: Իսկ նման գների պարագայում օդանավակայանը ոչ շահավետ է դառնում ավիաընկերությունների համար:

Այս առումով Դմիտրի Ադբաշյանը news.am-ին ասել էր նաև, թե այս վիճակից ելք կա. «Զվարթնոցը» պետք է դարձնել այսպես կոչված հանգուցային օդանավակայան (airline hub),  որն ավիաընկերություններն օգտագործում են որպես ուղևորների տեղափոխման կետ, և  որը համակցվող չվերթների մեծ հնարավորություն ունի:

Բնականաբար այս հարցում հաշվի են առնվում թե՛ օդանավակայանի աշխարհագրական դիրքը, թե՛ տեղակայման վայրի բնակլիմայական պայմանները, թե՛ տեղակայման երկրի իրավիճակը: Իսկ տարանցիկ օդանավակայան դառնալու դեպքում չվերթները շատանում են, ինչի արդյունքում մատուցվող ծառայությունների և ապրանքների գներն էլ իջնում են:

Այս ամենը զարմանալիորեն չի արվում, իսկ ավիափոխադրողներն էլ շարունակում են դժգոհել «Զվարթնոցի» առաջարկած գներից:

 

Դիտվել է 2278 անգամ:
Print Friendly

Leave a Reply