Անպտղություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 19, 2013 7:00

Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան  ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:

Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել:

Իսկ ո՞ր դեպքերում պետք է անհանգստանալ, ե՞րբ է, որ ախտանշանները մատնացույց են անում առկա խնդիրը.

  • երբ  մեկ տարվա լիարժեք կյանքով ապրելուց  հետո էլ հղիանալ չի ստացվում,
  • եթե կնոջ առողջությունը բավարար է համարվում, ու վերարտադրողական ոչ մի ֆունկցիայի խանգարման նշան չկա,
  • եթե տղամարդը  սեռական օրգանների  հիվանդություն է տարել (վեներական, բորբոքային, վնասվածքային): Նույնիսկ տագնապահարույց ախտանշանների բացակայության դեպքում է հնարավոր, որ վերարտադրողական ֆունկցիան խախտված լինի: Արական անպտղությունը հիմնականում առանձնահատուկ ախտանշաններ չի ունենում: Սխալ է ենթադրել, որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կապված է սեռական ակտիվության հետ: Արական անպտղությունը կարող է զանազան պատճառներ ունենալ, ինչպիսին է, ասենք, գենային խախտումը, իմունային խանգարումներն ու նույնիսկ մանուկ հասակում տարած հիվանդությունները (խոզուկ` բարդությունով):

Երբեմն  վիճակը փոփոխելու համար բավարար է նույնիսկ կենսակերպը փոխելը, վատ սովորույթներից ձերբազատվելը, և բաղձալի հղիությունը ստացվում է առանց կողմնակի` հորմոնալ ու այլ  կարգի միջամտության:

Արևային լոգանքները` անպտղության բուժման տարբերակ

Բրիտանացի գիտնականներն առաջարկել են արական անպտղությունը բուժել անսովոր միջոցով: Պարզվում է` արեգակի էներգիան, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծացնում են բեղմնավորման հավանականությունը: Այդ ճառագայթների ներքո օրգանիզմում մշակվում է  վիտամին D, որը բարելավում է սերմնահեղուկի որակը:

Ջուրը որպես անպտղության գործոն

Պարզվում է` սովորական, ծորակից հոսող ջուրը կարող է անպտղության պատճառ դառնալ: Նման եզրահանգում են կատարել  ֆրանսիացի բժիշկները` հետազոտելով Լեոնե քաղաքի տղամարդկանց զանգվածային անպտղության երևույթը: Այս քաղաքում յուրաքանչյուր 4-րդ տղամարդը չի կարողանում հայրանալ: Ու  վատն այն է, որ ոմանց մոտ անպտղության անբուժելի վիճակ է:

Հայտնի է, որ շրջակա միջավայրը, սթրեսները, էկոլոգիական անբարենպաստ գործոնները նույնպես վճռական դեր են խաղում:

Որո՞նք են կանանց անպտղության տարածված պատճառները

Կանանց անպտղությունը լինում է բնածին (զարգացման արատներ) և ձեռքբերովի (միջավայրի ու գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով):

Ամենատարածված պատճառներից են  սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի ու փողերի  զարգացման շեղումները, բնածին ու ձեռքբերովի նեյրոներզատիչ խանգարումները:

Ի՞նչ է անհրաժեշտ անել անպտղության դեպքում

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե անպտղությունը որ կողմից է: Դրա համար հարկավոր է դիմել բժշկի` հետազոտման համար:

Արական անպտղության հարցերով զբաղվում է ուրոլոգ-անդրոլոգը: Կնոջ տարիքն այն գործոնն է, որը հիմնական դեր է խաղում: Այսինքն` 35-ից հետո անպտղության հարցն արդեն պետք է լուծել հնարավորինս արագ:

Յուրաքանչյուր կին լույս աշխարհ է գալիս արդեն  ծրագրավորված ձվազատման քանակով, այսինքն` ձվարանների աշխատանքը գենետիկորեն կանխորոշված է:

Անպտղությունը բուժելի է

Եվ դա իսկապես էլ այդպես է: Անպտղությունը դժվար է հիվանդություն անվանելը: Անպտղությունը կանացի կամ էլ տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների հետևանք է, ինչպիսին է, ասենք` արգանդափողերի անանցանելիությունը:

Դիտվել է 1975 անգամ:
Print Friendly

Leave a Reply