Աշխարհն ու գույները` մանուկների աչքերով. Բացվել է մարտունեցի փոքրիկ նկարիչների ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 14, 2013 14:06

Առաջիկա շաբաթվա ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 8-16 տարեկան երեխաների աշխատանքներին:  Ցուցահանդեսում ներկայացված է  գյուղի նկարչական խմբակի  սաների վերջին 9 տարվա աշխատանքների ընտրանին. ընդհանուր` 25 հեղինակների 150  աշխատանք:

Նկարչական խմբակը գործում է արդեն 15 տարի, նկարչուհի, մանկավարժ Նեկտար Սահակյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ:

«Երբ պատերազմը վերջացավ, էն ծանր թվերին երեխեքի մեջ ամեն ինչ մեռած էր: Ես էլ որոշեցի երեխեքին մի քիչ ոգևորել:  Սկզբում  մենք մեզ համար էինք նկարում: Մի բարի մարդ խորհուրդ տվեց նկարները բերել Գեղագիտական կենտրոն: Բերեցինք, Հենրիկ Իգիթյանը նայեց, ընտրեց ու ասաց, որ ցուցահանդես կբացվի: 2004-ին բացվեց իմ սաների առաջին ցուցահանդեսը»,- ասում է Նեկտար Սահակյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին` Սահակյանն ասում է, որ այն մեծ գնահատանք է երեխաների աշխատանքին. «Թե՛ մեծահասակը, թե՛ երեխան, որ նկարում է, ուզում է, որ իր նկարը տեսնեն բոլորը, որ ինքը գնահատանքի արժանանա: Մանավանդ երեխաների դեպքում այդ գնահատականը կարևոր է:  Եթե  երեխայի սրտում չգնահատվելու զգացումը բույն դրեց, տարիքի հետ  նրա մեջ ինչ-որ բան կկոտրվի, նրան պետք է ուժ տաս, ուրախացնես»:

Խմբակը գործում է առանց որևէ  ֆինանսական օժանդակության: Պարապմունքները հիմնականում անցկացվում են Նեկտար Սահակյանի տանը, երբեմն էլ դպրոցում (հանրակրթական),  որտեղ Սահակյանն է աշխատում:

«Սկզբում, երբ նոր էինք, շատ դժվար էր: Փորձում էինք  փրփուրից կառչել, ելք գտնել: Հետո տեսա, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ,  ամեն ինչ իմ ուժերով պիտի անեմ:  Նույնն էլ հիմա` ոչ մեկի օգնությանը չեմ սպասում: Մարդիկ տեսնում են չէ՞ մեր աշխատանքը, եթե ուզենան օգնել, կօգնեն, էլ ինչո՞ւ առաջարկեմ, խնդրեմ»:

Սահակյանն ասում է, որ իր համար  ոգևորության աղբյուր են երեխաները, նրանց ստեղծագործությունները. «Որ տեսնում ես` երեխան սիրուն նկարում է, սիրուն գույն է դնում, ինքդ էլ ես ոգևորվում»:

Սահակյանն ասում է, որ փողի մասին չի մտածում, սակայն մրցույթների մասնակցելիս ֆինանսական դժվարություններ են ունենում. հատկապես արտասահման նկար ուղարկելը մեծ ծախսերի հետ է կապված:  Տարվա մեջ մի քանի անգամ, այնուամենայնիվ, Սահակյանի սաները տարատեսակ նկարչական մրցույթների են մասնակցում: Վերջինը եղել է 5-րդ Համահայկական նկարչական փառատոնը, որտեղ Սահակյանի 11-ամյա սանը` Ահարոն Սիմոնյանը, առաջին մրցանակի է արժանացել:

Անհատական նախաձեռնությամբ ստեղծված խմբակի համբավն  այժմ մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Եթե Նեկտար Սահակյանի սաները որևէ մրցույթի նկարներ են ներկայացնում, ապա բոլորը վստահ են, որ եթե ոչ գլխավոր մրցանակը, ապա մրցանակներից մեկը Ներքին Գետաշեն է գնալու:

Նույնը փաստում է նաև Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը:

«Այս երեխաները հրաշք են ու հեքիաթով են լցրել այս դահլիճը, բայց մենք նրանց հեքիաթ չենք պարգևել, նրանց կյանքը գյուղում դժոխք է, ցեխերի միջով են հասնում դպրոց, կիսաքանդ սենյակում են աշխատում,- ասում է Գևորգյանը:- Այն երեխան, որը հոգում գույն ունեցավ, երբեք հանցագործ չի դառնա, երբեք այս հասարակության վատը չի ուզենա, կուզենա գոնե մի բան կառուցել: Տերն է խաչն անում զորավոր, Նեկտարը գյուղի երեխաներին դարձրել է զորավոր»:

Երևանի գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, ցուցահանդեսը բացելով, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ   «Հայաստանի ընդամենը մի գյուղում  են այս պատերին կախված հրաշքները  ծնվել»:

«Այսօր գործ ունենք Նեկտար Սահակյանի հետ, մանկավարժ, որն այն խենթուկներից է, որոնք հետք են թողնում իրենց կյանքի ընթացքում,  սերունդ են դաստիարակում և ապացուցում են աշխարհին, որ հայ ժողովուրդը արվեստի և գիտության ժողովուրդ է,- ասում է Իգիթյանը:- Այս երեխաները Գետաշենում իրենց ուսուցչի տանն են պարապում, այն դեպքում, երբ կան դպրոցներ, մշակույթի տուն, որոնց պարտականությունն է դա: Տիկին Նեկտարին ոչ ոք չի վճարում իր աշխատանքի դիմաց, նա ընդամենը այդ 50-60 երեխաների սերն է վայելում»:

Իգիթյանի կարծիքով` եվրոպական զարգացած երկրներում անգամ  ցուցահանդեսի մասնակից երեխաների հասակակիցները նման արդյունք ապահովել չէին կարողանա. «այստեղ հայի գենն է խոսում»:

Նկարչությունը` ներաշխարհը պատկերելու միջոց երեխաների համար

Ցուցահանդեսի մասնակիցներից է 16-ամյա Ինգա Հոռիկյանը. այս անգամ նրա աշխատանքներից միայն մեկն է ներկայացված ցուցասրահում, չնայած ասում է, որ այլ լավ ստացված աշխատանքներ էլ ունի:  Ինգան  խմբակ  հաճախում է սկսած 2-րդ դասարանից. «Դպրոցում նկարչությունը սիրեցի: Տեսնում էի, որ մեծերը նկարչական խմբակ են գնում, անընդհատ նկարում են, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ»: Այսօր արդեն նկարչությունը Ինգայի համար կյանքի կարևոր մաս է դարձել, առանց որի դժվար է պատկերացնել առօրյան:

Խմբակի նախկին սան, 16-ամյա Նաիրա Եղիազարյանն էլ ցուցասրահում բազմաթիվ աշխատանքներ ունի ներկայացված: Նաիրան խմբակը թողել է, քանի որ մասնագիտություն ընտրելու ժամանակն է: Բայց նկարելը չի թողել:

Երբ Նաիրան առաջին դասարանում էր, մայրիկը նրան նկարչական խմբակ տարավ: Նկարչությունը հետագայում Նաիրայի համար ինքնարտահայտման միջոց դարձավ. «Նկարչությունն ինձ համար իմ հոգեվիճակն ու պատկերացումներն արտահայտելու միջոց է: Փոքր ժամանակ հեքիաթներն էի նկարազարդում, հետո արդեն վերածվեց իմ ներաշխարհը պատկերելու միջոցի»:

12-ամյա նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ ասում է, որ նկարչությունը շատ-շատ է սիրում ու մեծ սիրով է հաճախում խմբակ: Ավելի շատ նախընտրում է բնապատկերներ նկարել: Կարենի մայրը` տիկին Լիաննան, հիշում է, որ 3 տարի առաջ մի օր  տղան տուն եկավ ու  հորն ասաց, որ իր համար մոլբերտ  պատրաստի, ու հայտարարեց, որ ուզում է նկարչական խմբակ հաճախել: «Մենք  հաճույքով համաձայնեցինք: Եթե երեխան սիրում է` թող գնա: Խմբակը երեխային կտրում է շրջապատի անթույլատրելի արարքներից, ազատ ժամերին գիտենք, որ այստեղ-այնտեղ չի թափառում, այլ հաստատ նկարչությամբ է զբաղվում»,- ասում է տիկին Լիաննան:

Դիտվել է 3006 անգամ:
Print Friendly

Leave a Reply