Թուրքիայում հրաշքով փրկվածները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 15, 2013 7:55

Թուրքիայում վերջերս անցկացված Բալկանյան երկրների խաղերի ծրագրով աթլետիկայի մրցաշարին մասնակցելուց առաջ փորձանքի մեջ են ընկել Հայաստանի ներկայացուցիչները: Մրցավայր ուղևորված  «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը, որի մեջ եղել է մեր երկրի պատվիրակությունը, ճանապարհին շրջվել է: Կատարվածի մասին տարբեր խոսակցություններ են  շրջանառվում:

Վերադարձից հետո մարզիչ Զաուր Սարգսյանը հայտնեց, որ մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Սուսաննա Մարտիրոսյանը, Արտո Առուստամյանը, Արսեն Պետրոսյանը և երիտասարդական տարիքի 14 մարզիկ-մարզուհի: Մեր փորձառուները բացակայում էին:

Մրցումները կազմակերպվել էին Ստամբուլում: Միջադեպը տեղի է ունեցել լուսադեմին` ժամը 4-4:30-ի սահմաններում, Սամսունում: Հայաստանի ներկայացուցիչները քնած են եղել և արթնացել են իրարանցումից: Միկրոավտոբուսը շրջվել է, ապակիները կոտրվել են: Ավտոմեքենան մերոնք Երևանից էին վարձել, վարորդն էլ հայ է եղել: Կատարվածի մասին միայն ենթադրություններ են անում: Գոհ են այնքանով, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել: Անօգնական վիճակում երկար չեն մնացել: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Ստամբուլում է եղել: Նա անմիջապես ավտոմեքենա է ուղարկել, և Հայաստանի պատվիրակությունը վթարից մեկ ժամ հետո կրկին շարունակել է ճանապարհը:

Սարգսյանը հայտնում է, որ բոլորից առավել ինքն է վախեցել, որովհետև ամենատարիքովն է, մտածել է մյուսների մասին, նաև ամենից շատ է տուժել` ձեռքն է վնասել: Իսկ այն խոսակցությունները, թե մերոնցից ոմանք հիվանդանոցում են հայտնվել, չեն համապատասխանում իրականությանը: Հավաքականի մարզիկ- մարզուհիները հաջորդ օրն առավոտյան մրցումների են մասնակցել: Իսկ շրջված ավտոմեքենան էվակուատորով տեղափոխվել է Հայաստան:

Թուրքիայում կատարվածի մասին աղմուկ չի բարձրացել: Ոստիկանները փաստն արձանագրել են և «աղետյալներին» բարի երթ մաղթել:

Մարզիչն այն կարծիքին է, որ թեև բոլորն էլ վթարից հանկարծակիի են եկել, շատ մեծ սթրեսի մեջ չեն ընկել: Պարզապես չեն հասցրել վախենալ, քանի որ ամեն ինչ ակնթարթորեն է տեղի ունեցել, ընդամենը բոլորը զայրացել են, որ նման բան է կատարվել:

Ինչ վերաբերում է մրցումներին, ապա Հայաստանի կանանց հավաքականը լավ է հանդես եկել և գրավել է 5-րդ տեղը: Իսկ տղամարդկանց ընտրանին  9-րդն է ճանաչվել այն պատճառով, որ տղամարդկանց ոչ բոլոր մրցաձևերում էր Հայաստանը մարզիկներ հայտավորել: Մասնակցում էին Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի հավաքականները: Ու թեև մերոնք մրցանակակիրներ չեն ունեցել, երկուսը` եռացատկորդներ Սաթենիկ Հովհաննիսյանը և Լևոն Աղասյանը, շատ մոտ են եղել դրան և, ի վերջո, բավարարվել են 4-րդ տեղով:

Մարզիչը փորձեց հավատացնել, որ այս միջադեպը չի ազդել մարզիկ-մարզուհիների վրա, բայց դժվար է հավատալ, որ ամեն ինչ անհետևանք է մնացել: Ի դեպ, մեր մեկական վազորդ և վազորդուհի մրցումների ժամանակ խախտել են կարգը և որակազրկվել վազքուղյակի գիծը տրորելու համար:

Անհասկանալի է, թե միկրոավտոբուսն ինչու է շրջվել: Ինքնին հարց է առաջանում` արդյոք ֆինանսներ տնտեսելու համար չէ, որ մերոնք այնպիսի միկրոավտոբուս են վարձել, որի սարքինությունը կասկածելի է եղել:

Սարգսյանը վստահեցրեց, որ «Մերսեդեսը» լավն է եղել, նոր, և իրենց համար էլ  զարմանալի է, որ պատահար է տեղի ունեցել: «Ուրիշ տարբերակն այն էր, որ հասնեինք Վրաստան, այնտեղ ավտոբուս նստեինք: Միկրոավտոբուսով Երևանից Բաթում ենք մեկնել, այնտեղից էլ ուղևորվել ենք Ստամբուլ: Պատահարից հետո մեր պատվիրակության անդամների մի մասը միկրոավտոբուսի առջևից դուրս եկավ, դիմապակին կոտրվել էր, մյուսներն էլ հետևի դռնից իջան»,- ասաց Սարգսյանը:

Սուսաննա Մարտիրոսյան էլ հայտնեց, որ 8 մարզուհիներն էլ խուճապի չեն մատնվել և գոհ են, որ հրաշքով չեն տուժել: Ընդ որում, երբ մարզուհիները ուշքի են եկել, բոլորն էլ միաբերան հայտնել են, որ մրցումները բաց չեն թողնելու, մասնակցելու են:

Այժմ մեր պատվիրակության բոլոր անդամները պատրատվում են մատաղ անել, և Աստծուն շնորհակալ են, որ հրաշքով փրկվել են:

Դիտվել է 1881 անգամ:
Print Friendly

Leave a Reply